Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը: Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները պետք է մեկ շաբաթ ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2014թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ:
Որոշվել է ս.թ. սեպտեմբերի 17-ից ՀՀ վարչապետի մոտ անցկացնել ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Ըստ նախնական տարբերակի 2014թ. բյուջեի ծախսային մասը կկազմի 1 տրիլիոն 272 մլրդ 955 մլն 463 հազար, եկամտային մասը` 1 տրիլիոն 145 մլրդ 415 մլն 563 հազար դրամ:
Կառավարությունը որոշել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարության և փորձագիտական խմբի գործունեության ապահովման, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առանձնանշանի և կարգախոսի մրցանակային ֆոնդի, ինչպես նաև պետական հանձնաժողովի գործունեության պաշտոնական կայքէջի պատրաստման նպատակով «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացնել շուրջ 24.5 մլն դրամ:
Կատարելագործվում է ազատ տնտեսական գոտիների գործունեությունը կարգավորող իրավական դաշտը
Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է 2012թ փետրվարի 2-ին: Ազատ տնտեսական գոտու կազմակերպման ընթացքում, հաշվի առնելով վերջինիս առանձնահատկությունները, առաջ են եկել կիրառական մի շարք խնդիրներ, որոնց կարգավորման համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան իրավական հիմք: Ազատ տնտեսական առաջին գոտին ստեղծվել է «ՌԱՕ Մարս» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում: Սույն որոշումը կոչված է կատարելագործել շենքում կամ շենքի որևէ հատվածում ստեղծվող ազատ տնտեսական գոտու գործունեությունը կարգավորող իրավական դաշտը:
Կառավարությունն իր որոշմամբ հստակեցրել է «Ալտերնատիվ էներգիա» ՍՊԸ կողմից ավելի վաղ ընդունված որոշման համաձայն ներդրումային ծրագրով իրականացվող աշխատանքի ժամկետը և ապրանքների ցանկը: Ընկերությունը Կոտայքի մարզում կառուցվող 5 հեկտար ջերմոցային տնտեսության համար կատարում է ավելի քան 2 մլրդ դրամի ներդրում, ինչի շնորհիվ տարեկան նախատեսում է արտադրել շուրջ 1,4 մլրդ դրամի արտադրանք, որի մեծ մասը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն և Վրաստան: Կստեղծվի 80-90 հազար դրամ միջին աշխատավարձով մոտ 100 աշխատատեղ:
Իր նախկին որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ և լրացումներ, գործադիրը նպատակ ունի ստեղծել թանկարժեք մետաղ զտարկողների և թանկարժեք մետաղ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննությունների գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպաստավոր պայմաններ:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության իրականացման հետևանքով Արագածոտնի և Շիրակի մարզերի Աշտարակ-Թալին-Գյումրի հատվածում ոչնչացված երկրորդ դասի արբանյակային գեոդեզիական ցանցի ինը հենակետի և բարձունքային ցանցի տասնմեկ հենանիշի վերակառուցման, տեղափոխման, դիտարկման և հավասարակշռման աշխատանքների իրականացման նպատակով կառավարությունը որոշել է ներդրումային ծրագիրն իրականացնող կազմակերպությանը տրամադրված միջոցներից ավելի քան 12 մլն դրամը նախատեսել նշված աշխատանքների համար:
Կարդացեք նաև
Ստեղծվում է «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ը
ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ը, որի նպատակն է դատավորների և դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մեջ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:
Կառավարության որոշմամբ «Արտերկրում քաղաքացիական և առևտրային գործերի դատական և արտադատական փաստաթղթերի հանձնման մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածով նախատեսված կենտրոնական մարմին է նշանակվել ՀՀ արդարադատության նախարարությունը:
Իր նախկին որոշումներից մեկում կառավարությունը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց միջոցով կապահովվեն ՀՀ ԿԱ ՊԵԿ տրամադրվող` գործունեության տեսակների անվանումները ներառող տեղեկությունների ավտոմատ մշակումը և իրացումը:
Ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ գործադիրը հստակեցրել է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի կանոնադրության մի շարք դրույթներ`ապահովելով հիմնադրամի արդյունավետ գործունեությունը:
Հստակեցվում է խնամքի կարիք ունեցող անձանց շրջանակը
ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով սահմանվել էր տարեց և հաշմանդամ քաղաքացիների խնամքի տրամադրման կարգը: Փոփոխությունների նպատակը խնամքի կարիք ունեցող անձանց շրջանակի հստակեցումն է և ընդհանուր տիպի և հատուկ տիպի տուն-ինտերնատ ընդունվող քաղաքացիների տարանջատումը: Որոշման մեջ, որպես սոցիալական վերականգնման միջոց, ավելացվել է «աշխատանքային թերապիայի» դրույթը: Ակնկալվում է, որ այս ամենը կնպաստի սոցիալական պաշտպանության հաստատություններում տարեց և հաշմանդամ քաղաքացիներին տրամադրվող սոցիալական սպասարկման ծառայությունների որակի բարձրացմանը:
Նիստում սահմանվել են հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները, որոնք հնարավորություն կտան պաշտպանել գիշերօթիկ կամ երկարօրյա պայմաններում կրթություն ու դաստիարակություն ստացող երեխաների իրավունքները:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը սահմանել է հատուցման դեպքի ի հայտ գալու պարագայում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների` ճշգրտված տարեկան գնաճով, վերադարձելիության ամբողջական գործընթացը և տեղեկությունների փոխանակումը:
Համալրվում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովը
ՀՀ կառավարությունը հաստատել է`
-2013թ. ՀՀ ԿԱ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական հինգ միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները,
-ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների 2007-2013թթ. դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվը,
-ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2013թ. ընթացքում նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին գնումների կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակը` 2 մլն դրամ:
Կառավարությունը հավանություն է տվել «Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգի իրականացման միջոցառումների 2013-2017թթ. ծրագրին»:
Գործադիրը սահմանել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենսդրությամբ նախատեսված 3,5 մլն դրամ նախահաշվային արժեքով ծառայությունը` տեղամասային ընտրական հանձնաժողովների և ընտրական գործընթացի կազմակերպման համար նախատեսված կնիքների, դրոշմակնիքների պատրաստման, ընտրական անհրաժեշտ փաստաթղթերի, քվեաթերթիկների տպագրության աշխատանքներն իրականացնում է բանակցային ընթացակարգով, քանի որ ընտրական օրենսգրքով այդ աշխատանքների համար սահմանվել են խիստ որոշակի ժամկետներ:
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը քննարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու օրինագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են օրենքում ամրագրել այն դրույթը, որ համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարք` եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Խնդրի առնչությամբ իր դիրքորոշումն է արտահայտել ՀՀ սահմանադրական դատարանը: Կառավարությունն օրինագծի վերաբերյալ առարկություն չի ներկայացրել: Օրենքի նախագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Կառավարության որոշմամբ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տրվել է միջուկային նյութերի արտահանման արտոնագիր, որով հնարավոր կլինի Ռուսաստանի Դաշնություն տեղափոխել ներկայումս ԱԷԿ-ում եղած յոթ հատ թարմ միջուկային վառելիքի հավաքվածքները, որոնք ԱԷԿ են ներկրվել 1979 և 1987 թվականներին և առկա թերությունների պատճառով չեն օգտագործվել:
ՀՀ կառավարությունը որոշել է 2005թ. հուլիսի 8-ին ստորագրված «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխությամբ ամրագրված պարտավորությունների իրականացման իրավասու մարմիններ նշանակել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն` իրենց իրավասությունների շրջանակներում:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ