Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացին նախագահից շան կարգավիճակ է պահանջում

Սեպտեմբեր 13,2013 13:54

Քաղաքացի Արտեմ Ալեքսանյանին ոստիկանը փորձել է քացով հարվածել, բայց հարվածը քրոջն է դիպել

Երբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց, որ ոստիկանը ՀՀ քաղաքացու բարեկամն է, փորձելով հասարակության մեջ ոստիկանի վարկանիշը բարձրացնել, թվում էր՝ սա ի գիտություն են ընդունելու առաջին հերթին հենց ոստիկանները եւ իրենց «շեֆի» ասածներն էլ արդարացնելու էին ու պատիվը գետնովը չէին տալու: Սակայն ոստիկանական համակարգում դեռեւս կան այնպիսի հետաքննիչներ եւ օպեր-լիազորներ, որոնք ոչ միայն «բարեկամություն» չեն անում քաղաքացիների հետ, այլեւ ստորացնում են նրանց:

Հունիսի 25-ին ոստիկաններ Կարեն Հարությունյանը, Մովսես Մերոյանը եւ Մհեր Մելիքյանը առավոտ շուտ, առանց համապատասխան փաստաթղթերի՝ դատարանի՝ խուզարկության մասին որոշման,  քաղաքացիական հագուստով ներխուժել են Գերցենի 14/4 հասցեում գտնվող տուն եւ սկսել են քրքրել պահարաններն ու բոլոր հնարավոր «ծակուծուկերը»:  «Երբ ներս մտա, տեսնեմ՝ մամաս պիժամայով նստած է, ոստիկաններին հարցրեցի՝ էս ինչ ա, ոստիկաններից Կարեն Հարությունյանն ասեց՝ քյառփինջ ա: Զարմացած ասացի՝ դու ո՞վ ես, «բա դու ո՞վ ես, արա»՝ ասաց ոստիկանը: Դե, ես էլ պահանջեցի ներկայանա, ու էդ պահին աքլորակռիվ սկսվեց մեր մեջ: Հետո Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախուզության պետի տեղակալի ասելով՝ պարզվեց, որ քրոջս տղային են ման գալիս՝ իբր թե կռիվ է արել, դանակով խփել են ու դեմքին «շռամ է» մնացել, իրեն պիտի տեսնեն, որ պարզեն՝ դա ճի՞շտ է, թե՞ ոչ: Իրենք, բացի մեր տնից, եւս 3 հարեւանների տղաների հետեւից էին եկել, ու օպերներից մեկը՝ Հայկ Միքայելյանը, դրսում կանգնած ամբողջ թաղին հայհոյեց՝ հեսա տեսեք, սաղիդ ոնց եմ ..: Նման բան եթե անկիրթ տղամարդը կարող է իրեն թույլ տալ, ապա որպես ոստիկան ու օրենքի պահապան՝ չի կարող»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Արտեմ Ալեքսանյանը, որը նույնպես բնակվում է այդ հասցեում, սակայն նրա սենյակն առանձնացված է ընդհանուր տնից: Արտեմի ներկայացմամբ՝ քրոջ որդին այդ հասցեում է գրանցված, բայց այդտեղ չի բնակվում, իսկ իրականում, ինչպես ժամեր անց խոստովանել են ոստիկանները, Արտեմի քրոջ որդուն ոչ էլ փնտրել են: Երբ քաղաքացին ոստիկաններից պահանջել է արձանագրություն կազմել, որ տունը խուզարկել են, ոստիկանները հրաժարվել են, որից հետո քաղաքացին պահանջել է այլեւս առանց պաշտոնական փաստաթղթի  չներկայանալ: Արդեն երեկոյան նույն  ոստիկանները ներկայացել են դատավորի որոշմամբ ու նորից սկսել խուզարկումը: Այս անգամ ոստիկանները գողոն են փնտրել, որը մի քանի օր հետո հայտնաբերել էին Արտեմի հարեւաններից մեկի տանը: Խուզարկության ժամանակ օպեր-լիազորներից մեկը պահարանում նկատել է Արտեմի ռազմական համազգեստը՝ կրծքանշաններով, ու ասել՝ էս ինչքան էլ մեդալ ունես: Նույն խուզարկության ժամանակ ոստիկանները նաեւ նկատել էին Արտեմի՝ արցախյան պատերազմից մնացած ռազմական դանակը, որը որպես հուշանվեր բացահայտ դրված է եղել սենյակում: «Հլը գոհ եղի, որ շտիկ-դանակդ չենք վերցրել, քեզ լավություն ենք արել»,- խուզարկությունից հետո ասել են օպերները:

Խուզարկումից այդպես էլ գլուխ չհանելով՝ Արտեմը զանգահարել է ոստիկանություն եւ տեղեկացրել, որ եթե իր քրոջ որդուն են փնտրում, ապա նա իր ոտքով կներկայանա բաժին: Բայց քանի որ իրականում քրոջ որդուն չէին փնտրում, ոստիկանները հունիսի 27-ի առավոտյան եւս ներկայացել են Գերցենի 14/4 հասցե ու այս անգամ, ըստ Արտեմի՝ ավելի սանձարձակ վարքով: Եվ կրկին վաղ առավոտյան, երբ մարդիկ դեռ քնաթաթախ են, օպեր-լիազորները Արտեմի դուռը ծեծել են, իսկ մինչ այդ նրա քրոջ տուն են նորից այցելել: Ի դեպ, Արտեմ Ալեքսանյանը արցախյան պատերազմի մասնակից է եւ հաշմանդամ, մասնագիտությամբ՝ իրավաբան, դասավանդել է բուհերից մեկում եւ պաշտպանության նախարարության աշխատակից է եղել: Ու երբ գողոն փնտրելու պատրվակով հերթական անգամ ոստիկանները մտել են քաղաքացի Ալեքսանյանի տուն, օպերներից մեկը նրան է դիմել՝ «ընգեր, անունդ ոնց էր», քաղաքացին էլ ներկայացել է՝ պարոն Ալեքսանյան, ինչին ի պատասխան՝ օպերներից մեկն ասել է՝ «դու չես կարա իմ համար պարոն լինես, պարոն կարաս լինես քո կուրսանտների համար»:

«Այսինքն՝ եթե ես այլեւս ՊՆ համակարգում չեմ, ուրեմն ոչինչ եմ ու ոնց կուզեն՝ ինձ հետ կվարվե՞ն»,- ասաց Ա. Ալեքսանյանը:

Այս անգամ քաղաքացին ոստիկաններին դուրս է հրավիրել եւ նորից  հորդորել՝ առանց համապատասխան փաստաթղթերի այլեւս չանհանգստացնել ու, ինչպես Ա. Ալեքսանյանը պատմեց՝ առանց սանկցիայի այդ կողմերում չերեւալ: Այս խոսքերը, հավանաբար, զայրացրել են օրենքի պահապաններին. արդեն  տան բակում ոստիկաններից Հայկ Միքայելյանը աստիճանների վրա կանգնած ոտքը բարձրացրել է քաղաքացի Արտեմ Ալեքսանյանի դեմքին հավասար ու ասել՝ «սենց քացով տամ՝ կսատկես», բայց այդ պահին քաղաքացու քույրը միջամտել է, ու ոստիկանը ոտքով հարվածել է կնոջը, ապա քաշքշուկ է սկսվել:

Եթե որոշ ոստիկաններ շարքային քաղաքացու բարեկամը չեն, ապա կարծելով, որ գոնե ոստիկանապետն է քաղաքացու բարեկամը եւ իր ենթականերին կարգի կհրավիրի, այս հույսով Ա. Ալեքսանյանը դիմում է գրել Վլադիմիր Գասպարյանին եւ Հատուկ քննչական ծառայություն՝ մանրամասն ներկայացնելով խնդիրը: Սակայն ոստիկանությունը գտել է, ինչպես պաշտոնական պատասխանում է գրված, նշված հանգամանքները չեն հիմնավորվել, ուստի կատարված ուսումնասիրության արդյունքները թողնվել են անհետեւանք:  Իսկ ՀՔԾ-ն էլ մերժել է քրեական գործ հարուցել՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ: Արտեմի հարեւանները ոստիկանների հետ քաշքշուկին ու հայհոյանքներին ներկա են եղել, սակայն, ինչպես վերջինս ասաց՝ հարեւանները ոստիկանությանը պարզաբանել են՝ հավաքված մարդիկ տեսել ենք, բայց վիճաբանություն չենք տեսել. «Էդպես էլ պիտի լիներ, այդ հարեւաններիս տղային, որը նաեւ դեպքին ականատես մյուս հարեւանիս փեսան է, տարիներ առաջ եղած մի դեպքի առնչությամբ մինչեւ այսօր տանում-բերում են ոստիկանություն, դրա համար էլ նրանք ոչինչ չէին ասի»:

Քանի որ քաղաքացու բարեկամ ոստիկանները մարդուն կարող են շան պես աքացի տալ, հայհոյել եւ նրա նկատմամբ այլ սանձարձակ արարքներ թույլ տալ, ուստի Արտեմ Ալեքսանյանը որոշել է հրաժարվել մարդ կարգավիճակից եւ դիմել է ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին՝ շան կարգավիճակ ստանալու համար: Այս դիմումն էլ ոստիկանությունը չի քննարկել՝ պատճառաբանելով, որ այնտեղ արտահայտված մտքերն անհեթեթ են: «Մի հարց եմ բարձրացրել՝ նախագահից պաշտոնական պատասխան եմ խնդրել՝ եթե մոտ ապագայում ներխուժող օպերները պատասխանատվության չենթարկվեն, չհեռացվեն համակարգից, ես կարո՞ղ եմ հուսալ, որ կստանամ շան անձնագիր կամ «պերսոնա նոն գրատա» կարգավիճակ, որովհետեւ միայն շանն են աքացի տալիս ու ասում՝ կտամ՝ կսատկես: Ես նշել էի, որ հենց նախագահականից պատասխան տան ու նամակս չվերահասցեագրեն, բայց վերահասցեագրել են դատախազություն: Մինչդեռ քաղաքացիության մասին հարցը, ըստ օրենքի, միայն նախագահն է որոշում: Եվ հետո՝ եթե ոստիկանների արարքում քրեորեն պատժելի բան չկա, ապա կա կարգապահական խնդիր, եւ ծառայողական քննությունը պիտի պարզեր դա, իսկ ծառայողականը մերժել է՝  հղում անելով ՀՔԾ-ին»:

ՀՔԾ-ի պատասխանի հիման վրա  մարդու իրավունքների գրասենյակը եւս մերժել է ուսումնասիրել դեպքը: Ա. Ալեքսանյանի իրավունքների ոտնահարման առնչությամբ ՄԻՊ գրասենյակ է դիմել «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպությունը:

ՄԻՊ-ն էլ առանց դեպքն ուսումնասիրելու պատասխանել է՝  ՀՔԾ-ն գտնում է, որ ոստիկանների արարքում հանցակազմը բացակայում է, ուստի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը որոշել է դադարեցնել բողոքի քննարկումը: «Ի՞նչ է աշխատում Կարեն Անդրեասյանը՝ ՀՔԾ-ի արբանյա՞կ, կցո՞րդ: Եթե ՄԻՊ-ը պատասխաներ, որ ասենք՝ մենք գտնում ենք, որ մարդու իրավունքներ չեն խախտվել, ես կհասկանայի, բայց առանց գործը քննելու ինձ ուղարկում է ՀՔԾ-ի պատասխանը: Ստացվում է՝ ոչ թե մարդու իրավունքների պաշտպանն է, այլ ՀՔԾ-ի»,- նման դիտարկում արեց հ/կ-ի ղեկավարը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30