Ծաղկաձորում ընթացող «Արդի սոցիալ-տնտեսական վիճակը և քաղաքականացված երիտասարդությունը» խորագրով եռօրյա համաժողովի մասնակիցները Հայաստանի երիտասարդական Հիմնադրամի (ՀԵՀ) Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում այսօր ամփոփեցին մի շարք խնդիրների շուրջ իրենց առաջարկները, մասնավորապես ուսման վարձավճարների, տրանսպորտի ուղեվարձի թանկացման, Մաքսային միության անդամակցությանը վերաբերող հարցեր: Համաժողովն արդեն երկրորդ տարին է անցկացվում է երիտասարդ դաշնակցականների առաջարկով։
Ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Հասարակական խորհուրդ» երիտասարդ մտավորականների հասարակական կազմակերպությունը:
Ընդդիմադիր և իշխանական թևի երիտասարդները կարևորեցին նման միջոցառումները: Նշենք, որ հրավերն ընդունել են բոլոր կուսակցությունները, բացի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան երիտասարդական» միությունից:
Aravot.am-ը «Հասարակական խորհուրդ» երիտասարդ մտավորականների հասարակական կազմակերպության նախագահ Վահագն Ասրյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ մասնակցության հայտ չեն ներկայացրել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միությունից: Նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, քանի որ իմ ցանկացած հայտարարություն պատասխանատու է, և զերծ կմնամ նման հայտարարություն անելուց»: Մեր հստակեցմանը՝ արդյոք ճնշումներ եղե՞լ են: Վահագն Ասրյանը, ով դաշնակցական է, պատասխանեց.«Նման խնդիր չկա»:
ՀԱԿ ներկայացուցիչ Շաղիկ Մաթևոսյանը նշեց. «Միայն այս սոցիալական ակտիվությամբ և իշխանափոխությամբ կարելի է իրավիճակից դուրս գալ»:
«Հայազն» կուսակցության անդամ Խորեն Գրիգորյանը դրական գնահատեց նման հավաքները և նշեց. «Մենք հնարավորություն ենք ունենում լսել նաև այլ կուսակցությունների տեսակետները: Մեզ այս քննարկումները պետք է հասցնեն նրան, որ տեղի ունենա ազգային հեղափոխություն»:
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Շուշան Վարդանյանը նշեց. «Մեր նպատակը մեկն է՝ ունենալ օրինական, օրենքով առաջնորդվող երկիր, արդար և ճիշտ ընտրություններ»:
ՕԵԿ-ի ներկայացուցիչ Վիոլետա Թոփչյանի խոսքը պաթետիկ էր. «Մենք ինչ-որ բանից ելնելով ենք կուսակցական դառնում, բայց կապ չունի՝ դու ով ես, կարևորը դու հայ ես, դու ուզում ես քո երկիրը լավը տեսնել»:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Տարոն Պարսամյանը ասաց. «Ինձ համար թանկ արժեն այս միջոցառումները: Ես դրանց շնորհիվ ձեռք եմ բերել ընկերներ, ինչը թանկ է ինձ համար: Եկեք ծայրահեղական չգտնվենք, միմյանց խոսքերին ինքնանպատակ չհակառակվենք»:
ԲՀԿ ներկայացուցիչ Նոնա Օթարյանը ևս կառուցողական համարեց այս հավաքը: Նշենք նաև, որ ՀԱԿ երիտասարդները քննարկումների ընթացքում բարձրացրել են Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու հարցը:
Իսկ վաղը երիտասարդները քննարկման առարկա թեմաների վերաբերյալ առաջարկությունների փաստաթուղթ կստորագրեն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև