Այսօր Aravot.am-ը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Հայաստանն անդամակցում Մաքսային միությանը, ի՞նչ պետք է ընդօրինակենք այդ պետություններից՝ Լուկաշենկոյից, Նազարբաեւից: Ընդդիմադիրները գտնում են, որ դրանք այն երկրներն են, որտեղ նախագահները ընտրությունների միջոցով չեն ընտրվել ու Հայաստանը դառնում է այդ ընտանիքի անդա՞մ: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դա ընդամենը տեսակետ է: Մեկը կարող է իրականություն համարել, մեկը՝ անհեթեթ բան: Դրանք պետություններ են, որոնք իրենց նախագահներն ունեն, եւ անկախ նրանից, թե ինչպիսի մտածողություն ունեն, այդ նախագահները պատասխանատվություն ունեն: Բացի դրանից, մոռանում են, որ մենք դեռ Մաքսային միություն մտնելու համար քայլեր ենք ձեռնարկում, ոչ մի ձեւակերպված փաստաթուղթ լինել չի կարող: Նախագահն ասել է քաղաքական մոտեցումը, որ մենք ուզում ենք ընդգրկվել Մաքսային միություն: Ռուսաստանը աջակից եղավ: Հիմա դեռ պիտի քննարկումներ գնան Ղազախստանի եւ Բելառուսի հետ, նոր դրանից հետո արդեն պիտի փորձագետներն աշխատեն: Մենք դեռ պիտի տեսնենք՝ մտնելուց մեր շահաբաժինը ո՞րն է: Երբ կգան փաստաթղթեր ստորագրելու, արդեն քաղաքական դաշտը, հանձինս ԱԺ-ի, պիտի քննարկի: Եթե ձեռնտու կլինի՝ կմտնենք, եթե ոչ՝ չենք մտնի: Բայց մենք համոզված ենք, որ մեզ ձեռնտու է լինելու»:
Մեր դիտարկմանը, որ Ղազախստանը ճանաչո՞ւմ է ԼՂՀ-ն, այդ երկրի հետ ինչպե՞ս է Հայաստանը նույն ընտանիքի մաս կազմելու՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Տնտեսական նայեք այդ դեպքում, քաղաքական երբեք մի նայեք: Ինչի Եվրոպան ճանաչո՞ւմ է ԼՂՀ-ն: Ես կարծում եմ, դա հենց Ղարաբաղի անվտանգության խնդիրն է»:
Մեր հարցին՝ ի՞նչ երաշխիք է տալիս Ռուսաստանը ԼՂՀ անվտանգության հետ կապված, եթե զենք է վաճառում Ադրբեջանին՝ Պարոն Սահակյանը պատասխանեց. «Այսօր էլ, երեկ էլ մեր ամբողջ զինանոցը ռուսական բանակի զինանոցն է: Նոր պայմանագիր է գալիս, որ Ռուսաստանի զենքի արտադրությունից ուղիղ ճանապարհով կարող է օգտվել միայն Հայաստանը: Մենք այս տարիներին երեւի կրկնակի, քառակի ավելի շատ զենք ենք ձեռք բերել Ռուսաստանից, քան Ադրբեջանը, բայց Եվրոպայից չենք ձեռք բերել, չի եղել այդ ճանապարհը: Երկրի անվտանգությունն ամենակարեւոր խնդիրն է: Պատերազմը չի վերջացել»:
Մեր հարցին՝ Վլադիմիր Պուտինը պատժե՞ց Սերժ Սարգսյանին ինչ-որ բանի համար, երբ զենք վաճառեց Ադրբեջանին՝ նա պատասխանեց. «Ոչ, զենք արտադրող պետություն է, իր շահերն էր: Մենք միշտ մտածում ենք, որ Ռուսաստանը այնքան պարտական է մեզ, որ մեզնով զմայլված՝ առաջ է շարժվում: Նա իր շահերն ունի: Մենք էլ մեր փոխհարաբերություններում մեր շահերն ունենք: Կոմունիստների ժամանակ ասում էինք՝ եղբայրական, իհարկե, ածանցյալ բաներ կան, որ մեր ժողովուրդները բարեկամներ են, բայց դիվանագիտական առումով դա չէ, կոնկրետ շահն է պետության: Մենք կոնկրետ շահ ենք տեսնում այստեղ»:
Կարդացեք նաև
Մենք ճշտեցինք՝ ընդունո՞ւմ եք, որ Եվրոպան հիասթափված է եւ խաբված է իրեն զգում Սերժ Սարգսյանից՝ նա չհամաձայնեց. «Ոչ: Դուք տեսե՞լ եք որեւէ դեսպան արտահայտվի այդ մասին: Սպասեք, շատ բաներ կպարզվեն»:
Ասում են, որ Մաքսային միություն մտնելը Հայաստանի ներքին կյանքում էլ խժդժություններ է առաջացրել օլիգարխների շրջանում: Ում բիզնեսը կապված է Եվրոպայի հետ, կտրականապես դեմ է Սերժ Սարգսյանի որոշմանը, ում բիզնեսը Ռուսաստանի հետ է կապված՝ միայն նրանք են ողջունում: Այս առնչությամբ Գալուստ Սահակյանն ասաց. «Մեր ամբողջ տնտեսությունը 70 տարի ներկայացված է եղել ՌԴ-ի հետ, եւ չեմ կարծում ինչ-որ մի բան փոխվել է: Դուք մտածում եք, թե Եվրոպան շահագրգիռ չի՞, որ իր մոտից ներկրումներ արվեն: Խնդիրը նրանում է, որ մենք Եվրոպա արտահանման ապրանքներ չունենք համապատասխան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ