Լրահոս
Օրվա լրահոսը

«Նկարչի խոսքը նկարներն են». Բացվել է Կամսարի անհատական ցուցահանդեսը

Սեպտեմբեր 13,2013 18:21

Այսօր՝ սեպտեմբերի 13ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվեց գեղանկարիչ Կամսարի (Կամո Սահակյան) անհատական ցուցահանդեսը: Հանդիսավոր բացմանը ներկա էին նկարչի ծանոթները, ընկերները և իհարկե նրա արվեստի սիրահարները, ովքեր իրենց շնորհավորանքն ու գովեստի խոսքերն ուղղեցին նրան. «Կամոն «մարսել» է դասական նկարչությունը գերազանց, և նրա ամեն մի վրձնահարված մեզ համար և՛ հասկանալի է, և՛ ճանաչելի, և իհարկե ուսանելի»,  – ասաց Կամսարի ընկերներից մեկը:

Այն, որ նրա կտավներն ուսանելի են, վկայեցին նաև Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները, ովքեր ևս այնտեղ էին. «Կամսարի կտավներում ինձ ամենից շատ գրավեցին գույները, հատկապես դեղինի տարբեր երանգները – ասաց ուսանողուհի Հայկանուշ Մխոյանը, – ես շատ եմ սիրում աբստրակտ ոճը, որտեղ յուրաքանչյուրը կարող է տեսնել այն, ինչ իր երևակայությունն է թույլ տալիս»:

Անի Մկրտչյանն էլ ավելացրեց, որ այսուհետ կդառնա Կամսարի կտավների երկրպագուն. «Անկեղծ ասած ընկերներիցս մեկն է խորհուրդ տվել, որ գամ ցուցահանդեսին, ու հիմա ես պետք է գնամ և շնորհակալություն հայտնեմ նրան, քանի որ իսկապես մեծ բավականություն ստացա Կամսարի նկարներին նայելով», – ասաց սկսնակ նկարչուհին ու թվարկեց այն կտավները, որոնք իրեն ավելի շատ էին դուր եկել՝   «Գարուն», «Աշնանային օր», «Հող և երկինք»:

«Հող և երկինք» կտավի սիրահարները թերևս շատ են, հենց այդ կտավի միջոցով էլ Կամսարի արվեստին է ծանոթացել ու որոշել նրա հետ համագործակցել միջոցառման կազմակերպիչ, արվեստաբան Անահիտ Կորյունը. «Երբ համացանցում առաջին անգամ տեսա Կամսարի «Հող և երկինք» նկարը, հասկացա, որ գործ ունեմ շատ լավ նկարչի հետ և զգացի, որ մենք կարծես բարեկամներ ենք դառնալու, ու այդպես էլ ստացվեց, – ասաց նա, – մեր ծանոթության դեռ մեկ տարին էլ չի լրացել, բայց կարծես համագործակցությունը  շատ արդյունավետ ստացվեց: Հունվարին նախաձեռնեցինք Կամսարի ֆեյսբուքյան էջը, իսկ այսօր արդեն ներկայացանք անհատական ցուցահանդեսով»:

Գեղանկարիչը հանդիսավոր շնորհակալություն հայտնեց բոլորին՝ ներկայության ու շնորհավորանքի համար. «Նկարչի խոսքն ի՞նչն է. նրա նկարները», – հավելեց նա և ներկաներին նվիրեց իր և իր կտավների ժողովածուն՝ ինքնագրով:

Նշեմ, որ ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 23-ը:

Տիգրանուհի Թասլակյան  

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30