«Ինձ համար կարևոր էր տեղում տեսնելու, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը ինչ ուղեծիր է ընտրելու, Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությունն, արդյոք, ԵՄ ԽՀԱԱՀ-ին այլընտրա՞նք է»,- ԱԺ-ում հրավիրված ասուլիսում հայտարարեց ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յուրգեն Կլիմկեն, որը Հայաստան արդեն երրորդ անգամ է այցելում և այս անգամ նաև ԼՂՀ-ում է եղել:
Նա տեղեկացրեց, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին քննարկումներ է ունեցել նաև ԱԺ որոշ պատգամավորների հետ, ու քանի որ Գերմանիայի Բունդեսթագը դեռ չի քննարկել այս հարցը, նա անձնական կարծիք հայտնեց. «Ես ընդունում եմ կամ-կամ ճանապարհը: Բայց եթե Հայաստանն այդ որոշումն է ընդունել, ուրեմն դա է իր համար ճիշտ եղել: Սա մենք ընդունում ենք ի գիտություն, բայց գոնե ինձ համար կասկածներ կան, թե ինչպիսի հասկացողությամբ մենք դրան կվերաբերվենք»:
Յուրգեն Կլիմկեն դժվարացավ ասել, թե նոյեմբերին կնախաստորագրվի՞ Ասոցացման համաձայնագիրը, բայց վստահեցրեց, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը կշարունակվի: «Համագործակցությունը կլինի, բայց խոսքն այն մասին է, թե ինչպիսի՞ որակով դա կլինի»,-հավելեց ԳԴՀ Բունդեսթագի անդամը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ