Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ «Ես Yes!»-ի և Անի Քոչարի շուրջ պատմություններից (Տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2013 12:34

Երեկ «Ani Qochar PRODUCTION»-ը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ «Ես Yes!» երիտասարդական ամսագիրը Անի Քոչարից խլել են, այժմ էլ փորձում են խոչընդոտել Անիի հրատարակած նոր` «Ես եմ…» ամսագրի հրատարակությունը

Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Անի Քոչարը ցույց տվեց «Ես Yes!» երիտասարդական ամսագրի մակետը, որը ինքն է կատարել 2006-ին և ինքը փորձնական հրատարակել է ժամանակին: Անի Քոչարն այս կապակցությամբ փոխանցեց հետևյալը. «Ամենամեծ մեղքի բաժինը հենց իմն է այնքանով, որ, լինելով ուսանող, չէի մտածում, որ պիտի տանեի իմ ստեղծած մտավոր սեփականությունը գրանցեի: Նրանք տարել ու մտավոր սեփականությունը գրանցել են, հետո ինձ տեղեկացրել են, որ ոչ թե հին պայմանով ենք աշխատելու, այլ հիմա իրենք ինձ լիցենզիա պիտի տրամադրեն, ու ես դրա համար պիտի վճարեմ»:
Panarmenian Media Group-ը ևս պարզաբանում է տարածել՝ համաձայն որի՝ «ամսագիրը հիմնադրվել է 2006-ի մայիսին «ՍԻԷՍ Փաբլիշինգ Հաուս» ՓԲԸ-ի կողմից: Աշխատանքի հրավիրելով ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին, այդ թվում և Անի Քոչարյանին, «ՍԻԷՍ Փաբլիշինգ Հաուս» հրատարակչությունը տնօրենի հրամանով Անի Քոչարյանին երկու ամիս փորձաշրջանով (հրաման թիվ 07/կ, 27.04.2006թ) նշանակել է «Ես՞Yes!» ամսագրի գլխավոր խմբագիր, այնուհետև հաստատել այդ պաշտոնում: 2011-ի մարտի 1-ին Անի Քոչարյանը համաձայն իր դիմումի ազատվել է աշխատանքից»:
Անի Քոչարը սա ծիծաղելի է համարում ու մանրամասնում. «Նրանք ուղղակի չէին պատկերացնում, որ ես մակետը կպահպանեմ: Ես որևէ հարցազրույցի չեմ գնացել, ես պրակտիկանտ չեմ եղել: Ինձ համար նոր բան ստեղծելը դժվար չէր, դա ես հիմա էլ եմ անում և հաստատ ոչ մեկի ստեղծածին տեր կանգնելու նպատակ չունեմ:Այն նոր ամսագիրը՝ «Ես եմ»-ը, որ հրատարակում եմ հիմա, որոշել են կալանքի տակ դնել: Այնինչ դատարանը մասնակի կալանք դնելու որոշում էր կայացրել՝ առանց ինձ որևէ ծանուցում ուղարկելու: Հիմա կրպակներում սպառնացել են, որ նոր ամսագիրը չվաճառվի»:
Անի Քոչարը հստակեցրեց, որ այժմ շուկայում եղած «Ես Yes!» և «Ես եմ» ամսագրերը իր հրատարակածն են, թեև ինքը «Ես Yes!»-ի առումով որևէ բան այլևս չի ասում: Նա փոխանցեց, որ Panarmenian Media Group-ի տնօրեն Արմեն Արզումանյանի հետ ընդհանուր հայտարարի են եկել ու մանրամասնեց. «Այն հայցադիմումը, որ ներկայացրել են իմ ընկերության մասով, հետ կվերցվի, կալանքը, որ իրականում չի էլ եղել, դա նույնպես կվերացվի, և ամսագրի իրացմամբ զբաղվող մարդիկ կշարունակեն վաճառքը: Ապրանքանիշի անունները նման են իրար, այդ առումով էլ ընդհանուր հայտարարի կգանք, կքննարկվեն նաև կայքի հետ կապված հարցեր»:
Aravot.am-ի հարցին՝ այս պատմության մեջ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, Անի Քոչարը պատասխանեց՝ այո: Իսկ այն մասին, թե ինչո՞ւ չի ուզում բողոքարկել, Անին պատասխանեց. «Ես այս երկրում ոչ օրենքի, ոչ արդարամիտ դատի չեմ հավատում, դրա համար էլ չեմ բողոքարկում: Դրա համար էլ նոր ամսագիր եմ հրատարակում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30