Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակում Երևանում այսօր տեղի է ունեցել կրթության նախարարների հանդիպում, որին մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուի, ԵՄ Խորհրդում նախագահող Լիտվայի կրթության և գիտության նախարար Դաինիուս Պավալկիսի, Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեի, Ուկրաինայի կրթության և գիտության փոխնախարար Եվգենի Սուլիմայի, Մոլդովայի կրթության փոխնախարար Լորետա Հանդրաբուրայի, Բելառուսի կրթության և գիտության փոխնախարար Վիկտոր Յակժիկի և Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունները:
Միջոցառմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամմադ Գուլիևը և դեսպան, Եվրամիությունում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ֆուադ Իսգանդարովը: Հանդիպման սկզբում ԵԲԿՏ հայաստանյան քարտուղարության ղեկավար Գայանե Հարությունյանը ներկայացրել է ՙԲոլոնյան գործընթացի վերջին զարգացումներն ու մարտահրավերները՚ թեմայով զեկույցը: Այնուհետև պատվիրակության ղեկավարները ներկայացրել են իրենց երկրներում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը, Բոլոնիայի գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև եվրոպական միասնական կրթական տարածքին ինտեգրվելու խնդիրները: Իր զեկույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի կրթության ոլորտի մարտահրավերները նույն են, ինչ եվրոպական շատ երկրներում՝ հիմնական շեշտը դնելով Բոլոնյան գործընթացի շրջանակում իրականացվող բարեփոխումներին: Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է բուհերի ինքնավարության, ուսանողների իրավունքների, բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների և բուհերի արդիականացման խնդիրներին: Արմեն Աշոտյանը նաև նշել է, կրթության ոլորտում պետք է ընդլայնել հասարակական սեկտորի ներգրավվածությունը, ինչպես նաև առավել ակտիվ լրացնել բիզնեսի և կրթության միջև եղած անջրպետը՝ ինչպես տնտեսության զարգացման, այնպես էլ աշխատաշուկա-կրթություն կապի ամրապնդման համատեքստում: Իր զեկույցում նախարարն անդրադարձել է կրթության ոլորտում միջազգային աջակցության խնդրին՝ նշելով, որ առանց վերջինիս՝ ավելի դժվար կլիներ հաղթահարել ոլորտում առկա մարտահրավերները և խոչընդոտները: Վերջում Արմեն Աշոտյանը նշել է նաև ՙուղեղների արտահոսքի՚ խնդիրը՝ ընդգծելով, որ բոլոր երկրները պետք է ստեղծեն հնարավորություններ, որպեսզի երիտասարդները վերադառնան և աշխատեն՝ հօգուտ իրենց երկրների առաջխաղացման: Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել բոլոր պատվիրակություններին՝ հնչեցրած զեկույցների և առաջարկների համար:
Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուն ներկայացրել է զեկույց` նոր Էրազմուս+ ծրագրի և Հորիզոն 2020 ծրագրի շրջանակներում Մարի Սկլոդովսկա Կյուրի գործողության վերաբերյալ: Հանձնակատարը նաև անդրադարձել է կրթության որակի, բուհերի վարկանիշավորման, կրթության միջազգայնացման, բուհերի արդիականացման, ինչպես նաև ուսանողների շարժունության խնդիրներին:
Հանդիպման շրջանակում կազմակերպվել է կլոր-սեղան քննարկում` բարձրագույն կրթության բարեփոխումների և առկա մարտահրավերների, ոլորտում պետության դերակատարության վերաբերյալ:
Մասնակից երկրների պատվիրակությունները ներկայացրել են զեկույցներ` հետևյալ թեմաներով.
ՏԵՄՊՈՒՍ և Էրազմուս Մունդուս ծրագրերի շրջանակներում իրականացվող կրթական և վերապատրաստման ծրագրերի դերը ԱլԳ անդամ-պետությունների բարձրագույն կրթության համակարգերի բարեփոխումների վրա:
Համալսարանական ուսումնական ծրագրերի արդիականացումը, դասավանդման նոր մեթոդները և համալսարան-բիզնես ոլորտ համագործակցությունը. որակի ապահովման նպատակով եվրոպական չափորոշիչների և կանոնակարգերի վերանայումը և ԱլԳ անդամ-պետություններում փոխճանաչման ընթացակարգերի բարելավումը:
Երևանյան նախաձեռնություն՝ ԱլԳ անդամ-պետությունների համալսարանների միասնական վարկանշային համակարգի ստեղծում, ԱլԳ անդամ-պետությունների ցանցային համալսարանի հիմնում:
Օտարերկրյա ուսանողներին ներգրավելու նպատակով շարժունության և միջազգայնացման ռազմավարություններն ու քաղաքականությունը (կրթաթոշակային ծրագրեր, երկկողմ համաձայնագրեր, փոխճանաչման գործիքների կիրարկում և այլն): Ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի շարժունության (դեպի դուրս՝ այլ երկրներ և ներս՝ այլ երկրներից տվյալ երկիր) հիմնական խոչընդոտները:
Հայաստանի կրթության և գիտության նախարարություն