«Սուբյեկտիվ պոեզիա է, որ ներկայացնում եմ օբյեկտիվ հասարակությանը, թե ով ինչ կվերցնի դրանից` դա իմ կամքից դուրս է: Ես արդեն էլ չկամ այդ գրքի մեջ, որպես այդպիսին»,-այսօր Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում երիտասարդ գրող Գոռ Հարությունյանի «Կոլաապս» գրքի շնորհանդեսն էր:
Գրքի հեղինակը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր հոգեվիճակից ելնելով է ժողովածուին վերնագիր ընտրել: Ըստ նրա, լինելով դասականի կողմնակից` դեմ է նորարարություններին: Գոռը դժվարացավ, որեւէ դասականի առանձնացնել, որը որ նրան ոգեշնչման աղբյուր է եղել: Նշեց միայն Չարենցին, որպես բոլոր ժամանակների չափանիշ:
Գոռի կինը` Կլարա Թովմասյանը, որը սպասում է իրենց առաջնեկին, Aravot am-ի հետ զրույցում ասաց, որ չի բացառվում, երեխան հենց այսօր լույս աշխարհ գա, քանի որ ինքը ամուսնու` Գոռի հաջողությունից շատ հուզվել է: «Կոլապսը» Գոռի առաջին ժողովածուն է:
Կարդացեք նաև
«Գոռի պոեզիան հասուն, կայացած մարդու պոեզիա է, ու մենք կարիք ունենք սնվել ժամանակակից ստեղծագործություններով, որովհետեւ դասականները լավն են, գեղեցիկ են, բայց պետք է նոր շունչ մեր երիտասարդներիս,-նշեց «Մեսրոպ Մաշտոց» խոսքի մշակույթի կենտրոնի անդամ Լիանա Սահրադյանը: Գոռի խոսքերով էլ. «Շատ կարեւոր է այս գովասանքի մեջ մնալ այնպիսին, ինչպիսին կաս, չընկնել կոլապսի մեջ, ընկնելուց էլ արթնությամբ ավարտվի այդ վիճակը»:
Նա իր բանաստեղծությունները վերնագրել էր` «Կգա ժամանակ», «Հայտնություն», «Անքնություն», «Կլարային»:
Անուշ ՄԱԹԵւՈՍՅԱՆ