«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը այսօր «Հայելի» ակումբում ներկայացրեց ԺՀ քաղխորհրդի նիստի որոշումը:
«Մենք չենք ընդգծել, թե որն է ճիշտը, կարեւորել ենք բովանդակայինը: Մարդիկ, որոնք տաս օր առաջ ասում էին, որ մենք Մաքսային միության հետ չենք կարող լինել ու այսօր հակառակն են անում, սա մտահոգիչ էր: Այսօր երկիրը հարվածներ է ստանում եւ հյուսիսից եւ հարավից: Մեր կուսակցությունը տարիներ շարունակ փորձել է պայքարել, ժողովրդավարական արժեքներ հաստատել երկրում, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Այսօր լուրջ խնդիրներ են առաջացել նաեւ եվրոչինովնիկների համար, այսօր նրանք ստացան երեք մատի կոմբինացիա»,-նշեց Մակեյանը:
Բանախոսի ձեւակերպմամբ` երկիրը բերել այսպիսի ծանր իրավիճակի` սխալ էր, եւ ի վերջո արժանապատվության խնդիր կա, ըստ նրա` գոնե ձեւական հանրաքվե անցկացվեր, ժողովրդի մի մասը էլի կընտրեր Մաքսային միությունը, քանի որ մեծ մասը խոպան է գնում հենց այնտեղ:
«Երկիրը հայտնվել է ծանր վիճակում»,-ասաց Մակեյանը, շարունակելով, որ
բովանդակային առումով անծանոթ ենք եւ Մաքսային միությանը, եւ Ասոցացման համաձայնագրին, սակայն անձամբ ինքը դեմ է եւ-եւ-ին` «Խնդիրը հետեւյալն է, մենք վերցնում ենք ժողովրդավարության էլեմենտները, իսկ դա նշանակում է պահպանել քրեաօլիգարխիկ համակարգը»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ