«Սեպտեմբերի 18-ին, ժամը 19.00-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը ներկայացնում է` «Օրկեստր պլյուս» նախագծի շրջանակներում սիմֆոնիկ համերգ`էթնո ջազ՝ շվեյցարական «Վալերի Տոլստով» խմբի երաժիշտների կատարմամբ»,-այս մասին այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի սրահում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, Օպերայի եւ բալետի թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը` նշելով, որ կազմում ներգրավված են երաժիշտներ, ովքեր իրենց ներկայացումներով շրջագայել են ամբողջ աշխարհը եւ հանդես եկել ամենահեղինակավոր դահլիճներում, եւ այսօր, հայկական երաժշտությունը տարածելով Եվրոպայում, փորձում են ցույց տալ աշխարհին, թե որտեղ է գտնվում Հայաստանը, ոչ միայն քարտեզի վրա, այլեւ մշակույթի միջոցով: «Շատ կարեւոր է, որպեսզի երիտասարդները համերգներին գալով շփվեն սիմֆոնիկ նվագախմբի հետ: Այնպես է ստացվել, որ, երիտասարդները, երբ ասում ես սիմֆոնիկ երաժշտություն, պատկերացնում են այնպիսի ծանր կամ բարդ արվեստ է, որ վախենում են գալ: Մենք ուզում ենք ցույց տալ, որ սիմֆոնիկ օրկեստրը նվագում է նաեւ այն ժանրում, որը կարելի է սիրել: Երիտասարդները մեր կարիքն ունեն՝ իբրեւ արտիստներ, մենք էլ ունենք երիտասարդների կարիքը, քանի որ իրենք մեր ապագա հանդիսատեսն են»,-ասաց Դուրգարյանը` հավելելով, որ լինելու է բարձրակարգ երաժշտություն, եւ որպես մասնագետներ ամեն հնարավոր բան անելու են այդ ուղղությամբ:
Խմբի ստեղծման գաղափարը պատկանում է Վալերի Տոլստովին`շվեյցարական մուլտիգործիքավորող, կոմպոզիտոր, Ցյուրիխի բարձրագույն արվեստի դպրոցի երգեհոնի և ֆլեյտայի դասարանի շրջանավարտ: Վալերին նվագում է նաև աշխարհի բազմաթիվ էթնիկ գործիքների վրա, ինչպես նաեւ հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր է:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ