«Ինձ համար Մաքսային միություն մտնելը և եվրոպական ասոցացման համաձայնագիրը ստորագրելը այսպես ասած ողջախոհ քայլ չէր նախագահի կողմից: ՀՀ նախագահը չորս տարի բանակցություններ էր վարում Եվրամիության հետ, իսկ հետո հապճեպ որոշում է կայացնում և գնում դեպի Ռուսաստան»,-Aravot.am-ի հարցին՝ արդյո՞ք ճիշտ էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը, այսպես պատասխանեց ՀԱԿ երիտասարդական կազմակերպության անդամ Գուրգեն Ասատրյանը: Նա նշեց, թե չգիտենք ՝ Մաքսային միությունն ինչ է մեզ ասում: Հետո շարունակեց.«ՀՀ նախագահը պարտավոր էր ժողովրդին ներկայացնել, թե ինչ է Մաքսային միությունը, բայց դա չարեց»:
Հարցին՝ իշխանությունը սխալն ուղղելու շանս ունի՞, Գ. Ասատրյանը պատասխանեց. «Չունի, քանի որ այն լեգիտիմ չէ, չի ընտրվել ժողովրդի կողմից: Իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պռավալ է տվել ողջ արտաքին քաղաքականությունը»: Նա, մատնանշելով այն, որ իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես Շավարշ Քոչարյանը, Տիգրան Սարգսյանը, այլ բան են ասում, Սերժ Սարգսյանը՝ այլ, խոսում է իշխանության խեղճ վիճակի մասին: Ըստ Գ. Ասատրյանի՝ ՀՀ-ն արդեն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կորցրել է իր միջազգային հեղինակությունը և միակ ելքը իշխանափոխությունն է:
«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը ևս կարծում է, որ ՀՀ իշխանությունները չպետք է ստորագրեին Մաքսային միության պայմանագիրը: Այնուհետև շարունակեց. «ՀՀ ղեկավարությունը նման իրավասություն չուներ ՀՀ ինքնիշխանությունը հանձնել այլ վերպետական կառույցի: Եթե անգամ ինքնիշխանության ցածր մակարդակի մասին խոսք լիներ, այդ դեպքում ևս դժգոհություն կհայտնեինք: Սակայն Մաքսային միությունը վտանգ է ներկայացնում, այդ պատճառով էլ բացասական գնահատական ենք տալիս: Այս իրավիճակում փրկությունը ՀՀ կենտրոնական պետության ձևավորումն է, որը այս քսան տարիների ընթացքում էլ չեղավ»:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Տարոն Պարսամյանը արդարացված է համարում ՀՀ նախագահի որոշումը: Նա, մասնավորապես փոխանցեց.«ՀՀ նախագահը վերջին ստորագրությամբ հաստատել է այն ցանկության մասին, որ մենք կմտնենք Մաքսային միություն: Այսինքն՝ չի ստորագրվել Մաքսային միության անդամակցության հարցը: Ինքս արդարացված եմ համարում այդ որոշումը, քանզի ռազմական ոլորտից են պրոյեկտվում տնտեսական և այլ ոլորտները: Այս հարթության վրա տեղին է հիշեցնել, որ մենք արդեն ՀԱՊԿ անդամ էինք, որը նույնպես ՌԴ անմիջական վերահսկողության ներքո է գործում: Այն մարդիկ, ուժերը, ովքեր քննադատում են որոշումը, ես նրանց երկու խմբի եմ բաժանում. մարդիկ, որոնք քաջ գիտակցում են, որ նորմալ պրոցես էր, սակայն իրենց դիրքից ելնելով բացասաբար էին արտահայտվում, մյուս խումբն այն մարդիկ են, ովքեր պարզապես ինֆորմացվածության պակաս ունեն»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ՀՀ նախագահն իրավունք ունե՞ր այսպես անսպասելի հայտարարելու այդ որոշման մասին, Տարոն Պարսամյանը պատասխանեց. «Սա անսպասելի չէր, նման քննարկումները մեկ տարուց ավելի էր մամուլում շրջանառվում էին: Նախագահը չի վերջնաստորագրել պայմանագիրը և առաջիկայում ԱԺ-ում դա քննարկվելու է: Անիմաստ է խոսել անսպասելիության մասին, քանի որ քաղաքական պրոցեսներից հասկացողներին պարզ էր, որ մեր գլխավոր ռազմական երաշխավոր ՌԴ-ի հետ համագործակցային պրոցեսներն էլ ավելի իրատեսական են, քան եվրոպական ընտանիքի հետ, այն էլ հարց է Խորը և համապարփակ առևտրի գոտի մտնելը ինչ հետևանքներ կունենար: Սա ես արկածախնդրային եմ համարում: Ի՞նչ է արդյոք ՆԱՏՕ-ն, որը եվրոպական ընտանիքի գլխավոր ռազմական գործիքն է, կարո՞ղ է այն երաշխիք լինել մեզ համար, այն դեպքում, երբ մեծությամբ երկրորդ բանակը Թուրքայինն է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ