«Պա-ռա-յա,՜ բա-ցում ե՜մ, ում, որ տե-սա թը-քում եմ» հենց այս նախադասությունն էր մեր մանկության կարևոր բաղադրիչներց մեկը: Էլ ի՞նչ մանկություն, եթե գոնե մեկ անգամ քեզ «չեն թքել» կամ չես փորձել «թու պեչատով» կանոններ ամրագրել մանկության ամենաբարի օրենսգրքում: Ո՜ւր մնացին «պահմտոցին», «յոթ քարը», «կարմիր կոճակը», «գետնից բարձրն ու ցածրը»:
28-ամյա Արմինե Նահապետյանը հիշում է, որ բակում խաղում էին «տըզ», «չլիկ-դաստա», «էշ-միլիցա», «քարկտիկ», «բանկա-փլավ»: «Բանկա- փլավ խաղալու համար կանսերվայի բանկաներ էինք հավաքում և շարում էինք, նա, ով պիտի փակեր, կանգնում էր էդ բանկաների դիմաց, մեկը գալիս էր, դրանք ուժեղ տշում էր: Իսկ հիմա, ո՞ր երեխան կթողնի իր համակարգիչն ու կիջնի դուրս, օրինակ՝ քարկտիկ խաղալու»,- ասում է նա:
Ազգագրագետ Հռիփսիմե Ասատրյանը նշում է, որ ժողովրդական խաղերը մինչև այսօր էլ պահպանվել են` ենթարկվելով ժամանակին համապատասխան փոփոխությունների:
«Հնում յուրաքանչյուր տոն ուներ իրեն բնորոշ խաղ, օրինակ՝ պահպանվել է ձվախաղը, որը պարտադիր խաղում են Սուրբ Զատիկին»,-ասում է Հռիփսիմե Ասատրյանը:
Ինչպես նա նշում է, օրինակ՝ Բրազիլիայում կազմակերպվում են դիմակահանդեսներ, այդպես էլ մենք ենք հնում Բուն բարեկենդանի ժամանակ կազմակերպել դիմակահանդեսներ, թատերախաղեր.
«Բուն բարեկենդանի ընթացքում տեղի ունեցած խաղերը պահպանվել են մինչև 19 դարի 2 կեսը»,-ասում է ազգագրագետը`նշելով, որ յուրաքանչյուր խաղ ունի խորհուրդ. Օրինակ՝ ծիսական խաղերից էր լախտին, որի ժամանակ երեխաները շրջան էին կազմում, այն խորհրդանշում էր միասնություն:
«Իհարկե յուրաքանչյուր ավանդական խաղ ունի իր դաստիարակչական կողմերը,- ասում է ազգագրագետը և հավելում,- հնում խաղերի տեսքով կարողացել են որոշակի գաղափարական, կրթադաստիարակչական նշանակության խնդիրներ լուծել, այսինքն՝ սերնդին տալ որոշակի ազգային դաստիարակություն: Հիմնականում խաղացել են կենցաղային խաղեր`կրկնօրինակելով ծնողներին, օրինակ`մեզ բոլորիս քաջ հայտնի տունտունիկը հնում կոչվել է տունտուլիկ: Հնում էլ կար մամա, պապա, տատիկ, պապիկ և այսօր էլ նույն ձեևով են խաղում»:
Օվսաննա Սիմոնյան