Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գաղտնի վկա Անդրանիկ Մարգարյանի» պաշտպանության միջոցը հանեցին

Սեպտեմբեր 13,2013 13:52

Նա դատարան էլ չեկավ

ՀՀ քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի մարզիկ, ԱՊՀ, Եվրոպայի, աշխարհի ոսկե մեդալակիր, գավաթակիր Վարաժ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով վկա Մխիթար Մկրտչյանի նկատմամբ օրենքով սահմանված կարգով ընտրվել էր պաշտպանության միջոց, վկան իր անվտանգությունից ելնելով՝ չէր բացահայտվելու, եւ նրա ցուցմունքը  պետք է հրապարակվեր «հեռակա»:

Սակայն մեղադրող Հ. Չախոյանն ինքը միջնորդեց, որպեսզի վկայի պաշտպանության միջոցը հանվի, եւ նա որպես «սովորական» վկա հարցաքննվի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Վարաժ Մանուկյանի գործով: Դատավոր Դավիթ Հարությունյանը բավարարել էր այդ միջնորդությունը, սակայն վկան ոչ միայն դատարան չէր ներկայացել, այլ դատարան էր ուղարկվել պաշտոնական փաստաթուղթ, համաձայն որի՝ վկան Բագրատաշեն մաքսային կետով հատել է Հայաստանի Հանրապետության սահմանն այս տարվա մայիսին:

Վարաժ Մանուկյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Մարտիրոսյանն այս կապակցությամբ դատարանում հայտարարեց. «Վկայի նկատմամբ անհիմն էր կիրառվել պաշտպանության միջոցը: Վկան դուրս է գալիս հանրապետությունից, եւ մեղադրողը տեղյակ չի: Բայց չէ՞ որ նրա նկատմամբ անվտանգությունից ելնելով էր կիրառվել, գուցե սպանում էին, գուցե մի բան էր պատահում: Կամ ինչպես կիրառվեց պաշտպանության միջոց, երբ անվտանգությանը սպառնացող որեւէ վտանգի մասին վկան չի հայտնել»:

Դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակեց այդպես էլ դատարան չեկած, նախաքննության մարմնում պայմանական «Անդրանիկ Մարգարյան» կեղծանվամբ հանդես եկած վկայի նախաքննական ցուցմունքը:

Այս վկան հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, հարցաքննվելու՝ 2011թ. սեպտեմբերի  20-ին Նորքի 4-րդ զանգվածի Բակունցի 1-ին նրբանցքի 3-րդ շենքի մետ տեղի ունեցած Դավիթ  Օհանյանի սպանության  գործով:

Վկան քննիչին հայտնել էր, որ ունի կրտսեր եղբայր, որը ծառայում է բանակում:

Ըստ վկայի, նշյալ օրը՝ ժամը 21.30-ի սահմաններում, տնից դուրս է եկել, ոտքով իջել է «Ծիածան» խանութի հարեւանությամբ գտնվող «Աշոտի խանութի» ուղղությամբ:

Խանութ չհասած՝ լսել էր գոռոցներ, հասկացել է, որ վեճ է: «Վազելով շենքի երկայնքով՝ դուրս եմ եկել Բակունցի նրբանցք: Նայելով վերեւ՝ նկատեցի շենքերի միջնամասում գտնվող վարսավիրանոցի դիմաց, ճանապարհի հատվածում մոտ քսան եւ ավելի անձինք վիճաբանում են, փոխադարձ հայհոյանքներ են տալիս, քայլեցի դեպի վերեւ: Ճանապարհին իրար հետեւ կանգնած էին երկու «Նիվա», սակայն նրանց մեջ մարդ չտեսա, համարներն էլ չեմ կարողացել տեսնել»,- ասել է վկան:

Ըստ նրա, երբ ինքը հայտնվել է «Կարենի բուտկի» դիմաց, նկատել է, որ «նիվաները» բարձրանում են այդ ուղղությամբ: Եղել է «Գրանդ շերոկե» մեքենա էլ, որի կողքին՝ տասը հոգի մարդ:

Նրանք էլ փոխադարձ հայհոյանքներ էին տալիս, իսկ նրանց մեջ ճանաչել է Վարաժին՝ թաղամասի բնակչին, որի՝ աշխարհի, Եվրոպայի չեմպիոնի մեդալներով նկարը տեսել է Մասիվի  123 երթուղու «գազելների» ապակիներին փակցված:

«Վարաժի հետ էին Բորիկի տղա Լոլոն, «Չոռնի» մականունով Արմենը, որի հայրանունը Ռոբերտ է՝  Հայրապետյան, «Ճուտը»,  որի անունը Դավիթ է, ազգանունը՝ Օհանյան, հայրը մահացած է: Այդտեղ էր նաեւ  Հակոբը, ազգանունը՝ Բուդաղյան, որին շատ լավ ճանաչում եմ, Նարեկն ու նրա երեք-չորս ընկերները: Ասեմ, որ Վարաժը, Նարեկն ու նրա երեք-չորս ընկերները  մի կողմից էին կռվում՝ Հակոբի, Դավիթի, Չոռնիի, Լոլոյի հետ, այլ անձինք էլ կային, որոնց չճանաչեցի: Նարեկն ու Վարաժը, երեք-չորս ընկերները հարվածում էին Լոլոյին, Դավիթին, Հակոբին, Չոռնիին, նրանց ընկերներին, որոնց դեմքերը չհասցրեցի տեսնել, որ ճանաչեմ»,- ասել էր իր ցուցմունքում վկան:

Վկան նկարագրել էր նաեւ Վարաժի մյուս ընկերներին՝ Մուկուչին, Նարեկի եղբորը՝ Ռաֆոյին, Թոսիկ մականունով Թաթոսին, բիլիարդանոցի աշխատակից Արամին, նրանց գործողությունները: Այս անտեսանելի վկան էր ասել, որ Նարեկի ձեռքին էլեկտրաշոկ էր եղել:

Վկան տեսել էր, թե ինչպես է Վարաժը աջ ձեռքի առարկայով, որը դանակի նման էր, կողքից հարվածել  Հակոբին, որն ընկել էր ու գոռում էր. «Խփեց, խփեց»: Ըստ այս վկայի, Վարաժը փախել էր, իսկ ինքն էլ օգնել էր, որպեսզի Հակոբին այդտեղ կանգնած «Մերսեդես» ավտոմեքենայում տեղավորեն, փոխադրեն հիվանդանոց: Ի դեպ, նա Հակոբի կողքին նստած է եղել. «Ընդունարանի դիմաց կանգնել է ավտոմեքենան, առաջինը ես իջա, հետո Հակոբին օգնել եմ, միասին մտել ենք ընդունարան: Հակոբին պառկեցրինք նասիլկի վրա, ուզում էի Հակոբի ու նրա բժիշկների հետ գնալ, բայց անկախ ինձնից՝ մի պահ հետ նայեցի, նկատեցի, որ ընդունարանի դիմաց կանգնեց Խանոյի «Գրանդ շերոկեն», մոտեցա նրանց: Վարդանը, որ Դավիթի ընկերներից է,  այդ կռվի մասնակիցներից, իջավ մեքենայի ետեւի մասից, հասկացա, որ ուզում է ինչ-որ մեկին իջեցնել. անմիջապես գնացի, իջեցրին Դավիթին, որն անշարժ էր»:

Քննիչի հարցին, թե մինչ հայտնի կռիվը, ցերեկվա ժամին կռվի, վիճաբանության ձայներ լսե՞լ էր վկան, նա պատասխանել էր, որ չնայած տանն է եղել, բայց քննիչի նշած ժամին նա վիճաբանություն չի լսել. «Մինչ կռիվը ոչ մեկին չեմ տեսել այդ օրը»:

Նկարագրելով տեսանելիությունը՝ ասել էր, թե իրեն ամեն ինչ տեսանելի է եղել, ավելին. «Մի փոքր աջուձախ եմ արել, որ կռիվը տեսանելի լինի»: Կռիվը, ըստ իր տեսածի, տեւել էր հինգ րոպե:

Վարաժ Մանուկյանը ցուցմունք տվեց, ասաց, որ ինքը ընդունում է միայն Հակոբ Բուդաղյանին դանակով վնասվածք հասցնելու մեղադրանքը, ինքը մարդասպան չէ, եւ Դավիթին չի հարվածել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30