Լրահոս
Օրվա լրահոսը

Հարեւանը օբյեկտ կառուցելով՝ փակել է Դիլիջանի բնակչուհու «արեւը»

Սեպտեմբեր 13,2013 18:55

Դիլիջանի քաղաքային գրադարանի աշխատակից,  Շահումյան փողոցի 8-րդ շենքի 2-րդ հարկի բնակչուհի Սիրամարգ Մանուկյանը բազմաթիվ ատյաններ է դիմել  նույն շենքի առաջին հարկի հարեւան Վարդան Սարիբեկյանի կողմից շենքի հարակից տարածքում կառուցված օբյեկտի դեմ:

Դիլիջանի քաղաքապետի 2007թ. օգոստոսի 3-ի որոշմամբ Վ. Սարիբեկյանին  վերոհիշյալ շենքի հարակից տարածքում, կառուցապատման նպատակով հատկացվել է 20 քառակուսի մետր հողամաս՝ առեւտրի սրահ կառուցելու  նպատակով: 2012թ. դեկտեմբերի 10-ին Դիլիջանի քաղաքապետի կողմից տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք, որի հիման վրա մշակվել է նախագիծ, 2012թ. դեկտեմբերի 25-ին՝ տրվել  շինթույլտվություն: Ս. Մանուկյանը դիմել է Դիլիջանի քաղաքապետարան, քաղաքաշինության նախարարին, ՀՀ նախագահին, բողոքելով, որ կառուցվող  սրահի երկրորդ հարկը  փակում է  իր բնակարանի լուսավորությունը եւ տեսադաշտը:  ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ  Ս. Հայրապետյանը ՀՀ քաղաքաշինության նախարարության «թեժ  գծին» Ս. Մանուկյանի ահազանգի կապակցությամբ  2013թ. ապրիլի 18-ին   Մանուկյանին գրավոր  հայտնել է. « Հարեւան բազմաբնակարան շենքի բնակարանների բնական ինսոլյացիայի պահպանման պահանջներից ելնելով՝ նախագծով ներկայացված +7.260 առավելագույն բարձրությունն իջեցվել է +6.560 նիշի եւ նշված փոփոխությունը համաձայնեցվել է  Դիլիջանի քաղաքապետի կողմից»:

SAM_5773

2013թ. սեպտեմբերի 9-ին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին ուղարկած դիմումի մեջ Ս. Մանուկյանը հայտնել է . «Ձեր կողմից իմ ներկայությամբ հանձնարարական է եղել հնարավորին չափով իջեցնել, որպեսզի չխանգարի: Ճարտարապետն իմ ներկայությամբ հանձնարարում է  իջեցնել մեկ շարք եւ անմիջապես իջեցվում է, իսկ հաջորդ օրը նկատում եմ, որ նորից բարձրացվում է (իսկական ներկայացում):

Սիրամարգ Մանուկյանը խնդիրը լուսաբանելու խնդրանքով դիմել է՝ «Առավոտի» թղթակցին: Եղանք  նշված վայրում,  առեւտրի օբյեկտի  տանիքն արդեն դրված էր: Ս. Մարգարյանի պատի տակ, բակում թափված էին Վարդան Սարիբեկյանին պատկանող զանազան շինանյութեր: Առեւտրի սրահի շինարարությունը ղեկավարող Վ. Սարիբեկյանը մեզ ասաց, որ ինքն օրինական է գործում, որ բոլոր հարցերով պետք  է դիմել Դիլիջանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Նվեր Դանիելյանին:  Ս. Մանուկյանի հետ այցելեցինք քաղաքապետարանի պաշտոնյային: Վերջինս ասաց, որ տեսադաշտի վերաբերյալ քաղաքաշինական նորմ չկա: Նրա խոսքերով, կառուցվող նոր օբյեկտները նաեւ աշխատատեղի, զբաղվածության հարց են լուծում, որ դրանց տեսքը  ներդաշնակ է  քաղաքի ճարտարապետական դիմագծին:  Ս. Մանուկյանի բնակարանի բնական ինսոլյացիայի (արեւի ճառագայթների ներթափանցում) մասին Ն. Դանիելյանն ասաց, որ քաղաքաշինության տեսչության աշխատակիցների եզրակացությունից հետո կառույցի բարձրությունը   70 սմ-ով իջեցվել է: Նրան հարցրինք՝ արդյո՞ք իջեցվել է: Ն. Դանիելյանն ասաց, որ  Վարդան Սարիբեկյանը  զգուշացվել է,որ  իջեցնի, ինքը հավատում է, որ այդ գործն արվել է: Բաժնի պետին հարցրեցինք, թե ինչո՞ւ  ինքը  տեղում չի  ստուգում, չափում:

SAM_5774

«Ես գնամ շլա՞նգ պահեմ, դրա համար գեոդեզիական գործիք  է պետք»,- արձագանքեց  Նվեր Դանիելյանը:  Սիրամարգ  Մանուկյանն ասաց, որ առեւտրի  սրահի թեք տանիքը պակասեցնում է իր բնակարանի լուսավորությունը:  Ն. Դանիելյանն ասաց, որ առանց թեք տանիքի կառույցը անշուք, նկուղանման  տեսք կունենար:  Դանիելյանը հայտարարեց, որ Սիրամարգ Մանուկյանը կարող է իր ֆինանսական միջոցներով  փորձագետներ հրավիրել, եւ  եթե  փորձագիտական եզրակացությամբ ապացուցվի Վարդան Սարիբեկյանի կողմից քաղաքաշինական  նորմերի խախտումները, իրենք պարտավորվում են այդ խախտումները վերացնել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30