Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱԹԱՆԿԱՆՈՑ ՄՐՑԱՆԱԿԸ

Սեպտեմբեր 13,2013 10:42

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ տասնիններորդ

ԱՄԵՆԱԹԱՆԿԱՆՈՑ ՄՐՑԱՆԱԿԸ

Եվ Արիկը ժպտալով Անանիային ասաց՝ «որ Ջավախյանին Նոբելյան մրցանակ տան, իրան հաստատ կնախանձես», եւ Անանիան նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «որ Ջավախյանին Նոբելյան տան, Արմենն էլ իրան կնախանձի», եւ ես ժպտալով ասացի՝ «ես հիմի էլ եմ իրան նախանձում», եւ Անանիան զարմացած ինձ հարցրեց՝ «հիմի՞ ինչի ես նախանձում», եւ ես ժպտալով ասացի՝ «Հայկունը Նոբելյան ստացածներից ոչ մեկին տասնիննուկես չի տալիս, բայց Ջավախյանին տվել ա», եւ Հայկունին թարս նայեց ինձ ու ասաց՝ «գոնե դու մի խոսա. դու էդ խոսակցությանը վաբշե ներկա չես էղել», եւ ես ժպտալով ասացի՝ «ներկա չեմ էղել, բայց ամեն ինչ գիտեմ», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գիտես», եւ ես ժպտալով ասացի՝ «գիտեմ, որ Ջավախյանին տասնիննուկես ես նշանակել», եւ Հայկունին նեղսրտած հարցրեց՝ «որտեղի՞ց գիտես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «սաղ քաղաքն էդ ա խոսում», եւ Հայկունին թարս նայեց Ջավախյանին ու գոռաց՝ «էդ արդեն քաղաքով մեկ ե՞ս արել», եւ Սերոբը ծիծաղելով Հայկունուն ասաց՝ «գոհ էղի, որ «Հրապարակ» թերթում տպել չի տվել», եւ Ջավախյանն արդարանալով Հայկունուն ասաց՝ «ես նույնիսկ Արմոյին չեմ ասել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Արմոն վայթե Աբոյանցից ա իմացել», եւ Աբոն փռթկացնելով ինձ ասաց՝ «քեզ չի ասել, որ չնախանձես» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «որովհետեւ գիտի, որ դու Հայկունի էդ թվանշաններին շատ լուրջ ես վերաբերվում», եւ Անանիան Ջավախյանին ասաց՝ «որ իսկականից Նոբելյան ստանաս, կարող ա իսկականից քեզ նախանձենք», եւ Բարդուղը նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «հետաքրքիր ա, չէ՞», եւ ես Բարդուղին հարցրի՝ «ի՞նչն ա հետաքրքիր», եւ Բարդուղը թախծոտ ժպտալով ասաց՝ «հրեաներն էդ Նոբելյանը հնարել ու կռիվը գցել են ժողովուրդների մեջ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ժողովուրդներն ու մարդիկ էդ մրցանակի համար իրար միս են ուտում, բայց հրեաներն իրանց հնարած էդ մրցանակը հիմնականում իրանց հրեաներին են տալիս», եւ Ջավախյանը Բարդուղին հարցրեց՝ «Նոբելը հրեա ա՞ էղել», եւ Բարդուղը պատասխանեց ու ասաց. «էդ ոչ մի կապ չունի», եւ Արիկը Բարդուղին հարցրեց՝ «Շոլոխովը հրեա ա՞, որ Նոբելյան են տվել», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեկումեջ այլազգիներին էլ են տալիս, որ օբյեկտիվության տպավորություն ստեղծեն», եւ Ջավախյանը Բարդուղին հարցրեց՝ «ինչի՞ց ա, որ մրցանակների մեջ Նոբելն ամենապրեստիժնին ա համարվում», եւ Արիկը Բարդուղից առաջ ընկնելով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ Նոբելյան մրցանակը մրցանակներից ամենաթանկանոցն ա», եւ Ջավախյանը Բարդուղին հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գինն էլ էական նշանակություն ունի», եւ Ջավախյանը Բարդուղին հարցրեց՝ «Նոբել ստացողներին ինչքա՞ն փող են տալիս», եւ Արիկը Բարդուղից առաջ ընկնելով պատասխանեց ու ասաց՝ «ամեն տարի տարբեր ա. նայած թե՝ էդ տարվա բյուջեն ինչքան ա», եւ Ջավախյանը թարս նայեց Արիկին ու ասաց՝ «քե՛զ չեմ հարցնում», եւ Բարդուղը Ջավախյանին ասաց՝ «Արիկը ճիշտ ա ասում», եւ Աբոն ժպտալով ասաց՝ «մեկ-մեկ Արիկն էլ ա ճիշտ բաներ ասում», եւ Բարդուղն ասաց՝ «Արիկը հաճախ ա ճիշտ բաներ ասում», եւ Ջավախյանը Բարդուղին հարցրեց՝ «էդ մրցանակը երեւի միլիոն դոլար կըլնի, չէ՞», եւ Արիկն ասաց՝ «տարի ա ըլնում՝ տասը միլիոնից էլ ա անցնում», եւ Ջավախյանը թարս նայեց Արիկին ու ասաց՝ «ասեցի՝ քեզ չեմ հարցնում», եւ Բարդուղը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «էս Արիկի հե՞տ ինչի ես թարսվել» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով Արիկին հարցրեց՝ «կարող ա՞ դու էլ ես պատմվածք գրել», եւ Հայկունին փռթկացնելով ասաց՝ «Արիկն ավելի վատ բան ա արել», եւ Բարդուղը հարցրեց՝ «ի՞նչ ա արել», եւ Հայկունին փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «պատմելու բան չի», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու Հայկունուն հարցրեց՝ «Ջավախյանի հետ ա՞ կապված», եւ Հայկունին փռթկացնելով ասաց՝ «իմեննը Ջավախյանի հետ ա կապված» եւ փռթկացնելով հարցրեց՝ «էդ պատմությունը չգիտե՞ս», եւ Բարդուղը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ պատմություն», եւ Հայկունին փռթկացնելով Բարդուղին ասաց՝ «էդ պատմությունը սաղ քաղաքը գիտի. զարմանում եմ, որ դու չգիտես», եւ Ջավախյանն ասաց՝ «Բարդուղը որտեղի՞ց պիտի իմանա. ինքը նոր տարուց նոր տարի ա էրեւում», եւ Անանիան ժպտալով ասաց՝ «նոր տարուց նոր տարի ա էրեւում, դրա համար էլ ամենից շատ իրանից ենք բամբասում», եւ Բարդուղը զարմացած հարցրեց՝ «ինձնի՞ց», եւ Անանիան ժպտալով Բարդուղին ասաց՝ «ինչի՜ց ես խաբար», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու Անանիային հարցրեց՝ «ես ի՞նչ եմ արել, որ ինձանից բամբասեն», եւ Անանիան ժպտալով Բարդուղին ասաց՝ «հեչ պարտադիր չի, որ որեւէ բան անես. որ բացակայում ես, էդ արդեն հերիք ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ ներկաներից բամբասեն», եւ Ջավախյանն Անանիային ասաց՝ «էդ տեսությունդ էնքան էլ ճիշտ տեսություն չի», եւ Անանիան հարցրեց՝ «ո՞ր տեսությունս», եւ Ջավախյանն ասաց՝ «էդ որ ասում ես՝ ամենից շատ բացակայողներին ամենից շատ են բամբասում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես մեր էս կամպանիայի վերաբերյալ եմ ասում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր կամպանիայի առումով էլ առանձնապես ճիշտ չի», եւ Հայկունին զարմացած նայեց Ջավախյանին ու ասաց՝ «ինչի՞ ես մարդու վրա շառ անում», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ վրա եմ շառ անում», եւ Հայկունին պատասխանեց ու ասաց՝ «Անանիայի», եւ Ջավախյանն ավելի զարմացած հարցրեց՝ «Անանիայի վրա ի՞նչ շառ եմ արել», եւ Հայկունին Ջավախյանին ասաց՝ «մի քիչ առաջ դու էիր ասում, որ մեր բացակա ընկերներին ամենից շատն ենք բամբասում, հիմի էլ ասում ես՝ էդ Անանիայի տեսությունն ա», եւ Անանիան ժպտալով Ջավախյանին ասաց՝ «փաստորեն, էդ քո՛ տեսությունն ա, Լեւոն ջան», եւ Հայկունին փռթկացնելով Անանիային ասաց՝ «համ իրա տեսությունն ա, համ էլ՝ պրակտիկան», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե նույնիսկ իմ տեսությունն ա, շատ սխալ տեսություն ա», եւ Անանիան ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ի՞նչ առումով ա սխալ» , եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Անանիային ասաց՝ «հենց թեկուզ քո առումով», եւ Անանիան հարցրեց՝ «իմ առումով ո՞նց ա սխալ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Անանիային ասաց՝ «դու Բարդուղից ու Արմոյից քիչ ես բացակայում, բայց քեզ ավելի շատ ենք բամբասում, քան իրանց», եւ Անանիան արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «դու քեզնի՜ց խաբար չես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Անանիային հարցրեց՝ «ուզում ես ասես՝ ինձ ավելի շատ են բամբասում, քան քե՞զ», եւ Անանիան մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «իմ կարծիքով՝ այո», եւ Ջոնը փռթկացնելով ասաց՝ «փաստորեն, Ջըվախանց Լյովիկի տեսությունը լրիվ փուչ տեսություն ա», եւ Հայկունին ծիծաղելով ասաց՝ «համ իրա տեսությունն ա փուչ, համ՝ պրակտիկան», եւ Ջոնը փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «էդ հալին էլ ուզում ես Նոբելյան մրցանակ ստանաս», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Ջոնին ու քամահրանքով ասաց՝ «գոնե դու մի խոսա, ադա» եւ մի քիչ մտածեց ու արհամարհական ավելացրեց՝ «դու որ հեչ խոսալու իրավունք չունես», եւ Ջոնը զարմացած նայեց Ջավախյանին ու խիստ տոնով հարցրեց՝ «ե՞ս ինչի իրավունք չունեմ, ա՛յ չոբան», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Ջոնին ու ասաց՝ «չոբանիցն եմ լսում», եւ Հայկունին Ջավախյանին հարցրեց՝ «ինչի՞ խոսալու իրավունք չունի», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «որովհետեւ ինքը մեջներիցս միակն ա, ում ոչ միայն բացակայության ժամանակ ենք բամբասում, այլեւ՝ հենց իրա ներկայությամբ», եւ Հայկունին Ջավախյանին ասաց՝ «պարզ խոսա՝ բան հասկանանք», եւ Ջավախյանը զարմացած ասաց՝ «չհասկանալու ի՞նչ կա», եւ Անանիան ժպտալով Հայկունուն ասաց՝ «ես հասկացա՝ Լեւոնն ինչ ա ուզում ասի», եւ Հայկունին հարցրեց՝ «ի՞նչ ա ուզում ասի», եւ Անանիան փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «ուզում ա ասի՝ մեջներիցս հարիֆը Ջոնն ա», եւ Ջավախյանը թարս նայեց Անանիային ու ասաց՝ «որ ասածներս թարգմանում ես՝ էդ քո գործն ա, բայց աշխատի ճիշտ թարգմանես», եւ Անանիան առանց Ջավախյանին նայելու՝ Հայկունուն ասաց՝ «ուզում ա ասի՝ Ջոնին էնքան հաշվի չենք առնում ու հետը հաշվի չենք նստում, որ նույնիսկ իրա ներկայությամբ ենք իրան բամբասում», եւ Ջավախյանը տհաճությամբ նայեց Անանիային ու քամահրանքով ասաց՝ «շա՜տ ուժեղ թարգմանիչ ես», եւ Անանիան առանց Ջավախյանին նայելու՝ Հայկունուն ասաց՝ «փաստորեն, Ջոնին վիրավորում ա» եւ մի քիչ մտածեց ու Ջոնին նայելով ավելացրեց՝ «չնայած՝ իրան հասնում ա», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ ա հասնում», եւ Անանիան Ջոնին նայելով ասաց՝ «Ջոնին», եւ Հայկունին Անանիային հարցրեց՝ «Ջոնին ի՞նչ ա հասնում», եւ Անանիան պատասխանեց ու ասաց՝ «Լեւոնի էդ վիրավորանքը», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «ինչի՞ ա հասնում», եւ մինչ Անանիան կմտածեր, Ջոնն Անանիայի վրա գոռաց՝ «դո՞ւ ինչ ես զառանցում, ա՛յ տղա», եւ Անանիան խղճահարությամբ նայեց Ջոնին ու քամահրանքով ասաց՝ «ասածս էն ա, որ կարաս մի հատ էլ խաշ կազմակերպես ու իրան պերսոնալնի հրավիրես», եւ Ջոնն արհամարհական նայեց Անանիային ու ասաց՝ «ում կուզեմ՝ նրան էլ կհրավիրեմ», եւ Անանիան խղճահարությամբ նայեց Ջոնին ու ասաց՝ «քո իրավունքն ա, Ջոն ջան» եւ մի քիչ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «դրա համար էլ էսքանով սահմանափակվում եմ»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել