«Այն, ինչ մենք անընդհատ տեսնում և լսում ենք հեռուստատեսությամբ, ավելի շատ է տպավորվում, հետևաբարար ավելի մեծ ազդեցություն ունի երեխայի աշխարհաընկալման վրա, քան ծնողները, նրա շրջապատը և այլն»,- ասում է հոգեբան Անուշ Ալեքսանյանը:
Վերջին շրջանում շատացել են ծնողների դժգոհությունները, թե սահմանափակ են հեռուստատեսությամբ ցուցադրվող մանկական հաղորդումները, եղածն էլ անորակ է: Ստիպված իրենց երեխաները դիտում են սերիալներ, հումորային հաղորդումներ, որտեղ անպակաս են ժարգոնը, հայհոյանքները, կռիվնեը և այլն: Հոգեբանները նշում են՝ երեխաները կարող են ընդօրինակել տեսածը և հետզհետե դառնալ նյարդային ու ագրեսիվ:
«Տղաս ավելի կոպիտ և անհանդուրժող է դարձել, ամբողջ օրը հեռուստացույցի դիմաց է: Ինչ տեսնում է, նույնը կրկնում է առօրյայում: Երբ արգելում ենք որևէ հաղորդում դիտել, ինչպես՝ «Կարգին սերիալը», նա սկսում է կռիվ անել, որևէ բան կոտրել, պարզապես անզսպելի է դառնում»,-պատմում է տիկին Աննան:
Կարդացեք նաև
«Մարդիկ այսօր հեռուստացույց դիտում են այնպես, ինչպես կգնային եկեղեցի այն տարբերությամբ, որ նրանցից շատերը հեռուստացույց ավելի հավատով են դիտում»,-ասում է արտասահմանցի սոցիոլոգ Ջորջ Գերբները: Նա և «Annenberg»-ի դպրոցը երկար տարիներ շարունակ ուսումնասիրել են հեռուստատեսությամբ ցուցադրվող բռնության տեսարանները՝ հատկապես երեխաների համար շաբաթ և կիրակի օրերին հեռարձակվող հաղորդումները:
Իսկ Ալբերտ Բանդուրան, ով սոցիալական ուսուցման տեսության հիմնադիրն է, 10 տարեկան մի տղայի օրինակով, ով իր օրն անցկացնում էր հեռուստատեսությամբ ագրեսիվ տեսարաններ, ծեծկռտուք դիտելով, նշում է՝ այդպիսի երեխաները պոտենցիալ մարդասպաններ են. «Հեռուստատեսությամբ ցուցադրվող ագրեսիայի տեսարանները ավելացնում են ագրեսիայի քանակը ոչ միայն երեխաների, այլև առհասարակ մարդկանց շրջանում, իսկ բռնություններն ու դաժանությունները կարող են նույնիսկ հոգեբանական տրավմայի ենթարկել երեխային: Բանդուրան դա ասում էր շատ շեշտված կերպով, այսինքն՝ մարդը կարող է հասնել ագրեսիվության գագաթնակետին՝ դառնալ մարդասպան»,- ասում է հոգեբան Անուշ Ալեքսանյանը:
Հարցին, թե ըստ նրա, այսօր կա այլընտրանք, որն իրենից վտանգ չի ներկայացնում երեխաների համար, հոգեբանը պատասխանում է. «Նախկինում կար «Հայրենիք» հեռուստաալիքը, որը մանկական հաղորդումներ էր ցուացադրում: Ծնողները կարող էին ալիքը միացրած թողնել ու չանհանգստանալ: Բայց այսօր հեռուստատեսությունը վերահսկելի չէ, նույնիսկ ցերեկվա ժամերին կարող են էնպիսի ֆիլմեր և հաղորդումներ ցուցադրվեն, որոնք կարող են վնաս հասցնել երեխայի հոգեկան աշխարհին»:
Անուշ Ալեքսանյանի խոսքով՝ ծնողները պիտի իրենց երեխաների կողքին լինեն, վերահսկեն, թե նրանք ինչ են դիտում, իրենք ընտրեն դիտման արժանի հաղորդումը. «Ինչքան էլ դրանք հասկանալի լինեն երեխաների համար, նրանք կարիք ունեն լրացուցիչ բացատրության, որպեսզի չստացվի, որ միայն մեխանիկական պատկերներ են ընկալում: Բացի այդ՝ նրանց ևս հետաքրքիր է ծնողի հետ միասին դիտելը»,-նշում է հոգեբանը:
Որևէ հաղորդման, ֆիլի կամ մուտֆիլմի ընտրության հարցում հոգեբանը նշում է ՝ պետք է կարևորել նրանում առկա դրական, հուզական պաշարը. «Եթե մենք համակարգչային խաղում տեսնում ենք, որ ինչ-որ մեկը սղոցով մարդկանց է սղոցում, դժվար չէ հասկանալ, որ դա խաղալ պետք չէ: Շատ մուլտֆիլմերում առկա են չարաճճի կերպարներ, սակայն ամբողջ ֆիլմը միայն նրանց կերպարներով չէ, որ կառուցված է»:
Հոգեբանի խոսքով՝ պետք է շատանան մանկական հաղորդումները, ֆիլմերը, մուլտֆիլմերը: Ըստ նրա՝ դրանցում հնարավորինս պիտի մանկական թեման շատ արծարծվի: Անուշ Ալեքսանյանը նաև նշում է՝ մուլտֆիլմերը պետք է ապահովեն բազմազանություն, դրանցում պիտի ներգրաված լինեն տարբեր ազգերի ներկայացուցիչներ, տարբեր ռասսաներ և տարբեր հաշմանդամություն ունեցող մարդիկ: Առաջին հերթին դրանք պետք է մասնագետների կողմից պատրաստված լինեն. «Այսօր ցանկացած մարդ, ով գաղափար ունի մուտֆիլմներ կամ հաղորդումներ ստեղծելու հարցում, կարող է այն իրականություն դարձնել: Նա բաց է թողնում այն կարևոր մասնագիտական խմբերը, ովքեր պետք է աշխատեն այդ ոլորտում: Անգրագիտություն է, երբ միայն ռեժիսորն ու սցենարիստն են աշխատում»:
Հոգեբանի խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել մանկական հեռուստաալիք, որը կֆինանսավորի պետությունը, որպեսզի տվյալ ալիքը զերծ մնա մասնավոր հեռուստակայանների մրցավաքից: «Մանկական հաղորդումները այնքան էլ մեծ շահույթ չունեն, այդ իսկ պատճառով քիչ են: Հույս ունեմ, որ կշատանան մանկական հաղորդումները ու որ սերիալներ նկարող անձնակազմը չի նկարի մանկական հաղորդումներ»:
Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվեցիայի 17-րդ հոդվածի’ հարկավոր է զանգվածային լրատվամիջոցներով խրախուսել երեխաների կրթությանը, հոգևոր մշակութային զարգացմանը նպաստող նյութերի հեռարձակումը և արգելել երեխային վնաս պատճառող տեղեկատվությունը:
Նազենի Բաղդասարյան