Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեր «Սպարտակին» վրացիները «տարան»

Սեպտեմբեր 13,2013 13:30

RubenԱզգային օպերային թատրոնի բալետի արտիստ Ռուբեն Մուրադյանը հանդես կգա վրացական թատրոնում

Պետությունների միջեւ կնքվող ունիվերսալ համարվող բաց պայմանագիրը, որը երկկողմ շահեր հետապնդող համաձայնագիր է, Արեւմուտքում վաղուց կնքվում է նաեւ արվեստագետների հետ: Մեր իրականությունում առաջին անգամ նման փաստաթուղթ է ստորագրվել Վրաստանի Զաքարե Փալիաշվիլու անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պրեմիեր պարող Ռուբեն Մուրադյանի միջեւ:

«Առավոտի» հետ զրույցում Ռուբենին հիշեցրինք, թե ինքը քանիցս հրաժարվել էր արտերկրում պայմանագրային հիմունքներով աշխատելու հրավերներից եւ հետաքրքրվեցինք, թե ինչով էր գրավիչ վրացիների առաջարկը: Արվեստագետը նախ ներկայացրեց բաց պայմանագրի առավելությունը, նշելով, թե արտիստը, ըստ կնքված պայմանագրի ժամկետի ապրելով ու ստեղծագործելով հրավիրող երկրում,  միաժամանակ կարող է ընդունել այլ հրավերներ, ընդ որում՝ նաեւ «սեփական» երկրից: «Առաջարկը ստացել եմ Վրաստանի օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ պարուհի Նինո Անանիաշվիլիի կողմից, պայմանագիրն էլ ստորագրել մինչեւ հունվար: Ըստ պայմանագրի՝ գլխավոր դերապարերով ընդգրկված եմ 3 ներկայացումներում եւ անվանի խորեոգրաֆ Կիլյանի կողմից բեմադրվող մեկ ներկայացման մեջ, որտեղ հանդես եմ գալու հենց Նինո Անանիաշվիլու հետ»,- ասաց մեր զրուցակիցը:

Հետաքրքրվեցինք, թե ինչու ժամանակին մերժեց Մեծ թատրոնի հրավերը, որի կազմում Սպարտակի մենապարով հանդես էր եկել ԱՄՆ-ում: «Նախ դա համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ Մեծ թատրոնում խառնաշփոթ էր՝ գլխավոր բալետմայստեր Սերգեյ Ֆիլինի երեսին ծծմբաթթու էին լցրել… Մեր ժողովրդի մեջ այն կարծիքն է ձեւավորված, թե արտերկրում հայտնված արվեստագետները փախչում են հայրենիքից. գոնե բալետային ոլորտում այդպես չէ: Այո, եվրոպական թատրոններում այսօր բեմ են բարձրանում շուրջ 50 կոլեգաներս, բայց չմոռանանք, որ նրանք հայրենիքից հեռացել են այն տարիներին, երբ մշակույթի մասին խոսք լինել չէր կարող: Գուցե ես էլ 90-ականներին հետեւեի նրանց օրինակին…»,- ասաց  արվեստագետը: Ռեպլիկին, թե ստացվում է՝ ոչ մի խնդիր չկա՞ «բալետային Հայաստանում», Ռուբենը պատասխանեց. «Իհարկե՝ կա. սկսած խաղացանկից, վերջացրած աշխատավարձով կամ հակառակը: Բայց չի կարելի չնկատել վերջին շրջանի առաջընթացը ընդհանրապես մշակութային ոլորտում: Գուցե ոչ մեկը չի բարձրաձայնում, բայց բոլորս գիտենք, որ նախկինում նույնիսկ «մշակութային» պաշտոն էին փորձում վաճառել… Օրինակ՝ այս թատերաշրջանի սկզբից, որը բացվում է սեպտեմբերի 20-ից մինչեւ հունվար, յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում ամրագրված է մեկ բալետային ներկայացում: Ինչ վերաբերում է հարուստ խաղացանկ ունենալուն, լավ կյանքից չէ, որ, օրինակ, «Սպարտակ» ներկայացման մեջ պահանջվող մեծ թվով պարողները լրացվում են «Բարեկամություն» անսամբլից հրավիրյալներով: Եթե վերականգնվի կամ բեմադրվի Չայկովսկու «Կարապի լիճը», նույն խնդիրը կառաջանա պարուհիների հարցում: Իհարկե, մենք մեր պահանջները ներկայացնում ենք, բայց ի վերջո պետք է հասկանալ, որ մեր երկիրը ոչ ծով ունի, ոչ գազ, ոչ նավթ…»: Արտիստը  օրինակ բերեց, որ երբ վերջերս Երեւանի օպերային թատրոնի բալետային խումբը հյուրախաղերով գտնվում էր Քաթարի Հանրապետությունում, իրեն տեղեկացրել են, որ շեյխի հայրը, այսինքն՝ նախկին շեյխը վերջերս որոշել է փակել բոլոր քաթարցիների պարտքերը պետությանը, ավելին, այդ պետությունը նորաստեղծ ընտանիքներին  տրամադրում է 230 հազար դոլար, վերացված են բոլոր տեսակի հարկերը եւ այլն, հավելելով. «Սա ուրիշ օպերայից է: Ախր մեր երկիրը այդքան հարուստ չէ»:

Հարցին, թե երբեւէ օգտագործե՞լ է ՀՀ նախագահի կամ մշակույթի նախարարի հետ հանդիպումների առիթը՝ մեկ անգամ եւս բարձրաձայնելու պարողների չնչին աշխատավարձի մասին, Ռուբեն Մուրադյանն ասաց. «Սերժ Սարգսյանի հետ վերջին հանդիպման ժամանակ նախագահը խոստացավ, որ հունվարից պարողների աշխատավարձը կբարձրանա 50 տոկոսով, իսկ իմ եւ մշակույթի նախարար տիկին Պողոսյանի միջեւ մշտապես ընթանում են ստեղծագործական զրույցներ, օրինակ՝ խնդրել եմ վերականգնել ժամանակին խորեոգրաֆ Մաքսիմ Մարտիրոսյանի բեմադրած՝ Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը, որտեղ փայլել են Աննա Մարիկյանն ու Ռուդոլֆ Խառատյանը: Այս բալետը մշտապես համեմատում եմ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հետ…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30