Սեպտեմբերի 20-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք է հրավիրում՝ Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը։ Նա նշեց, որ հանրահավաքի ընթացքում «Ժառանգության» առաջնորդը կխոսի նաև երկրի առջև ծառացած խնդիրների և դրանց լուծումների մասին։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`կա՞ մի թեմա, որի համար «Ժառանգության» առաջնորդն ինչ-որ մեկից պատասխան է պահանջելու: Պողոսյանն ասաց, որ իր կարծիքով հիմա Հայաստանն այն իրավիճակում է, որ յուրաքանչյուրս էլ մեզանից պետք է պահանջենք:
Պատասխանելով հարցին`հնարավոր համարո՞ւմ է, որ այնուհանդերձ նոյեմբերին ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրվի, Թեւան Պողոսյանն ասաց, որ իր համար, համենայնդեպս ցանկալի է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ խորացնի իր հարաբերությունները: Այն, որ հայաստանյան պաշտոնյաները հայտարարում են իրենց այդ ցանկության մասին, բանախոսի համար հուսադրող է. «Գաղափարը լավն է, մնում է մեր դիվանագետները ճանապարհը գտնեն`Եվրոպայի հետ դուռը բաց պահելու համար»:
Անդրադառնալով Հայաստանի`Մաքսային միությանն անդամակցության եւ Ղարաբաղի հարցի կապին, Պողոսյանն ասաց. «Ղարաբաղի հարցը երեւի քննարկվել է եւ կան որոշ դրական միտումներ, բայց կոնկրետ ի՞նչ է`չեմ կարող ասել: Սա էլ զուտ կանխատեսումների մակարդակում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ