«Հուզական աշխարհ, զգացմունքներ, կյանքի փորձ, գիտակցություն էր դրված ներկայացման մեջ, այն սիրո մասին էր»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Տատյանա» մոնոներկայացման մասին նշեց բեմադրող ռեժիսոր Սուրեն Սաֆարյանը:
Սեպտեմբերի 12-ին Համազգային թատրոնում կայացավ ներկայացման պրեմիերան: Մոնոներկայացումը Ա. Ս Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպի հիման վրա էր, ռեժիսորի խոսքով սովորելու, զարգանալու եւ նոր բարձունքներ նվաճելու տեղ միշտ էլ կա, սակայն նա դերասանուհուց գոհ է.
«Նա առաջին անգամ բարձրացավ բեմ՝ հանդես գալով ամենաբարդ ժանրում, դասական գործ, չափածո եւ մեկ ժամ տեւողությամբ: Հանդիսատեսի շունչը զգում էի, թատրոնը մի վայր է, որտեղ ես ինձ լավ եմ զգում, կտրվելով ամենքից ու ամեն ինչից: Իրականությունն այստեղ ուրիշ դեմք ունի, այստեղ հանրային մենությամբ եմ ապրում: Թատրոնն ու սերն անվերջանալի թեմաներ են, որոնց մասին կարելի է խոսել»:
«Տատյանա» մոնոներկայացման նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռեւս մարտ ամսից, որոշակի ընդմիջումներից հետո այսօր, վերջապես, այն ցուցադրվեց:
Կարդացեք նաև
Դերասանուհի Արեւիկ Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայացումը բարդ էր, կատարել է ահռելի աշխատանք, նա երբեւէ չէր եղել բեմում, իր կյանքի պրեմիերան էր, որը համարում է հերոսություն.
«Ըստ վեպի Տատյանան գյուղում ապրող երազկոտ, զուսպ, միայնակ եւ տխուր աղջիկ էր, սակայն ռեժիսորը մի փոքր փոխեց նրա կերպարը, դարձնելով ավելի համարձակ եւ ուժեղ: Նա այնքան համարձակ էր, որ սեփական զգացմունքների մասին առաջինը խոստովանեց տղամարդուն, իսկ վերջինս պարզապես իրեն մերժեց»:
Արեւիկի համոզմամբ նա «հիվանդացավ» «Եվգենի Օնեգին» գործով, Տատյանան ամբողջ օրն իրեն հետապնդում էր: «Նապաստակը աշնանն արտում ցնցվում է ահից, երբ հեռվից հանկարծ որսորդ է տեսնում թփերում պառկած»՝ ահա սա էր զգում դերասանուհին, երբ առաջին անգամ բարձրանում էր բեմ.
«Թատրոնը դաժան է: Սուրեն Սաֆարյանn ինձ ասաց, որ բեմը ոչ մեկին չի ներում, ես այսօր դա հասկացա, եթե մեկ քայլ անգամ սխալ անես, բեմը քեզ կհրի ու կգցի ներքեւ: Դահլիճից բեմ հեռավորությունն ահռելի է՝ հազարավոր քայլեր, որ պետք է անցնես»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ