Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անհրաժեշտ է վերսկսել դատաքննությունը»

Սեպտեմբեր 13,2013 13:41

Պահանջում են միլիոնների  յուրացման մեջ մեղադրվող վանաձորցու փաստաբանները

Նրանք պնդում են, որ անհրաժեշտ է անցկացնել կրկնակի դատահաշվապահական փորձաքննություն:

Առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման  մեջ մեղադրվող վանաձորցի Արտակ Գինոսյանի փաստաբաններ Գագիկ Սարդարյանն ու Արտակ Ոսկանյանը միջնորդություն են ներկայացրել Լոռու մարզի առաջին ատյանի դատարան՝ պահանջելով վերսկսել շուրջ մեկուկես տարի տեւող եւ ավարտին մոտեցած դատաքննությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արտակ Գինոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  2008թ.-ից մինչեւ 2009թ. սեպտեմբերի 17-ը աշխատելով «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում՝ ընկերության տնօրենի բանավոր կարգադրությամբ նույն ընկերության բաժանորդների սպասարկման բաժնի պետ Հ. Շաքարյանի եւ վերջինիս ղեկավարած բաժնի աշխատակցուհի Գ. Հովհաննիսյանի միջոցով կազմակերպել է ջրաչափական սարքավորումների վաճառքի գործընթացը, հավաքագրել է վաճառքից ստացված կանխիկ գումարները, սակայն հավաքագրած գումարների մի մասը՝ առանձնապես խոշոր չափի՝ 8.578.702 դրամ գումարը բանկային հաշվեհամարին չի մուտքագրել եւ այդ կերպ յուրացրել է։

Մեղադրյալի աթոռին են հայտնվել նաեւ «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի առեւտրային կազմակերպության առեւտրային տնօրեն Մարգար Գեւորգյանն ու «Հայփոստ» ՓԲԸ «Վանաձոր փոստային մասնաճյուղի» հաշվապահ Ռուզաննա Հակոբյանը:

Թեեւ դատաքննության փուլն արդեն ավարտված է, այնուամենայնիվ, Արտակ Գինոսյանի փաստաբան Գագիկ Սարդարյանը դատարանում հանդես եկավ միջնորդությամբ՝ պահանջելով վերսկսել դատաքննությունը:

«Այս պահի դրությամբ ես չեմ հավակնում հայտնել, որ իմ պաշտպանյալը բացարձակապես անմեղ է, այդ հարցին  վերջնական պատասխան կտա կրկնակի դատահաշվապահական փորձաքննությունը, եւ ապացույցների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտումը: Միջնորդում եմ վերսկսել դատաքննությունը, կատարել բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննություն, որի համար «ՎՏԲ» բանկից պահանջել 2008 եւ 2009 թվականների ընթացքում ջրաչափերի դիմաց հատուկ հաշվին կատարված մուծումների անդորրագրերի պատճենները: Անհրաժեշտ է նշանակել կրկնակի դատահաշվապահական փորձաքննություն, որի արդյունքներով միայն պետք  է  որոշել մեղավոր անձանց եւ նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը: Ամբաստանյալ Արտակ Գինոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխել, քննության առնել նրան գրավով ազատ արձակելու հնարավորության հարցը այն գումարի չափով, որը դատարանը հնարավոր կհամարի»,- դատարանում նշեց փաստաբան Գագիկ Սարդարյանը:

Փաստաբան Արտակ Ոսկանյանն էլ հավելեց, որ  դատաքննության  վերսկսումն ուղղակի անհրաժեշտ է:

«Անհրաժեշտ է վերսկսել դատաքննությունը, լրացուցիչ հետազոտել առանձնապես խոշոր չափի վերաբերյալ ապացույցները, մասնավորապես՝ մեր կողմից  ներկայացված մասնագետի կարծիքը: Պաշտպանական կողմը դատարան է ներկայացրել անհերքելի ապացույցներ այն մասին, որ պակասորդ ընդհանրապես առկա չէ, պակասորդի բացակայությունն արդեն խոսում է այն մասին, որ գոյություն չունեցող գումարի յուրացում չէր էլ կարող լինել»,- եզրափակեց նա:

 ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30