Արամ Սարգսյանը՝ Մաքսային միության եւ ԵՄ Ասոցացման համաձայնագրի տարբերությունների մասին
«Մաքսային միությունը փորձում են ձեւավորել ԵՄ-ի տնտեսական գոտու նման, իսկ մենք գիտենք, որ ցանկացած կրկնօրինակ բնօրինակից մի քանի 0-ով էժան է: Համեմատեք՝ այդ երկրների նախագահներից ո՞ր մեկն է ընտրված: Տարիներ շարունակ իշխանական ռեսուրսները շահագործվում են՝ սեփական իշխանությունը պահելու, մերձավորներին փոխանցելու համար, յուրայիններին թույլատրված է ամեն ինչ, օտարները ոչ մի հարցում ճիշտ չեն, ոչ մի իրավունք չունեն: Պատահակա՞ն է այդ երկրներում կոռուպցիայի ամենաբարձր մակարդակը: Եվ մենք գնում ենք դեպի այդ հետամնաց տնտեսությամբ ու հակաժողովրդավարական կարգերով տարածք ու դեռ ուրա՞խ ենք, համարում ենք, որ դա՞ է ամենաբարձրը, ինչին այսօր ընդունակ ենք: Ա՞յդ է այս երկրի ապագան: Ես այդտեղ ապագա չեմ տեսնում»,- «Առավոտի» հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսպես բացատրեց, թե ինչու է անընդունելի Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միություն մտնելու որոշումը:
Պարոն Սարգսյանը հիշեցրեց, որ Ռուսաստանի տնտեսությունը հանքահումքային ռեսուրսների շահագործման վրա է հենված եւ չունի արդյունաբերական պոտենցիալ. «Եթե համեմատենք Հայաստանի հետ, շատ քիչ է տարբերությունը: Ի՞նչ ենք մենք արտահանում Ռուսաստան. այդ 18%-ը հիմնականում գյուղմթերք է, գինի, կոնյակ եւ այլն: Այն 35%-ը, որ մենք այսօր արտահանում ենք Եվրոպա, արդյունաբերական պոտենցիալ է, մետալուրգիա: Հիմնական աշխատատեղեր ապահովող ոլորտը Հայաստանում արդյունաբերությունն է: ՌԴ-ն զարգացած արդյունաբերություն չունի, Եվրոպան նորագույն տեխնոլոգիաներով գործող արդյունաբերական համակարգեր ունի: Ո՞րն է նախընտրելին: Հիմնական աշխարհաքաղաքական խնդիրը՝ ովքե՞ր են Մաքսային միության մեջ. Ղազախստանը՝ Նազարբաեւի գլխավորությամբ, Բելառուսը՝ Լուկաշենկոյի գլխավորությամբ, եւ Պուտինի ՌԴ-ն: Իրենք էլ ասում են, որ այդ միությունը իմաստ չունի, երկար կյանք չի ունենա, եթե չմիանա Ուկրաինան: Ուկրաինան չի միանալու, ուկրաինացիները շատ ավելի պատրաստ են ռուսական ճնշումներին ու գիտեն, թե դա ինչ է նշանակում: Չի միանալու, հետեւաբար այդ կառույցը չի կայանալու: Ղազախստանը դեռ չի ստորագրել համաձայնագիրն ամբողջությամբ եւ բազմաթիվ խնդիրներ ունի: Իսկ թե Բելառուսն ու Ռուսաստանը ինչ տարաձայնությունների մեջ են մշտապես, արդեն քաղաքական հարթությունից դուրս է եկել ու անեկդոտների շարան դարձել: Մեզ ա՞յդ հեռանկարն է գրավում»:
Պարոն Սարգսյանը վստահ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներից երկուսը՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, խիստ հիասթափված են գործող իշխանությունների պահվածքից. «Նրանք հուսախաբ են եղել Սերժ Սարգսյանից: Իհարկե, դժվար է ընդունել ու խոստովանել, որ սխալվել են: Փորձում են ցույց տալ, որ չեն սխալվել, ուրիշ ի՞նչ կարող են անել: Թեպետ հիանալի հասկանում են, որ պատճառը ճնշումները չեն, իրե՛նք են սխալվել, բայց դեմքը պահելու համար ավելի շահեկան է Ռուսաստանին ճնշումների մեջ մեղադրել, քան ընդունել սեփական սխալները: Նրանք շատ լավ գիտեն, որ ընտրությունների արդյունքները կեղծած եւ բռնությամբ իշխանությունը պահող ուժերը չեն կարող ժողովրդավարությունը զարգացնող որոշումներ ընդունել, չունեն ու չեն ունենալու իրենց ժողովրդի հավատն ու հարգանքը, հենարան կարող են ունենալ միայն օլիգարխներին, ուստի մրցակցային տնտեսության մասին խոսք իսկ լինել չի կարող: Զարգացման, հեռանկարի առումով այդ իշխանության հետ քայլ անելն անհեթեթ է: Ակնհայտ է, որ եվրոպացիները ցույց չեն տալու վիրավորանքը, բայց ասիմետրիկ պատասխան Սերժ Սարգսյանի այս քայլին միանշանակ լինելու է: Շատ ծանր վիճակ է սպասվում Սերժ Սարգսյանին, շատ ծանր վիճակ է սպասվում ինձ, ձեզ, Ղարաբաղին: Այստեղ է պետք տեսնել խնդիրը, ոչ թե տեսնել ՌԴ-ին՝ որպես մեր անվտանգության երաշխիք: Ի՞նչ անվտանգության երաշխիք, երբ միլիարդների հարձակողական զենք է վաճառում Ադրբեջանին: Իսկ ՀԱՊԿ անդամ Ղազախստանը բազմիցս հայտարարել է, որ կողմնակից է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, որ մենք Ադրբեջանից տարածքներ ենք գրավել, փոխզիջումային մոտեցումներին էլ կողմնակից չէ: Եվ մենք համարում ենք, որ ՀԱՊԿ-ը մեր անվտանգությո՞ւնն է ապահովելու: Իրականում ոչ միայն անվտանգություն չի ապահովում, այլեւ մշտական վտանգ է մեր եւ Ղարաբաղի գլխին»:
Կարդացեք նաև
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ