Ինչպես տեղեկացնում է «Դատալեքս» կայքը, սեպտեմբերի 6-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը(դատավոր՝ Սուրեն Բաղդասարյան) վճռել է Ալավերդի քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Արամո Ավետյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք կատարվել են անչափահասի նկատմամբ») եւ 140-րդ հոդվածով («Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը») նախատեսված հանցագործությունների կատարման մեջ եւ նրան պատիժ նշանակել 5 տարի, 6 ամիս ժամկետով: Դատավորը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կարգով նրա նկատմամբ կայացված նախկին դատավճռով նշանակված 2 տարի,2 ամիս, 24 օր ժամկետի չկրած մասից մասնակի՝ 6 ամիս գումարել սույն դատավճռով նշանակված պատժի ժամկետին եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 6 տարի ժամկետով: Դատարանը վճռել է Ա. Ավետյանին նախնական կալանքի տակ պահելու 26 օրը հաշվակցել նրա նկատմամբ նշանակված պատժի ժամկետին եւ նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 5 տարի, 11 ամիս, 4 օր ժամկետով:
Արամո Ավետյանի նկատմամբ խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, փոխվել է եւ նրան դատարանի դահլիճում կալանքի են վերցրել: Նշենք, որ նախկինում դանակահարության համար դատված Ավետյանը այս քրեական գործով ձերբակալվել էր, հետո նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Դատարանն ապացուցված է համարել, որ Արամո Ավետյանը 2012թ. մարտի 19-ին, ժամը 18-ի սահմաններում Լոռու մարզի Աքորի գյուղի բնակչուհուն՝ 1994թ. մայիսին ծնված աղջկան խաբեությամբ տարել է Ալավերդի քաղաքում գտնվող բնակարան, ապա իբր իր հետ սեռական հարաբերություն ունենալու մասին այդ քաղաքում տեղեկություններ տարածելու սպառնալիքով նրան շանտաժի է ենթարկել, պահանջել իր հետ սեռական հարաբերություն ունենալ: Աղջիկը կարծելով, որ հակառակ դեպքում ինքը կվարկաբեկվի, ենթարկվել է տղայի պահանջին եւ վերջինս այդ բնակարանում սեռական հարաբերություն է ունեցել աղջկա հետ: Ա. Ավետյանն աղջկան տարել է նույն շենքի մեկ այլ բնակարան եւ հեռացել: Մարտի 20-ին, ժամը 13-ի սահմաններում Ա. Ավետյանը եկել է այդ բնակարան եւ աղջկանից պահանջել իր հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն աղջիկը հրաժարվել է: Սակայն Ավետյանը աղջկան քաշելով կրկին սեռական հարաբերություն է ունեցել : Նախաքննության եւ դատաքննության ընթացքում Ա. Ավետյանը իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունք է տվել, որ անչափահաս այդ աղջկան չի ճանաչում, նրա հետ չի շփվել, նրա նկատմամբ բռնի սեքսուալ գործողություններ չի կատարել: Սույն դատավճիռը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև