Սա «Բարձրագույն կրթությունն այսօր Հայաստանում» զեկույցի ուղերձն է
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի պատվերով «Բարձրագույն կրթությունն այսօր Հայաստանում» զեկույց է պատրաստվել, որը ներկայացնում է կրթության ոլորտի ներկա իրավիճակը եւ Բոլոնյան գործընթացներից շեղումները:
«Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ զեկույցի վրա աշխատած մարդիկ թե բարձրագույն կրթության, թե բարձրագույն կրթության ռեֆորմի եւ թե զարգացման քաղաքականության հրաշալի մասնագետներ են:
Տիկին Մինասյանի ձեւակերպմամբ, թեեւ հիմնադրամը բավական լավ գաղափար ունի, թե ինչպիսին է իրականությունը, սակայն զեկույցը զուտ հիմնադրամի սուբյեկտիվ կարծիքը չէ: Այն իրավիճակի վերլուծությունն է, եւ նոր գիտելիք, որը օգտակար կլինի թե համալսարանների եւ թե ռեֆորմն իրականացնողների համար:
Կարդացեք նաև
Լարիսա Մինասյանը վկայակոչելով զեկույցում առկա տվյալները, փաստում է, որ Հայաստանի կրթահամակարգում նախեւառաջ որակի խնդիր կա, իսկ Որակի ապահովման ազգային կենտրոնի ստեղծումը թյուրիմացաբար նույնացվում է որակի հետ: Մեր զրուցակիցը փաստում է, որ չի կարող նման կենտրոնը նպատակին ծառայել, որովհետեւ նրա խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է, որը մեկ այլ բուհի խորհրդի նախագահն է. «Անհեթեթ է, երբ մի բան հռչակում ես անկախ, բայց քո երկրի օրենսդրությունը ոչ մի ձեւով դա չի ապահովում, այլ ընդհակառակը՝ պահանջում է դրա անկախ չլինելը, ակնհայտորեն զրոյացնելով ռեֆորմի իմաստը»:
Լարիսա Մինասյանի ասելով, այս ամենի մեղքը չի կարելի գցել դոնորի վրա, որի կողմից բավականաչափ ֆինանսավորում է եղել, եւ որը հիմնվել է պետության կողմից հռչակված ռազմավարության վրա:
Մեր դիտարկմանը, թե անընդհատ շեփորվում է, որ Հայաստանը ստանձնել է 2012-2015 թվականներին Բոլոնյան գործընթացի քարտուղարությունը եւ այժմ համանախագահող երկիրն է, տիկին Մինասյանը փաստեց. «Երկրներ կան, որ ծախսի հետ կապված են այդ պատիվը զիջել Հայաստանին, մենք էլ գնացել ենք դրան: Լավ է, նման հավակնություններ ունենք, բայց պետք է կարողանանք նշաձողը բարձրացնել: Մինչդեռ դրա տակ ոչ մի տեսանելի միջոցառում, նշաձողին համապատասխան պահանջների բարձրացում, թե մենք, թե զեկույցը կազմողները չեն տեսել: Միայն այն բանի համար, որ կրթության նախարարները կհավաքվեն Հայաստանում կամ 2015 թվականին մի միջոցառում կլինի, մեկ հատ էլ գիտաժողով, ոչ փաստ է փոխվում, ոչ չափանիշները, ոչ որակը, ոչ էլ անվստահությունը»:
Ըստ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի, զեկույցը ցույց է տալիս բարձրագույն կրթության համակարգը՝ պայմանավորված Հայաստանի ընդհանուր վիճակով եւ քաղաքականությամբ:
Նրա համոզմամբ, քննարկումների ժամանակ էլ է հնչել, որ Բոլոնիայի գործընթացի արդյունավետ իրականացման համար պետք է լինի անհրաժեշտ միջավայր. «Դա նախ երկրի ընդհանուր դեմոկրատական վիճակն է, ժողովրդավարական բարեփոխումները, ընտրությունները, դատական համակարգի անկախությունը, խոսքի ազատությունն ու մամուլի ազատությունը, արտահայտվելու իրավունքի պաշտպանությունը եւ այլն: Այս գրավականների առակայության պարագայում կարող էինք խոսել Բոլոնիայի արդյունավետ գործունեության մասին»: Նա հավելեց, որ իրենց հիմնադրամը ապահովել էր բարեփոխման տեխնիկական կողմը, կանոնակարգման գործիքները, սակայն պարզվում է, որ ֆորմալ, փաստաթղթային մասի ապահովումը դեռեւս ռեֆորմի իրականացման վստահելի գրավական չէ, երբ մեր պետության կուրսը փոխվում է, եւ այն ամենը, ինչ հռչակում էր Բոլոնիան, հայտնվում է հարցականի տակ:
Զեկույցում անդրադարձ կա բուհերի խորհուրդների ղեկավարների՝ կուսակցական գործիչներ, կառավարության անդամներ լինելուն, ԵՊՀ-ի խորհրդի նախագահն էլ ՀՀ նախագահն է, ինչը բուհերի վրա անվերապահ վերահսկողության հնարավորություն է:
Դավիթ Ամիրյանը հղում անելով զեկույցին, տարակուսանք է հայտնում բուհի կառավարման խորհրդում 50% պետական մասնակցության վերաբերյալ. «50% պետական մասնակցությունը բուհերի կառավարման խորհուրդներում (բուհերի կառավարման խորհուրդներում 25% անդամներին առաջարկում է հիմնադիրը, իսկ 25%-ին՝ ԿԳ նախարարությունը)՝ ուղղակիորեն հսկողություն է ակադեմիական, ստեղծագործական ազատությունների եւ բուհի վրա ընդհանրապես, մինչդեռ բուհերը, ըստ էության, պետք է լինեին բոլոր ազատությունների ծնվելու եւ դրսեւորման վայր: Ինչ վերաբերում է կուսակցականացված ուսխորհուրդներին, դրանք էլ ուսանողներին ճնշելու միջոց են, զնդան, որտեղ կերտվում է ապագա կուսակցական եւ քաղաքական գործիչ: Ուսանողությունը պետք է լինի ամենաըմբոստը եւ հակակշիռը՝ այլ կառույցների ու գործողությունների»: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, նման իրավիճակը խնդիր է դառնում կրթական ռեֆորմի իրականացման ժամանակ, մինչդեռ ցանկացած բուհ մտնելիս՝ Բոլոնիայի գործընթացի հետ կապված բոլոր կանոնակարգերն առկա են, փաստաթղթերով՝ ամեն ինչ տեղը-տեղին. «Մենք առաջնային ուշադրությունը տալիս ենք որակին, իսկ որակը չի փոխվել: Բոլոնիայի գաղափարը՝ իր ողջ փիլիսոփայությամբ վերցվել եւ ուղղակի համապատասխանեցվել է մեր իրականությանը»: Դավիթ Ամիրյանի խոսքով, այսօր բազմաթիվ դասախոսներ կարոտախտով են հիշում նախկին կրթահամակարգը, փոխանակ իրականացնելու բարեխումները: Նրա ասելով, եթե նույնիսկ մշակված բոլոր ուղեցույցներն առկա են, հոգեբանորեն պետք է հաղթահարել ներքին կոնֆլիկտը:
Դավիթ Ամիրյանը հղում անելով զեկույցին, կարծիք է հայտնում, որ տվյալ պարագայում տեղի է ունեցել ոչ միայն ժամանակի, այլեւ ֆինանսական միջոցների անարդյունավետ վատնում, ու սերունդները քսան-քսանհինգ տարի հետո մարելու են Համաշխարհային բանկի տրամադրած վարկը, որն ըստ էության նպատակին չի ծառայել:
Փակուղային իրավիճակում ի՞նչ լուծումներ կան:
Դավիթ Ամիրյանի ասելով, թեեւ պատկերը գորշ է, սակայն տարբերակներ կան, որոնք կարող են դառնալ քննարկման առարկա՝ հանրության լայն շրջանակի մասնակցությամբ. «Կարեւոր է, որ ոչ միայն ոլորտի մասնագետները մասնակցեն կամ կարծիք հայտնեն, այլ ավելի ընդգրկուն համայնք ձեւավորվի, քանի որ կրթությունն առնչվում է մեր հասարակության յուրաքանչյուր անդամի, իսկ կրթական համակարգը՝ մարդու մի քանի ազատությունների հետ: Կարեւոր է ունենալ տարբերակներ, որոնք դուրս կլինեն առանձին վերցրած մարդկանց անձնական շահերից: Անհրաժեշտ են քաղաքականությունից զերծ զարգացման ուղիներ եւ քաղաքականություններ, որոնք կունենան ընդամենը մեկ գերակա շահ՝ Հայաստանի Հանրապետության եւ հասարակության զարգացումը»:
Նրա համոզմամբ, պետք է «փակվեն» բոլոր այն ճանապարհները, որով որեւէ քաղաքական կուսակցություն կարող է ազդեցություն ունենալ կրթության ոլորտի վրա: Դավիթ Ամիրյանը կարծում է, որ բուհերի կառավարման խորհուրդների կազմում չպետք է լինի որեւէ պաշտոնյա, իսկ ԿԳ նախարարությունը չպետք է մասնակցություն ունենա բուհի կողմից մասնագիտության առարկայական ցանկի հաստատման հետ:
Մեր դիտարկմանը, թե զեկույցում մի շեշտադրում կար, որ կոռուպցիան նորմալ է ընկալվում մեր կրթական ոլորտում, հիմնադրամի «Բարձրագույն կրթություն եւ ուսուցումն արտերկրում» ծրագրերի համակարգող Աննա Գեւորգյանը պատասխանեց Transparency International-ի տվյալներով՝ կրթությունն ամենակոռումպացված ոլորտներից մեկն է Հայաստանում: Աննա Գեւորգյանի խոսքով, այստեղ նաեւ մենտալիտետի խնդիր կա, որ կրթությունն առաջնահերթություն է հայ ընտանիքում, եւ ծնողները հանուն իրենց երեխաների կրթության, պատրաստ են ամեն ինչի: Դավիթ Ամիրյանի համոզմամբ էլ, իրավիճակը կփոխվի, եթե հասարակությունը պահանջատիրական մոտեցում ունենա կրթության հանդեպ:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ զեկույցի այն հատվածին, որտեղ խոսվում է բուհերի՝ ֆինանսական միջոցները ինքնուրույն չտնօրինելուն:
Դավիթ Ամիրյանի ձեւակերպմամբ, Բոլոնիան առաջարկում է մի համակարգ, որտեղ կոռուպցիան, եթե չպետք է իսպառ վերանա, գոնե կհասնի նվազագույնի, բայց քանի որ կա որակի խնդիր, որը կապվում է հսկողության, քաղաքականացված իրավիճակի հետ, այս պարագայում կոռուպցիան դառնում է այլ երեւույթներից ածանցյալ մի բան:
«Օրինակ՝ ուսման վարձերը թանկացել են, եւ դրանց դեմ ոչ մի բացասական բան չեմ կարող ասել, բայց դրա ձեւի հետ կապված նկատառումներ ունեմ: Թանկացման արդյունքում համալսարանի դասախոսների որոշակի կատեգորիայի աշխատավարձը կբարձրանա, մյուսներինը կբարձրանա հաջորդ տարի՝ 5-10 %-ով: Այս աշխատավարձերի բարձրացումը որակի հետ կապված որեւէ ազդեցություն կարող է չունենալ, քանի դեռ չկան հարաբերությունները կարգավորելու մեխանիզմներ: Պետք է այնպիսի համակարգ ստեղծվի, որը կկառուցվի որակի սկզբունքի վրա: Մինչդեռ, օրինակ, եթե ՈԱԱԿ-ի ղեկավարը վարչապետն է, որը նաեւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահն է, ու նաեւ գործադիր մարմնի ղեկավարը, դա էապես փոխում է պատկերը:
Զեկույցում նշված է, որ պետությունը բուհի ֆինանսավորման մեջ ընդամենը 9-33%-ի չափով մասնակցություն ունի, ու չնայած դրան, բուհերը համարվում են պետական: Այդպիսով, նա ակադեմիական ազատությունների հարց է թելադրում, պլյուս կուսակցականությունը: Եվ այս պարագայում ուզում ենք, որ ռեֆորմն իրականացվի՞: Այնպես որ, մեխանիզմներ պետք է գտնել, բայց հենց մեխանիզմները գտնեն, որակը ապահովվի, ֆինանսը լինի, բուհը դուրս է գալիս վերահսկողությունից, ինչն այսօրվա պարագայում ոչ մեկին ձեռնտու չէ… Բոլոնիան ենթադրում է, որ մեր բուհական համակարգով գնանք եվրոպական ընտանիք, ունենանք հավասար վիճակ եւ համագործակցություն արտերկրյա բուհերի հետ, մինչդեռ մեծ խնդիր ունենք հենց մեր երկրի ներսում՝ հայաստանյան բուհերը իրար հետ չեն համագործակցում»,- փաստում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրենը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ