Հայաստանի իշխանությունները, վերջին տասնամյակում հիմնականում կարգախոս ունենալով «բարեփոխումների» ճանապարհով ընդունել եվրոպական արժեհամակարգը, այդ նպատակով չորս տարի բանակցեցին Եվրոպական միության հետ` Ասոցացման ու խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համագործակցության շուրջ: Ինչը լավ մշակված թատերական ներկայացում էր, որին ցավոք մասնակից էին եվրոչինովնիկները` Հայաստանում յուրաքանչյուր կեղծված ընտրությունն արձանագրելով «միջազգային չափանիշների համապատասխանող» և «քայլ առաջ»:
Այդ ամենը հօդս ցնդեց սեպտեմբերի 3-ին Ս. Սարգսյանի Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի ժամանակ, որտեղ նա հայտարարեց, որ հայ ժողովրդի շահերից ելնելով, Հայաստանը մտնելու է Մաքսային միության մեջ: Իրականում հայ ժողովրդի շահերը չի կարող ներկայացնել մարդ, որը նախագահ է հռչակվել իշխող կլանի ու նրան սպասարկող քրեաօլիգարխիկ համակարգի կողմից:
Վարչախմբի հետևողական գործելաոճը, ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքը, անսկզբունքային պահվածքն ու խաղերը թե’ արևմուտքի, թե’ Ռուսաստանի հետ` փորձելով բավարարել երկու կողմերի շահերը, չէին կարող չբերել այս հանգրվանին, այն է՝ երկիրը հասցնել տարբեր ուժային կենտրոնների բախման կիզակետ` իր բոլոր վատթարագույն հետևանքներով:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը 1998թ-ից հետևողական և սկզբունքային գործելաոճով աջակցել է Հայաստանում իրական ժողովրդավարության սաղմեր ներդնելուն: Կուսակցությունը շարունակելու է մնալ հավատարիմ իր սկզբունքներին և անելու է իրենից կախվածը` համագործակցելով Հայաստանի ճակատագրով մտահոգ քաղաքական ուժերի ու գործիչների հետ, համախմբելու մեր հասարակությանը, կանխելու վարչախմբի չակերտավոր հաղթարշավը և Հայաստանում հաստատելու ժողովրդի իշխանությունը` վերականգնելով պետության ինքնիշխանությունը:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության
Քաղաքական Խորհուրդ
12.09.2013թ.