Այսօր ամերիկյան «Օրակլ» ընկերության եւ կառավարության միջեւ ստորագրվեց փոխըմբռնման համաձայնագիր: «Օրակլ» ընկերությունը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած խոշորագույն ընկերություն է, որի տարեկան եկամուտն, ինչպես ասաց ընկերության ավագ փոխնախագահ Ալեն Բլանը, շուրջ 40 միլիարդ եվրո է, եւ մոտ 120 հազար աշխատակից ունի: Ընկերությունը պատրաստվում է Հայաստանում աշխատել 3 ուղղությամբ: Պարոն Բլանի խոսքերով՝ ընկերությունն ուզում է աշխատել մեր երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Նա այցելել է մասնագիտական որոշ բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ տպավորված է ուսանողների գիտելիքներով: Սակայն, պարոն Բլանի ներկայացմամբ՝ նախատեսվում է համաձայնագրի բաղկացուցիչ մասով՝ կրթական ծրագրի շրջանակներում աջակցել ուսանողներին լրացուցիչ մասնագիտական կրթություն ստանալու համար:
Համաձայնագրով նախատեսվում է նաեւ կառավարության հետ աշխատել, մասնավորապես՝ աջակցություն է տրամադրվելու, որպեսզի կառավարության գործունեությունը հնարավորինս էլեկտրոնացված եւ համակարգչայնացված լինի, թեեւ, «Օրակլի» ներկայացուցչի խոսքերով ասած՝ Հայաստանի կառավարությունն այդ ուղղությամբ արդեն բավականին աշխատանք կատարել է: «Օրակլը» պատրաստվում է նաեւ Հայաստանում գերազանցության կենտրոն ստեղծել: Ալեն Բլանի խոսքերով՝ այդ կենտրոնի միջոցով կտեսնենք, թե ինչպես կարող ենք աջակցել Հայաստանի տնտեսական հետագա զարգացմանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ի՞նչ է նշանակում գերազանցության կենտրոն։