Аmerikayidzayn.com․ «Հայաստանում խաղաղ ցուցարարների դեմ հարձակումների թվի կտրուկ աճն ըստ էության ակտիվիստների ահաբեկմանն ուղղված համաձայնեցված գործողությունների արդյունք է, որը պետք է ենթարկվի արդյունավետ հետաքննության»:
Նման հետաքննության անհրաժեշտության մասին Հայաստանի ոստականապետին և Հատուկ քննչական վարչության պետին ուղղված նամակում նշել է «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը, որի համաձայն Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկեն հարձակումներն իրականացրած անձանց և հասկանալի դարձնեն բոլորի համար այն, որ խաղաղ ցույցի իրենց իրավունքից օգտվող մարդկանց դեմ ուղղված ցանկացած տեսակի բռնություն չի հանդուրժվի:
«Human Rights Watch»-ի համաձայն, վերջին երեք շաբաթվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած երեք միջադեպերի ընթացքում հարձակումներն ուղղված են եղել հինգ ակտիվիստի դեմ: Միջադեպերից յուրաքանչյուրի ընթացքում քաղաքացիական հագուստ կրող անձինք ցուցարարների դեմ հարձակումներ են իրականացրել օրվա ուշ ժամերին այն բանից հետո, երբ ցուցարարները հեռացել էին Երևանում՝ քաղաքապետարանի կամ իշխող Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ անցկացված բողոքի ցույցերի վայրերից:
«Եթե ցուցարարների դեմ ուղղված հարձակումները շարունակում են տեղի ունենալ նրանց տան ճանապարհին, ապա դա ըստ էության պատահականություն չէ», – ասել է «Human Rights Watch»-ի Հարավային Կովկասի գծով ավագ վերլուծաբան Գիորգի Գոգիան՝ հավելելով. «Ոստիկանությունն ու Հայաստանի պետական այլ մարմինները պետք է պատրաստ լինեն հստակ հասկացնելու, որ իրենք նախատեսում են վերջ դնել այս հարձակումներին, մեկնարկել արդյունավետ հետաքննություն, որի արդյունքը կլինեն հարձակումները գործած անձանց ձերբակալությունն ու մեղադրանքների ներկայացումը»:
Կարդացեք նաև
«Human Rights Watch»-ի կողմից փաստաթղթավորված բոլոր դեպքերում ոստիկանության ծառայողներն ընդունել է տուժածների բողոքները, մեկ դեպքում ոստիկանության աշխատողները նույնիսկ դեպքի վայր էին ժամանել: Տուժածները սակայն հայտնել են «Human Rights Watch»-ին, որ իշխանությունները չեն շարունակել հետաքննությունը նույնիսկ այն դեպքում, երբ տուժածներից մեկը նույնականացրել էր իր վրա հարձակում կատարածին:
Մանրամասները կարդացեք՝ Аmerikayidzayn.com կայքում