ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր: Այսդ մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Կադրային վերադասավորումների հարց չի քննարկվել: Անդրադարձ չի եղել ինչպես ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, այնպես էլ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հետագա պաշտոնավարման հարցերին. «Պարոն նախագահը հանդիպում է ունեցել Աղվան Հովսեփյանի հետ, իսկ կուսակցությունը այն մարմինը չէ, որը որոշելու է, թե ով է լինելու գլխավոր դատախազի պաշտոնում: Ինչ վերաբերում է Իշխան Զաքարյանին, ապա նման հարց չի քննարկվել, դա հանրապետության նախագահի քննարկելու հարցն է, երբ որ ժամանակը գա, պարոն նախագահը կներկայացնի ԱԺ-ին»:
Նախագահի`Մաքսային միությանն անդամակցելու որոշման եւ դրանից հետո տեղի ունեցած զարգացումների մասին էլ Շարմազանովն ասաց. «Հիմնական քննարկումները առաջիկայում կլինեն, եւ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները կկարողանան իրենց տեսակետը հայտնել: Ես դեմ եմ վերջակետերով խոսելուն, ես լավատես եմ, եւ թե՛ Հայաստանի եւ թե՛ ԵՄ-ի շահերից է բխում, որ քաղաքական երկխոսությունը շարունակվի, Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելը բխում է բացառապես մեր շահերից, եւ անհիմն են բոլոր այն հայտարարությունները, թե մեզ ճնշում են, դրանք բնականաբար այդպես չեն, տնտեսական առումով դրանք շահեկան են»:
Լրագրողներից մեկի հարցին` Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու եւ թիկնապահի ազատ արձակելու վերաբերյալ, Շարմազանովն ասաց, որ ինքը չի ցանկանում մեկնաբանել իրավական ոլորտի հարցեր:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ