«Նախագիծը կոչված է նպաստել Գյումրիի քաղաքաշինական դիմագծի բարելավմանը, ծրագիրը չի սահմանափակվելու միայն քանդակագործության ժանրով, այլ լինելու է արվեստների տոն՝մոնո ներկայացումներ, դասական երաժշտության ծրագրեր: Մի քանի օր բոլոր արվեստները կփորձեն բարիացնել մեր առօրյան»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Քանդակագործության Գյումրու միջազգային սիմպոզիումը, կամ՝ գյումրեցու ապրելու արվեստը» խորագիրը կրող միջոցառման մասին նշեց մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը:
Միջոցառումը կկայանա սեպտեմբերի 21-ին՝ Գյումրիում: Մասնակից երկրներն են Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Ուկրաինա եւ այժմ բանակցություններ են տարվում իտալական կողմի հետ, որպեսզի Իտալիայից եւս մասնակիցներ լինեն: Ինչ վերաբերում է սիմպոզիումի բյուջեին, ապա 8 մլն դրամ հատկացվել է մշակույթի նախարարության կողմից, Գյումրու քաղաքապետարանը եւ մարզպետարանը նույնպես կօգնեն ծառայությունների տրամադրման հարցում: Ծրագիրը եռամսյա է, նպատակն է նպաստել Գյումրու քաղաքաշինական դիմագծի վերականգմանը, բարելավմանը եւ հանգստի գոտիների տարածքների կազմակերպմանը, նաեւ նպաստել՝ միջազգային քանդակագործության ներկայացմանը Գյումրիում: Գյումրին կունենա քանդակագործության բաց թանգարան: 10 քանդակագործների աշխատանքները տեղադրվելու են երկրաշարժի զոհերին նվիրված թաղային հուշա կոթողների հարեւանությամբ:
Քանդակագործ, քանդակագործության Գյումրու միջազգային սիմպոզիումի ղեկավար Արթուր Գեւորգյանի խոսքով՝ լինելով մշակութային երակ՝ Գյումրին այս տարի համարվեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, ինչը պարտավորեցրեց ավելի ակտիվանալ եւ նոր, հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել: Այս միջոցառումը կլինի բազմաժանր՝ ասմունքներ, ցուցահանդեսներ, սիմպոզիումներ. «Քանդակագործի ազատությունը,ստեղծագործական աճը կարեւոր է, սահմանափակումներ չկան: Գյումրին բացառիկ է, մեր քաղաքը ալամաշխարհային քաղաք է՝ ֆենոմենալ: Լենինականցիները ուրիշ ժողովուրդ են, մենք սուպերհայեր ենք: Միջոցառումը դրական է, կարեւոր, վստահաբար ամեն ինչ լավ է լինելու»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ