«Անդրիասի կողմից տարբեր ալիքները բարձրացված՝ դա ընդվզում չի: Մեր ժողովուրդը 90 տոկոսով ողջունում է Սերժ Սարգսյանի այդ քայլը: Եթե չողջուներ, Բաղրամյան փողոցի վրա կհավաքվեր ոչ թե մի 15 ակտիվիստ: Ի միջի այլոց, ասեմ, նույն ակտիվիստները պայքարում են Կոմիտաս 5-ում՝ տնտեսական ինչ-որ հարցով, նույն ակտիվիստը պայքարում է Սամվել Ալեքսանյանի Փակ շուկայի դեմ, նույն ակտիվիստը հանկարծ բարձրացնում է ամենագլոբալ քաղաքական հարցը՝ Հայաստան-Ռուսաստան: Ես գտնում եմ, որ դա կեղծ ակտիվիստ է»,- այսօր «Արցախ» ակումբում Մաքսային միություն մտնելու որոշման մասին այսպիսի կարծիք հայտնեց սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը:
Ըստ նրա, «Կապիտալիստական երկրում չեն կարող կապիտալիստական Րաֆֆի Հովհաննիսյանը, կապիտալիստական Պարույր Հայրիկյանը, Անդրիաս Ղուկասյանը լինել ընդդիմություն: Կապիտալիստական երկրում ընդդիմությունը կարող է լինել միայն սոցիալիստական»:
Ռոբերտ Ահարոնյանն ասաց, որ այսօր սոցիալիստները, կոմունիստները սպասման մեջ են. «Սպասում ենք, տեսնենք ինչ է կատարվում: Մենք վերադառնում ենք սոցիալիզմին: Այն մարդիկ, ովքեր ֆեյսբուքյան տարբեր գրառումներով փորձում են դժգոհության ալիք բարձրացնել, դա ֆանտազիա է, եւ ուղղակի ցանկություն է, որ Հայաստանում ստաբիլ իրավիճակ չլինի»:
Նա նշեց, որ Անդրիաս Ղուկասյանին պիտի հարցեր տար, դրա համար էլ վերջինս հրաժարվեց իր հետ ասուլիսի մասնակցելուց. «Պիտի հարցնեի՝ հարգելի Անդրիաս Ղուկասյան, ձեր կոնկրետ ծրագիրը ո՞րն է՝ քաղաքապետարանի մոտ անտեղի մարդկանց նստացնե՞լն է, Կոմիտաս 5-ում ոչ ստաբիլ իրավիճակ ստեղծե՞լն է: Եթե դա է, ուրեմն դուք անելիք չունեք Հայաստանում: Հայաստանն այսօր կոնկրետ ծրագրերի կարիք ունի»:
Ռոբերտ Ահարոնյանը փնովեց անկախությունը՝ ասելով, որ եթե մարդը սոված է, չի կարողանում մի կտոր հաց վաստակել, դա անկախությո՞ւն է, ազատությո՞ւն է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ