Անցյալ թատերաշրջանի սկզբում Ազգային օպերային թատրոնում մեկնարկած «Համերգ ճեմասրահում» նախագիծը հաճելի նորություն էր ու մեծ արձագանք ստացավ երաժշտասերների եւ մասնագետների կողմից: Ողջ թատերաշրջանի ընթացքում նախագծում ներգրավվեցին ինչպես թատրոնի նվագախմբի երաժիշտներից կազմված անսամբլներ եւ մեներգիչներ, այնպես էլ հրավիրված կամերային կոլեկտիվներ ու անհատ կատարողներ, այդ թվում՝ նաեւ արտերկրից:
«Առավոտը» քանիցս անդրադարձել է կայացած երեկոներին եւ նախագիծն իրականացրած երաժիշտներին, մտահղացման հեղինակ, ֆագոտահար, թատրոնի նվագախմբի արտիստ Շմավոն Գրիգորյանին եւ ՀՀ վաստակավոր արտիստ, թատրոնի երաժշտական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին, փոխանցել երաժշտասերների ափսոսանքն այն առիթով, որ համերգները «կամերային» թվով (շուրջ 50) հանդիսատեսի համար են: Հավանաբար պատճառներից մեկն էլ դա էր, որ նրանց մոտ հղացավ նոր՝ «Նվագախումբ+» նախագծի գաղափարը, որի համերգները պարբերաբար կկայանան սեպտեմբերի 18-ից:
Երեկ երկրորդ անգամ մեկնարկեց «Համերգ ճեմասրահում» նախագիծը՝ «Ջութակը օպերայում» խորագրով: Հայաստանյան երաժշտական իրականության մեջ առաջին անգամ մեկ երեկոյի ընթացքում փաստորեն ջութակը «երգեց» համաշխարհային օպերային գրականությունից ընտիր նմուշներ: Դրանք ներկայացրին Ա. Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը եւ դաշնակահար Արմինե Գրիգորյանը: Յուրաքանչյուր ստեղծագործության ավարտին հնչում էին հանդիսականի բրավոները՝ ուղղված երաժիշտների բարձրարվեստ կատարումներին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ