Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ «Ժառանգության» թեկնածուի ներկայացուցիչների՝ լարվածություն է նկատվել քարոզարշավի ընթացքում․ (Տեսանյութեր)

Սեպտեմբեր 12,2013 21:34

Այսօր «Ժառանգություն» կուսակցության ՀՀ Սյունիքի մարզի 38 ընտրատարածքի նախընտրական շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը և «Ժառանգություն» կուսակցության Կապանի ստորաբաժանման ներկայացուցիչ Աննա Հակոբյանը հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ ամփոփեցին «Ժառանգություն» կուսակցության պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի անցկացրած  11  օրվա նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքը:

Դավիթ Հակոբյանը տեղեկացրեց, որ թեկնածուն իր քարոզչության ընթացքում շրջել է Կապանի բակերով, հանդիպել ընտրողների հետ, ներկայացրել իր ծրագիրը, լսել բնակիչների խնդիրները, առաջարկները, ցանկությունները  եւ տեղեկացել, թե ինչ պահանջներ ունեն  նրանք թեկնածուներից: Սեպտեմբերի 1-ից մեկնարկած քարոզարշավի ընթացքում  թեկնածուն նաեւ հանդիպումներ  է ունեցել Կապանի եւ Մեղրու տարածաշրջանի գյուղերում, որտեղ բնակիչները թեկնածուին են ներկայացրել իրենց գյուղերին բնորոշ հիմնախնդիրները՝ ջրի, անբարեկարգ ճանապարհների, Մեղրու Տաշտուն գյուղում բացվելիք հանքի ու սպառնացող բնապահպանական աղետի մասին: Կային գյուղեր, որտեղ խիստ մտահոգիչ է եղել ազատամարտիկների ընտանիքների սոցիալական պայմանները: Այդպիսի պատկերի նրանք ականատես եղան Մեղրու Ալվանք գյուղում, որտեղ զոհված ազատամարտիկ Արայիկ Բունիաթյանի ընտանիքն աննախանձելի պայմաններում էր ապրում, իսկ Կապանի Ուժանիս գյուղում ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Վարդան Աղասյանը չէր կարողանում իր ընտանիքի նվազագույն ծախսերը հոգալ, իրեն լքված ու մոռացված էր զգում իշխանությունների կողմից: Աննա Հակոբյանը տեղեկացրեց, որ զոհված ազատամարտիկի ընտանիքին կառավարությունն ու պաշտպանության նախարարը խոստացել էին օգնել, բայց մինչեւ օրս նրանց խնդիրներին այդպես էլ լուծում չեն տվել:

«Սեպտեմբերի 1-11 ընկած ժամանակահատվածում եղանք թիվ 38 ընտրատարածքի  31 համայնքներում, որոշ համայնքներում հանդիպեցինք նաեւ համայնքի ղեկավարների հետ: Բնակիչները նշում են, որ մինչեւ այժմ, ովքեր այս ընտրատարածքից ընտրվել են, ԱԺ-ում որեւէ լուրջ խնդիր չեն բարձրացրել տարածաշրջաններից: Մենք ունենք հետեւյալ տեսլականը, որ ԱԺ ընտրություններից հետո կունենանք թիվ 38 ընտրատարածքից այնպիսի պատգամավոր, ով կլինի մատչելի հասարակ մարդու համար, որին հնարավոր կլինի մոտենալ, պահանջել եւ ստանալ հարցերի պատասխանները», – նշեց Դավիթ Հակոբյանը, ով տեղեկացրեց, որ մինչեւ օրս հանդիպումներն անցել են նորմալ, լուրջ խոչընդոտների ու բարդությունների չեն հանդիպել, չնայած որոշ լարվածություններ առաջացնողներ եղել են այդ ընթացքում, ովքեր տեղում փորձել են իրենց «լավ»  դրսեւորել:  Կուսակցության ներկայացուցիչ, ընտրական հարցերով զբաղվող Աննա Հակոբյանը փաստեց, որ լարվածություն նկատվում էր հատկապես գյուղապետերի կողմից:

«Մեղրու տարածաշրջանում եւ գյուղական համայնքներում զգացվում էր գյուղապետերի լարվածությունը, որ ո՞նց կլինի  «Ժառանգության» թեկնածուն այստեղ է, նույնիսկ մարդիկ կային, որ ասում էինք ինչո՞ւ չեք ձեր ժողովրդի կանչում, ասում էին ձեր ինչի՞ն է պետք, մենք հազիվ ձեր անվտանգությունը կապահովենք, թե մենք ինչի՞ց պետք է վախենանք՝ դա չգիտենք, կամ մենք ինչո՞ւ պետք է վախենանք մեր երկրում…: Մեր առաջադրած թեկնածու Սամվել Հայրապետյանը, ով հասարակ մարդ է, չունի ինչ-որ հարստություններ, դիրքեր, պաշտոններ, կստանա ժողովրդի քվեն, վստահությունը եւ ԱԺ-ում կներկայացնի մարդկանց պրոբլեմները: Մենք տեսնում ենք, որ մարդիկ մեծ հույսեր են կապում նրա հետ, ասում են,  ինչ լավ է, որ մեր մեջից մի մարդկ կհասնի էնտեղ, դա շատ կարեւոր հանգամանք է, երբ մարդիկ սկսում են վստահել քեզ: Իսկ մեր նպատակը ժողովրդին ծառայելն է, ոչ թե հարստանալը կամ անձնական շահերը հոգալը», – հավելեց Աննա Հակոբյանը, ով, ընդհանուր առմամբ հաջող է գնահատում մինչեւ օրս անցկացրած քարոզարշավի ընթացքը: Առաջիկայում քարոզարշավին կմիանա նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով թեկնածուի հետ կրկին կանցնի գյուղերով ու քաղաքների թաղամասերով:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30