Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատապարտյալն անձամբ պետք է ներկայացնի իր փաստարկները

Սեպտեմբեր 14,2013 13:50

Քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի դեմ

«Առավոտի» տեղեկություններով, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին են դիմել 11 տարվա ազատազրկման  դատապարտված, արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արթուր Այվազյանի ծնողները՝ Աշոտ Այվազյանն ու Նինա Շահբազյանը: Նրանք տեղեկացնում են, որ 6 տարի առաջ իրենց որդին դատապարտվել է երկարաժամկետ ազատազրկման, տուժողի հայցը՝ կապված 3 հազար դոլար գումարի բռնագանձնման  վերաբերյալ, հատուցվել է, վարույթը կարճվել է:

Հաշվի առնելով դատապարտյալի վարքագիծը, նրան տեղափոխել էին մեկուսացվածության ավելի ցածր աստիճան ունեցող քրեակատարողական հիմնարկ՝ նշանակվել է կիսաբաց տեսակի ուղղիչ հիմնարկ:

Անցյալ տարվա հոկտեմբերի 3-ի դրությամբ Արթուր Այվազյանն արդեն իսկ կրել էր պատժի 7 տարի 7 ամիս 17 օրը, մնում էր  կրելու 3 տարի 4 ամիս 13 օրը:

Ըստ ծնողների, փաստացի կրած ժամկետը թույլ էր տալիս ենթադրելու, որ դատապարտյալը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել պատժի հետագա կրումից:

Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի բնութագրի համաձայն, դատապարտյալը բնութագրվել էր միջին ռիսկայնության, ընթացիկ  գնահատումները դարձյալ միջին էին:

Քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը մերժել էր դատապարտյալի դիմումը՝ պայմանական վաղաժամկետ ազատելու մասին:

Ի դեպ, վարչական հանձնաժողովն իր մերժման որոշումը պարզաբանել էր այսպես. «Դատապարտյալն ութ անգամ թույլ է տվել կարգապահական խախտումներ, միջին ռիսկայնության է նրա վարքագիծը, քանի որ դատապարտյալը իր կատարած արարքի համար մեղավոր չի ճանաչել, անհրաժեշտ է նրան ուղղել»:

Այն, որ վարչակազմը չի կարդում ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածները, հասկանալի է, մենք երբեք էլ չհարգեցինք մեր մայր օրենքը, սակայն վարչակազմը պարտավոր էր իմանալ Եվրոպայի խորհրդի ուղիղ տասը տարի առաջ «Պայմանական ազատման վերաբերյալ» Հանձնարարականը: Այդ Հանձնարարականով սահմանվել է. «Պայմանական ազատելու մասին որոշում կայացնելու հիմքում պետք է դրվի նվազագույն  պայմաններին բավարարող բոլոր անձանց  ազատումը թույլատրելու մասին չափանիշը: Իրավասու  մարմինների վրա պետք է պարտականություն  դրվի ցույց տալ, որ ազատազրկված անձը չի բավարարում այդ չափանիշներին: Եթե իրավասու մարմինը որոշում է, որ պայմանական ազատումը  պետք է մերժել, ապա նա պետք է սահմանի այդ հարցը կրկին քննելու օրը: Բոլոր դեպքերում կալանավորները պետք է հնարավորություն ունենան հանգամանքների էական  փոփոխությունների հիմքով դիմումներ ներկայացնել»:

Դատապարտյալի ծնողները հղում էին կատարել ՄԱԿ-ի նվազագույն կանոններին, որոնք վերաբերում են խնդրո առարկային. «Պայմանական ազատման, դրանց վերացման, տարաժամկետման  մասին, դրանց  փոփոխման, ինչպես նաեւ այլ միջոցների կիրառման պայմանների մասին որոշումները իրավասու մարմինների կողմից պետք է կիրառվեն՝ հաշվի առնելով հետեւյալը.  դատապարտված անձը  պետք է հնարավորություն ունենա անձամբ ներկայացնելու իր փաստարկները, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ստանա նախատեսված ծառայություններ, որոշում կայացնող մարմիններն էլ պետք է մանրակրկիտ քննեն դատապարտյալի ներկայացրած ցանկացած փաստարկ»:

Ի դեպ, որոշումներն էլ պետք է լինեն պատշաճ, հիմնավորված:

Սակայն վարչական հանձնաժողովի կողմից Արթուր Այվազյանի հարցի քննության ընթացակարգը եղել է անորոշ, նա չի կարող իմանալ, թե ինչ իրավունքներ ունի ինքը, երբ է իր հարցը մտնում օրակարգ, ինչ պետք է ապացուցի փաստարկներով, քանի որ չգիտի, թե ինչ է ներկայացնելու քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը:

«Եթե դատարանի կողմից կիրառվող չափանիշները դատապարտյալի համար կանխատեսելի են, ապա ՔԿՀ-ի կողմից դատարան ներկայացնելու միջնորդագիրը, վարչակազմի բնութագրի տրամադրումը կամայական է»,- հայտնել են դատապարտյալի ծնողները:

Դատարանին դիմելով՝ դատապարտյալի ծնողները ակնարկում են, որ պատժի հետագա կրումը կամ պատժի սահմանումը քրեակատարողական հիմնարկի մենաշնորհը չէ, դատապարտյալին վաղաժամկետ պայմանական ազատման հարցը սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 76 հոդվածի  1-ին մասով. «Սակայն ոչ մի օրենքով, իրավական ակտով չի սահմանված, թե ինչ հանգամանքներ պետք է հաշվի առնի վարչական հանձնաժողովը, դատարան ներկայացվելիք  կամ չներկայացվելիք միջնորդության դեպքում»:

Դատարան դիմելով՝ դատապարտյալի ծնողները պահանջում են վերացնել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի որոշումը, պարտավորեցնել ՔԿՀ-ին, որպեսզի միջնորդագիր ներկայացնի անկախ հանձնաժողովին՝ Արթուր Այվազյանին պատժի հետագա կրումից ազատելու, կամ ավելի մեղմ պատժատեսակով պատժի չկրած մասը կրելու:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30