Լրահոս
Օրվա լրահոսը

Զրոյական գումարելիով խաղ չի լինում

Սեպտեմբեր 13,2013 13:11

Մեր երկրի եւ աշխարհի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ մենք սովորաբար քաղաքականությունը, ինչպես նաեւ կյանքն՝ ընդհանրապես, պատկերացնում ենք որպես խաղ՝ զրոյական գումարելիով (zero-sum game): Ինչպես սպորտում. մի թիմը մյուսին հաղթել է 3:0, մյուսը, բնականաբար, պարտվել է 0:3՝ դրանք իրար գումարելով ստանում ենք բացարձակ զրո: Կարող եմ բերել այլ օրինակներ, որոնք, որպես կանոն, իրական կյանքում չեն հանդիպում եւ չեն հանդիպելու: Ենթադրենք, ամուսինները բաժանվում են. մեկը ստանում է երեխաներին, տունը, մեքենան եւ բոլոր խնայողությունները, մյուսը հայտնվում է փողոցում՝ բոմժի կարգավիճակով: Կամ՝ մենք հաղթում ենք Ադրբեջանին,  գրավում ենք Բաքուն, որտեղ Ալիեւը  ստորագրում է կապիտուլյացիայի ակտը, ըստ որի՝ Ղարաբաղը դառնում է Հայաստանի մասը: Կամ՝ հակառակը Երեւանում: Մեկ այլ օրինակ. ընդդիմությունը գալիս է իշխանության, որի ներկայացուցիչներին կախում է բոլոր հնարավոր ծառերին: Հակառակը՝ բոլոր ընդդիմադիրները հայտնվում են բանտում, եւ իշխանությունն իր համար քեֆ է անում: Վերջին օրինակը. կառավարությունը որոշում է ընդունում կենսաթոշակ չբաժանել եւ ամբողջ բյուջեն ծախսել արտադրության վրա: Հակառակը՝ ամբողջ բյուջեն ծախսում է կենսաթոշակների վրա: Բոլոր այդ խաղերում ի հայտ են գալիս 100 տոկոսանոց հաղթողներ եւ 100 տոկոսանոց պարտվողներ:

Բայց նման խաղ հնարավոր է միայն սպորտում: Հասարակական կյանքում՝ սկսած կենցաղային, վերջացրած  միջազգային հարաբերություններով, դա բացառված է: Եթե նույնիսկ որեւէ մեկին թվում է, թե նա «չոր հաշվով» հաղթել է իր ախոյանին, ապա դա զուտ ժամանակավոր, տվյալ պահին արձանագրված երեւույթ է: Ինչպես մոտավորապես 24 դար առաջ ասել է մի տաղանդավոր զորավար՝ եւս մի այսպիսի հաղթանակ, եւ մենք կմնանք առանց զորքի: Ամբողջ հարցն այն է, որ ի տարբերություն սպորտային խաղի, որտեղ մրցավարի սուլոցն ազդարարում է խաղի ավարտը, մնացած բոլոր «խաղերում»  կյանքը շարունակվում է, հետեւանքները բազմազան են, եւ «վերջնահաշվարկը» կարելի է կատարել միայն տվյալ պահի, ոչ թե հավերժության կամ նույնիսկ՝ մոտակա պատմական հեռանկարի համար:  Օրինակ՝ 1996 թվականին թալիբները կախաղան հանեցին նախկին ղեկավար Նաջիբուլային: Արդյոք դրանով ավարտվե՞ց թալիբների կամ Աֆղանստանի պատմությունը:

Հենց այդ պատճառով էլ բանական մարդիկ գերադասում են խաղ՝ դրական արդյունքով, որտեղ մեկի հաղթանակի եւ մյուսի պարտության գումարելին զրո չի կազմում, խաղ, որտեղ այս կամ այն չափով երկուսն էլ հաղթում են: ԵՄ-Ռուսաստան խաղը հենց այդպիսին պետք է լինի: Ռուսաստանը չպիտի երկու ոտքը մի կոշիկի մեջ դնի եւ բավականին պարանոյիկ ձեւով պնդի, որ Եվրոպական հարեւանության ծրագիրն ուղղված է իր դեմ: ԵՄ-ն էլ չպիտի չափազանցված նեղացկոտություն դրսեւորի եւ հայտարարի՝ «Ախ, դուք Ռուսաստանի հետ եք, ուրեմն…»: Ինչպես հայտնի է, երկու համակարգերի հակասությունը լուծվում է ավելի մեծ՝ ընդհանրացնող համակարգի պայմաններում:

…Քրիստոսի եւ նրա աշակերտների տրամադրության տակ էին ընդամենը 7 հաց եւ մի քանի մանր ձկներ: Հիսուսը կտրտեց հացը եւ տվեց աշակերտներին, որպեսզի նրանք բաժանեն ժողովրդին: Այդպիսով կշտացավ 4000 հոգի: Խաղ՝ բազմապատկված արդյունքով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Թողած մեխը, անգամ նալը՝
    Բաժանում է լյումինալը…

  2. Spartak says:

    Որքան ենք սիրում լոյալ դիրքորոշում ունենալ իրական ասելիք ունեցող խնդիրների նկատմանբ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30