«Footballtop.ru» կայքի փոխանցմամբ, Հայաստան-Դանիա հանդիպման ժամանակ Արաս Օզբիլիսի կատարած անհաջող անկյունային հարվածը տեղ է գտել աշխարհի բոլոր խոշորագույն հրատարակություններում: Նույն աղբյուրը գրում է նաեւ, որ այդ անկյունայինը ամենավատն է համարվել ֆուտբոլի պատմության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» խաղացողը դրանից դեռ չորս օր առաջ Չեխիայի հետ խաղում սննդի թունավորման պատճառով ստամոքսի խնդիրներ ուներ, որի պատճառով ժամանակից շուտ փոխարինվել էր: Դրանից հետո մեր հավաքականի բժիշկներն ամեն բան արել էին նրան Դանիայի ընտրանու հետ հանդիպմանը նախապատրաստելու համար: Ու նա խաղադաշտ մտել էր դեռ լրիվ չապաքինված: Երկրորդ խաղակեսում Օզբիլիսը կրկին թուլություն էր զգացել, սակայն Վարդան Մինասյանը նրան փոխարինել արդեն չէր կարող, որովհետեւ բոլոր փոխարինումները, այդ թվում նաեւ` հարկադիր, արդեն եղել էին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ