«Մեզ համար գերխնդիրն այն է, երբ անցկացվում է Արամ Խաչատրյանին նվիրված համերգ, մենք շատ ուզում ենք, որ դրսի երաժիշտը նվագի այդ գործը, և կարևոր մի բան, ինձ թվում է՝ նաև Բորիսը նվագելուց հետո այլ տեղերում կտարածի այդ գեղեցիկ երաժշտությունը»,- սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը:
Հանդիպումը նվիրված էր սեպտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում երևանյան 7-րդ միջազգային փառատոնի գլխավոր համերգին, որին մասնակցելու են թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և ջութակահար Բորիս Բրովցինը (Մեծ Բրիտանիա):
Բրովցինին ուղղված այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում հայկական նվագախմբին, ջութակահարը պատասխանեց. «Ես սիրում եմ այս նվագախումբը, ես սիրում եմ այս քաղաքը, ես սիրում եմ այս դահլիճը: Հիմնական աշխատանքը, երևի թե, կկատարենք վաղը գլխավոր փորձի ընթացքում: Ես ընդհանուր տպավորություն ստացա, թե ինչպես դա կլինի նվագախմբի հետ, ինչ դժվարություններ կան»:
Իսկ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը նշեց, որ դժվար է նվագել մի ստեղծագործություն, որը հայտնի է տվյալ հասարակությանը, և որ ինքը նվագում է այնպես, ինչպես իրեն է դուր գալիս. «Ոչ մի գործ, կապ չունի, համերգ է, մրցույթ է, չեմ նվագում այնպես, որ լսողին դուր գա, ես նվագում եմ այնպես, որ ինձ դուր գա: Օրինակ` եթե խոսենք մրցույթի մասին, 8, 10, 15 իրարից տարբերվող ժյուրիի անդամներ են՝ բոլորին դուր գալ հնարավոր չի: Կարևորը ինքդ քեզ քո նվագը համոզի, այդ դեպքում կհամոզես ունկնդրին»:
Թավջութակահարը իր խոսքում նաև անդրադարձավ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները աշխարհով մեկ տարածելուն. «Ինչպես Բորիսը ասաց՝ կազմակերպիչները շատ կոնսերվատիվ են: Ջութակի կոնցերտը շատ ավելի հեշտ է, նա ավելի հայտնի է, իսկ թավջութակինը ծանր է, բայց ես կփորձեմ»:
Ամի Չիչակյան