Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շտեֆան Ֆյուլե․ «Ինձ այստեղ հավաստիացրեցին, որ որեւէ ճնշում չի եղել Հայաստանի նկատմամբ»

Սեպտեմբեր 13,2013 15:01

Aravot.am-ի հարցին պատասխանելով՝ Շտեֆան Ֆյուլեն հավելեց «Իսկ ես ո՞վ եմ, որ դա հարցականի տակ դնեմ․․․»

 

 

Սեպտեմբերի 12-13-ը Երեւանում ընթանում է Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։

Այսօր նախարարական հանդիպումից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ: Պատվիրակության անդամների բացման խոսքից հետո լրագրողները հնարավորություն ունեցան մի քանի հարց ուղղել:

Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության  հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն օրերս ԱԳ լիագումար նիստի ընթացքում՝  Ռուսաստանի կողմից Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ գործադրված ճնշման վերաբերյալ քննարկումներում իր խոսքում նշել  էր՝ «լուրջ ճնշումներ են գործադրվում մեր որոշ գործընկերների նկատմամբ»:

Aravot.am-ը այսօր հիշեցրեց նրա վերոնշյալ գնահատականը, ապա նշեցինք, որ բոլորը դահլիճում, թերեւս գիտակցում են, թե որ երկրի մասին է խոսքը, որը «ճնշումներ է կիրառում», եւ Շտեֆան Ֆյուլեին հարց ուղղեցինք՝ եթե, այնուամենայնիվ, Հայաստանը նոյեմբերին չնախաստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, դա չի՞ նշանակի արդյոք, որ այն ճնշումները, որոնց մասին երկու օր առաջ խոսել է ինքը, եւ այն երկիրը, որ գործադրել է այդ ճնշումները՝ կհասնի իր ծրագրած արդյունքին:

Ֆյուլեն ուշագրավ պատասխան տվեց. «Հայաստանում իմ գործընկերները այստեղ հավաստիացրեցին, որ որեւէ ճնշում չի եղել Հայաստանի նկատմամբ՝ կայացնելու այդ ընտրությունը․․․ Իսկ ես ո՞վ եմ, որ դա հարցականի տակ դնեմ։ Միեւնույն ժամանակ մեր քննարկումներում ընդամենը երկու օր առաջ մեր խորհրդարանում, մեր գործընկերներից ոմանք բողոքեցին, որ ավելանում են ճնշումները տարբեր ձեւերով: Բայց արժե նշեմ մի բան, որը, ըստ երեւույթին, կրկնելու ու էլի կրկնելու կարիք ունի. Ասոցացման համաձայնագիրը՝ որպես գաղափար, դրված է եղել մեր գործընկերների առջեւ նախքան Եվրասիական միության, Մաքսային միության գաղափարը: Մենք շատ հստակ, թափանցիկ ներկայացրել ենք այդ համաձայնագրի նպատակները՝ քաղաքական վերափոխման, տնտեսական արդիականացման առումով, մենք ասել ենք, որ դա շոշափելի օգուտներ կբերի ոչ միայն մեր գործընկերներին, այլեւ՝ մեր գործընկերների հարեւաններին: Մենք հստակ ասել ենք, որ բացարձակ որեւէ պատճառ չկա, ինչո՞ւ հարցականի տակ առնել այն բարիդրացիական հարաբերությունները, որոնք մեր գործընկերներին կոչ ենք անում ունենալ իրենց հարեւանի՝ Ռուսաստանի հետ։ Մենք էլ ենք ցանկանում Ռուսաստանի հետ ունենալ գերազանց հարաբերություններ։ Ռուսաստանը ԵՄ-ի համար էլ արտոնյալ կարեւոր եւ ռազմավարական գործընկեր է։ Այստեղ հակասություն բնավ չկա: Մենք մեր ռուս գործընկերներին արել ենք այդ առաջարկը, քանիցս ենք արել այդ առաջարկը եւ ապագայում էլ ենք անելու, որ՝ մենք պատրաստ ենք քննարկել մեր քաղաքականության ցանկացած կողմ՝ Եվրոպայի կողմից այս տարածաշրջանում իրականացվող քաղաքականության առումով, որ նրանց մոտ եղած ցանկացած մտահոգություններ փարատվեն, որովհետեւ այստեղ վերջնական նպատակը այն է, որ ստեղծվեն նախապայմաններ, ստեղծվեն պայմաններ, որպեսզի ինչ-որ ժամանակ լինի ազատ առեւտրի տարածաշրջան՝ Լիսաբոնի մինչեւ Վլադիվոստոկ: Մենք բավական վստահ ենք, որ Ասոցացման համաձայնագրով մենք էապես նպաստում ենք այդ նպատակի իրականացմանը», հայտարարեց Շտեֆան Ֆյուլեն՝ ի պատասխան Aravot․am-ի հարցին:

 

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30