Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Մենք ԵՄ-ի հետ բանակցելով՝ ծախս չենք արել»

Սեպտեմբեր 13,2013 13:08

«Ֆյուլեի տեսակետը նրա անձնական տեսակետն է, մենք պաշտոնական Եվրոպայից արձագանք չունենք, շատ սովորական է ընդունվում Սերժ Սարգսյանի որոշումը, ուղղակի ընդդիմադիր դաշտը ինչ-որ կոտրվածություն է զգում իր մեջ եւ փորձում է թիրախ դարձնել իշխանություններին»,- այսօր «Արցախ» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցոււթյան ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նա չհամաձայնեց, որ Հայաստանը, Մաքսային միություն մտնելով, կորցնում է իր սուվերենությունը. «Այն երբեք չի վնասի ՀՀ անկախությունը: Դրա մեկենասներից մեկը հենց այսօրվա անկախությունն է»:

Aravot.am-ի հարցին՝ Դուք, լինելով իշխանական առաջնային դեմքերից մեկը, սեպտեմբերի 3-ի առավոտյան պնդում էիք, որ Ասոցացման համաձայնագիր ենք ստորագրելու, Սերժ Սարգսյանի այդ որոշումն անակնկա՞լ էր անգամ իշխանական օղակների համար, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այո, մենք նորից աշխատում ենք, որ այդ շրջանակներում նորից գործենք: Դա անընդհատական պրոցես է: Մենք այդ պրոցեսների մեջ պիտի ավելի լավ աշխատենք եւ ավելի շահեկան վիճակ ստեղծենք մեզ համար: Մեզ համար անակնկալ չէր կարող լինել, որովհետեւ այնպես չի, որ միտքը շտապ ոտքի վրա է կառուցվում: Մոտ մեկ տարի է՝ անընդհատ եւ-եւ, կամ-կամ է քննարկվում, մենք միշտ ասել ենք, որ եւ-եւ-ի կողմնակից ենք, այսինքն՝ մենք պիտի համագործակցենք ե՛ւ ՌԴ-ի հետ, ե՛ւ եվրոկառույցների հետ»:

Հարցին՝ ի՞նչ կտա Հայաստանին Մաքսային միությունը, նա պատասխանեց, որ արդեն տալիս է. «Մեր շուկաների առումով, հետո մեր անվտանգության ռեժիմներն ավելի է ամրացնում: ՀՀ տնտեսությունը՝ որպես շուկա, առայժմ մատչելի է մաքսային տարածքների շուկաների հետ: Ի՞նչ ենք արտահանելու եվրոպական շուկաներ՝ դա տարիներ կտեւի, թեկուզ ազատ թույլատրվի եվրոպական շուկաներ արտահանենք: Այսօր մեր արտադրանքն իրացվում է հիմնականում ռուսական շուկայում: Մեր էներգետիկ անվտանգությունն էլ է կապված ՌԴ-ի հետ, էլ չեմ ասում մեր սահմանների պաշտպանությունը»:

Մեր դիտարկմանը, որ ռուսական շուկա խմիչք է արտահանվում՝ գինիներ, իսկ եվրոպական շուկա՝ արդյունաբերական արտադրանք, իսկ արդյունաբերությունն է հիմնականում աշխատատեղ ապահովում եւ տնտեսության վրա լուրջ ազդեցություն ունենում՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այդ շուկան մեզ համար բաց է: Խոսքը մեր ընդերքին է վերաբերում, դրա պահանջարկը մեծ է ամբողջ աշխարհի շուկաներում, այստեղ մենք շուկաներ նվաճելու խնդիր չունենք: Դրանից ավելի շահագրգռված են ուրիշ երկրներ, որպեսզի հնարավորություն ունենան մեր արտահանումից օգտվելու»:

Իշխանությունը, որպես հիմնական փաստարկ, բերում է ԼՂՀ անվտանգության հարցը, ուստի մեր հարցին՝ եթե իսկապես ԼՂՀ հարցն է պատճառը՝ Մաքսային միություն մտնելու, ապա 4 տարի ինչո՞ւ էիք բանակցում եւ ավելորդ ռեսուրսներ ծախսում, այդքան պատվիրակություններ էիք ուղարկում գործուղումների՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ԵՄ-ի հետ բանակցելով՝ ծախս չեն արել. «Այդ ծախսերը շատ սուղ ծախսեր են եղել մեր պետբյուջեի վրա, ավելի շատ եվրոպական գրանտների միջոցով է կարգավորվել: Այստեղ արդյունքներն այնքան շատ են, որ մտահոգություն պիտի չլինի: Ժողովրդավարական սկզբունքներն են մշակվել Եվրոպայի հետ, որը ամենադրական քայլերից մեկն է: Խոսքը տնտեսության մասին է, քաղաքական տեսակետից մենք բավարար առաջընթաց ունենք՝ Եվրոպայի հետ համագործակցելու առումով»:

Հարցին՝ պաշտոնական Եվրոպան եթե «եւ-եւ»-ի տարբերակը բացառի, ի՞նչ եք անելու, Գալուստ Սահակյանը ի պատասխան վստահեցրեց. «Եվ-եւ-ի տարբերակը երբեք չի բացառվի: Եվրոպական կառույցները խնդիրներ չունեն մեզ հետ: Գործընթացներն այնպիսին են, միգուցե մենք ավելի շահավետ ենք պատկերացնում Եվրոպայի հետ մեր համագործակցությունը, բայց անշուշտ, եւ Եվրոպան, եւ մյուս պետությունների հետ համագործակցությունը բխում է ոչ միայն մեր շահերից, այլեւ՝ երկու պետությունների: Եվրոպայի համար շատ շահեկան է, որ մեր պետության հետ համագործակցության ծրագիր իրականացվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչքա՞ն մարդ կարող է չսիրել իր հայրենիքը, իր ազգը, իր ժողովուրդը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30