Օգոստոսի 12-ին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ հայկական «Որդան կարմիր» խմբի թվով երրորդ «A4» ձայնասկավառակի շնորհանդես-համերգը: 2005 թվականին Վանաձոր քաղաքում կազմավորված ալտերնատիվ ռոք խմբի երրորդ ձայնասկավառակն է: Ձեռք բերելով խմբի նոր ձայնասկավառակը՝ երկրպագուները կարող էին ստանալ համերգի անվճար մուտքի իրավունք:
Ձայնասկավառակի շապիկին պատկերված մուրճը ներքևում «A4» մակագրությամբ պատահական չէր: «Առավոտ»-ի հետ զրույցում խմբի վոկալիստ Վահան Պողոսյանը հայտարարեց, որ A4-ը կաղապարների և ստանդարտ մտածելակերպի խորհրդանիշն է, իսկ մուրճը հարվածն է այդ կաղապարներին. «Մենք դա թողում ենք հարվածողին՝ կհարվածի, թե չէ»: Ձայնասկավառակը բաղկացած է 14 երգից, որոնք մեծամասնությամբ անգլերեն են.
«Էս ալբոմը 90 տոկոսով անգլերեն է արված: Ավելի շատ արված ա, որովհետև մենք երեք օրից մեկնում ենք Եվրոպա շրջագայությունների ու ուզում ենք նաև մեր մտքերը, մեր տեքստերը հասանելի դարձնել օտար հանդիսատեսին: Լինելու ենք Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում: Նպատակ ունենք ցույց տալու, որ այստեղ էլ կա լավ երաժշտություն»:
Մինչ համերգը թատրոնում վաճառվում էին խմբի երեք ձայնասկավառակները և խմբի լոգոտիպով շապիկները: Համերգի ընթացքում խումբը կատարեց երգեր նոր ձայնասկավառակից: Համերգից հետո խմբի անդամները շփվեցին և լուսանկարվեցին իրենց երկրպագուների հետ ու մակագրեցին ձայնասկավառակներ:
Ամի Չիչակյան