Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամագրվելու որոշումը հատկապես ավագ սերնդի համար նոստալգիկ զգացումներ է առաջացրել։ Երբ Ռուսաստանի գոտում վերստին հայտնվելու վտանգի մասին հարց է հնչում, նրանք արձագանքում են լայն ժպիտով ու անսահման գոհունակությամբ։ Այսպիսի էմոցիաներ դրսեւորեց նաեւ Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, ով Ռուսաստանի դեսպանատնից վերջերս մեդալ ստացավ։ Նա նաեւ Երեւանի ավագանու ՀՀԿ ֆրակցիայի անդամ է։ Երբ որպես մտավորականի հետաքրքրվեցինք Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ, ասաց. «Իմ դիրքորոշումը միշտ եղել է հստակ՝ առաջին հերթին հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության խնդիրներն են, որ էսօր առանց Ռուսաստանի հետ սերտ համագործակցության չես տեսնում ճանապարհը»։ Հարցին, թե որոշ քաղաքագետներ, անգամ արտաքին գործերի փոխնախարարն ավելի վաղ հայտարարել էին, թե այդպիսով վտանգվում է Հայաստանի անկախությունը, Թոքմաջյանը պատասխանեց՝ ավելի «գլոբալ վտանգ» մատնանշելով. «Մեր գոյությունը կարող է վտանգվել, եթե մենք Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ չունենանք, քանի որ մենք Ռուսաստանի հետ ստրատեգիական պարտնյորներ ենք։ Իսկ այն վերաբերում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացներին, այլեւ մեր մյուս հարեւանների հետ գործընթացներին»։
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում