Մարզպետն ու մարզպետարանը խախտել են ՀՀ Սահմանադրությունը
Լրատվամիջոցները՝ այդ թվում եւ՝«Առավոտը», գրել են Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի շուրջ զարգացումների մասին: Արմավիրի մարզպետ, ՀՀԿ-ական Աշոտ Ղահրամանյանի որոշմամբ, Դաշտ գյուղի դպրոցի ՀՀԿ-ական տնօրեն Գնել Ռոստոմյանն (լուսանկարում) ազատվել է աշխատանքից եւ նրա փոխարեն նշանակվել է Սուսաննա Նազարյանը: Նազարյանը ժամանակին Էջմիածին-Վաղարշապատի թիվ երկու դպրոցի տնօրենն էր, սակայն 2011-ի փետրվարի վերջին կրթության եւ գիտության նախարարը նրան նկատողություն հայտարարեց, իսկ նույն տարվա ապրիլին՝ նախարարի հրամանով Սուսաննա Նազարյանը հեռացվեց աշխատանքից: Սուսաննա Նազարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց պաշտոնական լիազորություններն անցնելու փաստի առթիվ: Այդ մասին «Առավոտը» գրել է 10 անգամ: Այս պահին Սուսաննա Նազարյանը ազատության մեջ է, բայց ունի դատվածություն եւ աղմկոտ ու քրեական անցյալ: Արմավիրում տարածված լուրերի համաձայն, Սուսաննա Նազարյանը մտերիմ հարաբերություններ ունի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ: Այս խնդրին եւս մեկ անգամ անդրադառնալու պատճառը Գնել Ռոստոմյանն էր: Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նա որոշել է արտագաղթել: Մեզ հետ զրույցում պարոն Ռոստոմյանը հաստատեց լուրը: «Միանշանակ ճիշտ է: Արտագաղթում եմ: Ապրել պե՞տք է, թե՞ չէ: Այսօր Հայաստանում ինձ ոչ ոք աշխատանքի չի ընդունի՝ վախենալով մարզպետի երկար ձեռքից»:
Ստացվում է, որ մարզպետը նպաստո՞ւմ է արտագաղթին, մեր հարցին ի պատասխան՝ Գնել Ռոստոմյանն ասաց. «Մարզպետը արտագաղթի կազմակերպիչներից եւ երկիրն ու կուսակցությունն ապականողներից մեկն է: Նման մարդկանց դեմ պայքարելու ուժ չունեմ: 25 տարվա մանկավարժ եմ: Մարզպետից ավելի խորիմաստ ու խելացի մարդիկ էին ինձ տնօրեն նշանակել»:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Գնել Ռոստոմյանին «թույլ» որակումն էր տվել: Այս առիթով, Ռոստոմյանը հիշեցրեց իր նախկին հարցազրույցները: Այդ հարցազրույցներում Ռոստոմյանը մարզպետի հասցեին վիրավորական արտահայտություններ է թույլ տվել: «Ոչ մի արձագանք չկա: Ճակատին ասել եմ: Հիմա մեզանից ո՞վ է թույլը»,- հարցնում է Ռոստոմյանը:
Կարդացեք նաև
Գնել Ռոստոմյանը չասաց, թե ուր է հեռանում, ասաց միայն, որ ընտանիքն արդեն հեռացել է, գնում է նրանց միանալու: Սեպտեմբերի մեկի առթիվ իր ուղերձում մարզպետը նկատել է, որ դպրոցաշինության ու կրթության վերելքը մեր ազգային վերածննդի, գիտության ու մշակույթի զարգացման, ազգային ինքնագիտակցության հիմքն են: Քրեական անցյալով մարդուն նախապատվություն տալու մասին լռել է: ՀՀ Սահմանադրության 88.1 հոդվածի համաձայն՝ «Մարզպետները նշանակվում եւ ազատվում են կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են հանրապետության նախագահի կողմից: Մարզպետներն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը»: Եթե կառավարության բաղկացուցիչ կրթության եւ գիտության նախարարը Սուսաննա Նազարյանին չի տեսնում կրթական համակարգում, իսկ մարզպետը նրան տեսնում եւ վերականգնում է, ստացվում է՝ մարզպետը խախտում է ՀՀ Սահմանադրության 88.1 հոդվածը: Տեղի ունեցածը պարզաբանելու գրավոր՝ էլեկտրոնային հարցում ենք ուղարկել Արմավիրի մարզպետարան: Ուզում էինք պարզել, թե ինչու է տնօրեն նշանակվել կրթության նախարարի հեռացրած, դատարանի դատավճռով դատապարտված Սուսաննա Նազարյանը: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պարզաբանման համաձայն, «մարզպետարանում չկա որեւէ ապացույց, որ Սուսաննա Նազարյանը դատարանի կողմից կայացված դատավճռով դատապարտվել է»: Չնայած սրան, մարզպետարանը տեղյակ է Սուսաննա Նազարյանի անցյալի այլ կետի՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նրան չի հեռացրել, ուղղակի աշխատանքային պայմանագրի ժամկետի լրացման ավարտին նոր պայմանագիր չի կնքել: Դե, իսկ աղմկոտ անցյալով անձին նախապատվություն տալու մասին էլ Աշոտ Ղահրամանյանը նկատել է՝ Սուսաննա Նազարյանը դեռ տնօրենի պաշտոնակատար է, իսկ տնօրենի տեղի համար մրցույթին կկարողանա մասնակցել առաջադրվող պահանջները բավարարող ՀՀ ցանկացած քաղաքացի:
Այսպիսին են մեր պաշտոնյաների նախասիրությունները, դրա համար Սուրիկ Խաչատրյանը դառնում է մարզպետ, իսկ Սուսաննա Նազարյանը՝ տնօրեն՝ առայժմ պաշտոնակատար «հավելումով»:
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
ամեն ինչ պարզ էր բացի մի բաից՝ սա կրության բաժնում ի՞նչ գործ ունի