Սեպտեմբերի 22-ին սյուրռեալիստական արվեստով հետաքրքրվողներին անակնկալ է սպասվում: Աննա Խաչատրյանն, ով արդեն 2 տարի է, ինչ զբաղվում է սյուրռեալիստական արվեստով որոշել է իր և Լիլիթ Մկոյանի հետ համատեղ ցուցահանդեսի ժամանակ, իր աշխատանքների միջոցով ներկաներին վարակել սյուրռեալիզմով: Ինչպես պատմում է Աննան՝ մարդիկ են իրեն ստիպել, որպեսզի նա զբաղվի սյուրռեալիզմով, այն իր համար հոգևոր աշխարհի արտահայտչամիջոցներից մեկն է: Ցուցահանդեսին կլինեն ինչպես արտ շոու-ներկայացումներ, այնպես էլ կտեսնեք նկարներ արդեն տպագրված վիճակում: «Ես և Լիլիթը ներկայացնելու ենք նույն աշխատանքները, պարզապես նա լուսանկարիչն է, իսկ ես՝ բեմադրողը: Ցուցահանդեսի գաղափարական մասը իմը կլինի, իսկ տեխնիկականը՝ Լիլիթինը»,- ասում է Աննան: «Այս ցուցահանդեսը նման չի լինելու մյուս բոլոր ցուցահանդեսներին,- նշում է բեմադրիչը,-մեր ցուցահանդեսն իր մեջ գաղտնիք է պարունակում, մոգական ուժ, որը կբուժի շատերի կայուն հոգեվիճակը: Մենք սյուրռեալիզմի հետնորդներ ենք , մենք չունենք բանականություն, մենք ունենք մտքեր, որոնք պարտավոր ենք կյանքի կոչել»: Ցուցահանդեսը բաղկացած է 4 մասից՝ սնունդ, պայքար, հաճույք և մահ: «Ցուցահանդեսի ժամանակ իրականացրել եմ իմ երազից հատվածներ, ինչ տեսնում եմ քնած ժամանակ և փորձում եմ իրական դարձնել. դա իմ աշխարհն է, որտեղ բոլորը կհայտնվեն մահանալուց հետո և էլ չեն վերադառնա»-նշում է Աննա Խաչատրյանը: Մասնագիտությամբ ռեժիսոր Աննա Խաչատրյանը արդեն հասցրել է նկարահանել արտ տեսահոլովակներ և ֆիլմեր: Ինչպես ինքն է ասում՝ առաջիկայում գաղափարներ կան 4 լիամետրաժ ֆիլմ նկարելու, որոնք լինելու են սյուրռեալիստական ժանրի մեջ: «Ես այս տարի ավելի հաճախ կներկայանամ ցուցահանդեսներով, այս տարի նախատեսել եմ արնվազն 5 շատ տարբեր ասելիքով ցուցահանդեսներ, որտեղ հանդիսատեսից կպահանջվի գալ և ընկղմվել այդ աշխարհ,-ասում է Աննան և հավելում,-ես երբեք չեմ փորձել զարմացնել մարդկանց, պարզապես այդպես ստացվել է, այն ինչ ես անում եմ, իսկապես զարմացնում է մարդկանց և ստիպում մտածել թե ես խենթ եմ: Ցուցահանդեսին ներկա գտնվելով կարող եմ ասել, որ բոլոր ներկաները հոգեպես կայունություն ձեռք կբերեն և կմաքրագործվեն սա է ցուցահանդեսի հիմնական նպատակը»:
Օվսաննա Սիմոնյան