Իհարկե շատ-շատերը կուզեն, ընդ որում` ուզողների մեջ և´ անապահով աղքատներ կլինեն, և´ մեծահարուստներ, որովհետև անապահով աղքատին նախագահի պաշտոնը սոցիալական լիակատար ապահովություն է երաշխավորում, իսկ մեծահարուստին` իշխանություն և հարստության բազմապատկում:
Բայց մեր հարցը ոչ թե պարապ երազողներին է վերաբերում, այլ նրանց` ովքեր ոչ միայն փափագում են Հայաստանի նախագահի պաշտոնը, այլև դրա համար միանգամայն հիմնավոր հիմքեր ու պատճառներ ունեն, ինչպես նաև` Հայաստանի փրկության հետ կապված միանգամայն ազնիվ ու անխառն ցանկություններ:
Անդրադառնանք հիմնականում նրանց, ովքեր մեկ կամ մի քանի անգամ փորձել են դառնալ Հայաստանի նախագահ, բայց չի ստացվել:
Եթե հիշողությունս չի դավաճանում, ամենից շատ Պարույր Հայրիկյանն է փորձել, և չնայած իր նպատակն էն գլխից Հայաստանի ու հայ ժողովրդի փրկությունն է եղել, այդուհանդերձ, Հայրիկյանին ոչ մի անգամ չի հաջողվել Հայաստանի նախագահ դառնալ, որովհետև, ժամանակակից հայերենով ասած, ռեյտինգը սաստիկ քչություն է արել: Ասվածը կարող է վերաբերել նաև Բագրատյանին` էն տարբերությամբ, որ վերջինս ընդամենը մեկ անգամ է էդ ասպարեզում իր հնարավորությունները փորձել:
Էպոսագետին չենք անդրադառնում` ընդամենը դատական գործընթացին չմիջամտելու նպատակով:
Հացադուլավոր Անդրեասի առումով էլ մտադիր չենք երկարաբանել, որովհետև համարում ենք, որ իր ժամանակը դեռևս չի հասունացել:
Նախախորհրդարանը, Սեֆիլյանն ու իր համախոհներն էլ են իշխանության դեմ ու իշխանության համար պայքարում, սակայն դեռևս նախագահացու չունեն. եթե ունեն էլ` առայժմ հասարակությունից գաղտնի են պահում:
Ինչքան էլ խուսափենք, Րաֆֆի Հովհաննիսյանին չենք կարող չանդրադառնալ, չնայած դեռևս վերջնականապես պարզ չէ` Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի նախագահ դառնալ ուզու՞մ է, թե, ընդհակառակը, չի ուզում:
Այդուհանդերձ, ի տարբերություն շատ ու շատ ուզողների, Րաֆֆին որոշակի ռեյտինգ ունի, ավելի ճիշտ` ուներ` այս տարվա սկզբներին, երբ Լևոնն ինքզինքը դուրս էր դրել նախագահական պայքարից:
Բայց Րաֆֆին մինչև վերջ չգնաց և կուլմինացիոն կետում «զադնի» տվեց` ինչպես որ 96-ին` Վազգեն Մանուկյանն էր «զադնի» տվել, 98-ին` ավագ Դեմիրճյանը, 2003-ին` կրտսերը, և 2008-ին Լևոնն ու լևոնականները` արդեն ռեալ կրակոցների տակ:
Ինչ վերաբերում է Րաֆֆիին, նրա « զադնին» միանգամայն այլ էր` անհամեմատ խաղասիրական, բարեկամական ու քրիստոնեական, և Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահական պայքարը դեռևս լիարժեք վերլուծության չի արժանացել, որովհետև դիտորդներիցս որևէ մեկը Րաֆֆի Հովհաննիսյանին կարգին չի էլ հասկացել, և շարունակում ենք չհասկանալ, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը կամ իսկապես Հայաստանի նախագահ դառնալ չի ուզում, կամ էլ, եթե ուզում է, ուզում է, որ մենք ստիպողաբար իրեն նախագահ դարձնենք: Ավելին. նա կարծես հույս ուներ, որ նույնիսկ գործող նախագահն իրեն ստիպողաբար նախագահ կկարգի:
Բոլոր դեպքերում, Րաֆֆի Հովհաննիսյանն իր ու «Ժառանգության» առանցքի շուրջ նոր շարժում սկսելու պատրանքներ ունի, և չնայած Րաֆֆիի ու «Ժառանգության » հետ կապված նախկին ոգևորությունը չկա, Ժառանգությունն ու անձամբ Րաֆֆին նախկին ոգևորությամբ են սկսել, ընդ որում` նաև նախկին ձևերով ու պաթոսով, և եթե հաշվի առնենք, որ սա ամենևին էլ լավ մոռացված հինը չէ, կարող ենք ենթադրել, որ մարդկանց հիշողությունը կդավաճանի « Ժառանգությանն» ու անձամբ Րաֆֆիին:
Մյուս` առավել ռեալ նախագահացուներին կանդրադառնանք հաջորդ անգամ:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
Չհասկասանք հացադուլ-գիշերններ քաբաբադուլ ֆոկուզնիկ Ռաֆո Հովանիսան։