Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքի Կերեն գյուղը 2013թ. հունիսի 27-ից ԼՂՀ կառավարության որոշմամբ ստացել է առանձին համայնքի կարգավիճակ: 2012 թվականին վերջնականապես ավարտվեց դպրոցի շենքի կառուցումը: Այս տարի առաջին դասարան հաճախում է 2 աշակերտ, ավարտական դասարաններում աշակերտներ չկան: Սեպտեմբերի 8-ին այցելեցի Կերեն, որտեղ կան հնադարյան դամբարաններ եւ արդեն 10 տարի է, ինչ պեղվում են հնագետ Արտակ Գնունու կողմից: Զրուցեցի դպրոցի տնօրեն Վալերի Թումասյանի հետ, եղա դպրոցում: Տեղեկացրեց, որ կրթօջախը հիմնականում ապահովված է ուսուցիչներով, միայն կա պատմության ուսուցչի պահանջ: Մանկավարժներից Աշխեն Ամիրխանյանն ընտանիքով եկել է Դիլիջանից, ունի 3 դպրոցահասակ երեխա. ամուսինը վերջերս զոհվեց ավտովթարից: Ամուսիններ Ա. Ավագյանն ու Ն. Մարտիրոսյանը նույնպես դասավանդում են դպրոցում, ունեն 3 երեխա, երկուսը՝ դպրոցական: Դոլորես Ղազարյանը Կերենի բնակիչ է, ժամանակավոր դասավանդում է հայոց լեզու եւ գրականություն: Տնօրենը գյուղի հիմնադիրներից է. այստեղ են բնակվում 2 որդիներն իրենց ընտանիքներով: Աշակերտների մի մասը գալիս են հարեւան Գրհամ գյուղից: Համայնքի Սպիտակաշեն գյուղում կան 4-5 դպրոցականներ, սակայն մեքենայի բացակայության պատճառով հաճախում են Կապանի դպրոցներ: Կա գույքի եւ դասագրքերի պակաս: Ճիշտ է, շենքը նոր է կառուցվել, սակայն դասարանները չեն հերիքում. չկա ՆԶՊ կաբինետ: Աշակերտների ուսման վրա բացասական ազդեցություն է թողնում էլեկտրական հոսանքի բացակայությունը: Միջանցքի պատերին ստեղծագործ աշակերտների գործերն են փակցված: Առավելապես հետաքրքրեց 10-րդ դասարանի աշակերտուհի Ալիսա Ամիրխանյանի ստեղծագործությունները՝ գունանկարներ ջրաներկով եւ գծանկարներ: Ուսուցչուհի Աշխեն Ամիրխանյանի դուստրը՝ Ալիսան, 3 տարի հաճախել է Դիլիջանի Հովհ. Շարամբեյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ: Այժմ էլ՝ որպես ազատ ունկնդիր, հաճախում է Կապանի գեղարվեստի պետական քոլեջ: Սիրում է նկարել, սակայն որոշել է իրավաբան դառնալ: Տնօրենն ու ուսուցիչներն ասացին, որ բոլոր առարկաները լավ է սովորում, օգնում է կրտսերներին: Իմ հարցին, թե ինչո՞ւ է որոշել իրավագետ դառնալ, ասաց՝ շատ է սիրում կարգ ու կանոն: Ավելացրեց նաեւ, որ դժվարությամբ է նկարելու համար նյութեր ձեռք բերում, հատկապես բատիկայի համար: Չնայած առկա պայմաններին՝ սիրում է Կերեն գյուղը:
«Ազգանվեր գործ եմ համարում, որ բնակվում ենք ազատագրված մեր հայրենիքում, շենացնում ենք», – ասաց Ալիսան՝ ավելացնելով, որ հավատում է՝ կունենան էլեկտրական հոսանք եւ բարեկեցիկ բնակարան:
Նույն ցանկությունն է հայտնում նաեւ 3-րդ դասարանցի Լիլիան: Գյուղում վերջերս բացի դպրոցից, կառուցվեց եւս 3 բնակելի տուն, սակայն դա դեռ քիչ է, որ գյուղը կայանա: Անհրաժեշտ է կարգավորել նաեւ խմելու եւ ոռոգման ջրի խնդիրը:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ