Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակակոռուպցիան» Երվանդ Զախարյանի կողմից «փողերի լվացման» փաստեր կներկայացնի

Սեպտեմբեր 14,2013 13:59

Նախկին ճանապարհաշինարարի ոդիսականը

 

«Ունենք կոնկրետ փաստեր՝ նախկին բնակիչների հետ կապված, թե, ասենք, ինչպես  է նույն որակի, նույն տարածքում, նույն փաստաթղթերի առկայության պարագայում մի քաղաքացու տրվել է մի գումար, իսկ մեկ ուրիշի գրպանը գնացել է տասնյակ անգամ ավելի գումարներ: Այստեղ փաստացի առկա է փողերի լվացման մի ամբողջ փաթեթ: Ես չգիտեմ, թե լավագույն ճարտարապետ Նարեկն ինչպե՞ս է գնացել դրան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հակակոռուպցիա» կազմակերպության համակարգող Գառնիկ Մարգարյանը: Նա տեղեկացրեց, որ օրերս իրենք հանդես կգան մամուլի ասուլիսով եւ կներկայացնեն Բուզանդի փողոցի, Հյուսիսային պողոտայի չարաշահումների վերաբերյալ մի շարք փաստեր, որոնք ուղղված են նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ ճարտարապետ Նարեկ Սարգսյանի դեմ: Պարոն Մարգարյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունն արդեն իսկ դիմել է տարբեր եվրոպական կառույցների՝ հորդորելով հայաստանյան մի շարք նախկին եւ ներկա գործիչների մուտքն իրենց երկրներ արգելել: Կից ներկայացվել են նրանց գործունեության մասին ծավալուն փաստաթղթեր: Գառնիկ Մարգարյանը հույս ունի, որ իրենց կուտակած տեղեկությունները ժամանակին քննիչների համար բավականին հարուստ բազա կծառայեն, ու այդ չինովնիկները պատասխանատվության կենթարկվեն:

«Հակակոռուպցիան» իր վարույթ է ընդունել Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի պաշտոնավարման ընթացքին առնչվող մի գործ եւս: Այս անգամ՝ ճանապարհաշինարարության ոլորտում: Դիմողը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Ճանշին» ԲԲԸ նախկին տնօրեն Վահան Առաքելյանն է: «Առավոտը» քանիցս անդրադարձել է պարոն Առաքելյանի շուրջ ընթացող զարգացումներին: Առաջին անդրադարձը եղել է 2002 թվականի հուլիսի 10-ին, երբ արհեստականորեն սնանկ ճանաչվեց նրա ղեկավարած կազմակերպությունը, իսկ ճանապարհաշինարարական մրցույթին մասնակցելու նախապատվությունը տրվեց Հայաստանում չգրանցված իրանական մի անհասցե կազմակերպության: 2004-ի մարտի 11-ին Առաքելյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Առաքելյանը եղել է ՀԺԿ անդամ, 1999-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում գնդակահարված Կարեն Դեմիրճյանի կնոջ քրոջ ամուսինն է: 2010-ի մայիսին Վահան Առաքելյանի դատվածությունը հանվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ:

Առաքելյանի նկատմամբ հետապնդումները շարունակվել են նաեւ կալանավայրում, ինչի մասին առավել հանգամանալից հրապարակում է եղել «Առավոտի» 22.10.2010-ի համարում: Բերենք ընդամենը մի դրվագ. Առաքելյանը կալանավայրից նամակ-դիմում է հղում պատկան մարմիններին. «ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայավտոճան» ՊՓԲԸ տնօրեն Կարեն Գեւորգյանը 5 հոգուց բաղկացած խմբով «Ջիպ» մակնիշի 066 ԼԼ 01 պետհամարանիշի իր ավտոմեքենայով հանդիպել է մի քաղաքացու՝ ճանաչողության համար, 50 000 դոլար վարձավճարի դիմաց անձամբ պատվիրել է ինձ ֆիզիկական ոչնչացման ենթարկել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում»:

Առաքելյանը «Հակակոռուպցիային» ուղղած իր նամակում նկատում է, որ Երվանդ Զախարյանի՝ վարչապետ Քոչարյանի հրամանագրով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար նշանակվելուց հետո «Հայավտոճան» ՊՓԲԸ տնօրեն Կարեն Գեւորգյանի գործուն մասնակցությամբ ճանապարհաշինարարության ոլորտում գործի է գցվում «կաշառքի մեխանիզմը». «Ճանապարհաշինարարության մեջ գումարային ատկատների զգալի մասը իրականացվել է այն ժամանակվա «Հայավտոճան» ՊՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Գեւորգյանի մասնակցությամբ: Մերկապարանոց հայտարարություններ չանելու համար բերեմ մի կոնկրետ օրինակ. 2010-ին ՀՀ ՎՊ-ի կողմից ստուգվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից իրականացված ավտոճանապարհների հիմնանորոգման 2007-08թթ. իրականացված ծրագրերը: Նշված ժամանակահատվածում իրականացվել են 5 միլիարդ 31 միլիոն դրամի ճանապարհաշինարարական աշխատանքներ: Արդյունքում պարզվել է, որ 354 միլիոն դրամի չափով խախտումներ են հայտնաբերվել՝ ծավալային հավելագրումների, անարդյունավետ ծախսեր եւ անորակ աշխատանքներ կատարելու տեսքով: Սա հերթական աղաղակող բացահայտումն էր: Արդյունքում այդ ժամանակվա «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Գուորգյանն առանց քրեական պատասխանատվություն կրելու՝ իր դիմումի համաձայն ազատվում է աշխատանքից»: Նամակագիրը գրում է, որ այդ «յուրացրած» գումարներով Կարեն Գեւորգյանը սեփականաշնորհում է Կորյունի 21 հասցեում գտնվող «ՀՀ ավտոմոբիլային եւ շահագործման» նախարարության շենքը՝ ձեւակերպելով իր աղջկա անունով: Նաեւ, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, զգալի պայմանագրային խախտումներ է կատարում՝ ստիպելով «Ճաննախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Բադալյանին փոփոխել լաբորատոր փորձարկման արդյունքները, ինչի պատճառով սնանկացվում է «DCY1», 60 տարվա պատմություն ունեցող «Երեւանի ճանշին» ԲԲԸ-ն:

Ժամանակին պատկան մարմինները չեն արձագանքել այս առիթով մամուլի հրապարակումներին: Ինչեւէ, Առաքելյանը «Հակակոռուպցիային» ուղղված իր դիմումը խնդրում է ընդունել իբրեւ հայտարարություն՝ հանցագործության մասին: Նա հույս է կապում վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ վերջերս արած այն հայտարարության հետ, որ եկել է բյուջեի չարաշահումների մասով պատասխան տալու ժամանակը, եւ որ իրավապահ մարմինները պետք է լրջորեն ուսումնասիրեն ՎՊ-ի հաղորդագրությունները:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artush says:

    Ճարտարապետին ինչու եք խառնել, չհասկացվեց: Նա նախագիծն է անում, իսկ բնակիչների հետ տների գումարային հարցերով զբաղվում էր «Ծիգը», որը ըստիս ենթարկվում էր քաղաքապետին:

  2. geqham says:

    Հարգելի Գ. Մարգարյան, ձեզ ծիծաղելի վիճակի մեջ մի դրեք: Նարեկ Սարգսյանը ճարտարապետ է, նախագծող և որևէ իրացման տարածքի բնակչի փոխհատուցման հետ երբևէ կապ չի ունեցել: Չէր կարող ունենալ, հասկանում եք? Գումարային հարցերը այլ տիրույթում են: Իսկ Բուզանդի իրացման շրջանում նա ընդհանրապես քաղաքապետարանում չէր աշխատում: Այնպես որ, ձեր ասուլիսին ուրիշ եղանակով շառմ հաղորդեք…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30