«Ազգ, համախմբվի՛ր: Մի թույլ տվեք, որ ազատամարտիկը հիասթափվի էս երկրից ու ժողովրդից»,- այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների հերթական հանրահավաքին կոչ արեց Արաբո ջոկատից Հակոբ Հակոբյանը:
Նրա խոսքերով, ոչինչ չի փոխվել նախորդ տասնամյակներից ի վեր.
«Մի պահ հարյուր տարի ետ գնանք, նույն իրավիճակն է: Ի՞նչ ենք ուզում մենք իշխանություններից, ի՞նչ ենք ուզում այն մարդկանցից, որոնք միայն թալանով են զբաղվում: Ես զարմանում եմ ժողովրդի վրա, որ լուռ նստել է: Այսօր ազգովի փորձում ենք կողմնորոշվել, թե ում քամակը պետք է համբուրենք, ի՞նչ ենք ուզում մենք աշխարհից: Լավ դուք չեք հասկանո՞ւմ, որ աշխարհը պարզապես թքած ունի մեզ վրա, ես չեմ տեսնում, որ այս ժողովուրդը հասկանում է, եթե հասկանան, ոտքի կկանգնեն»:
Ըստ պարոն Հակոբյանի ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մի ելք է մնացել. «Կա միայն մի ելք, մոռանալ բոլոր տեսակի կուսակցություններն ու կազմակերպությունները, ազգովի համախմբվել, ստեղծել ազգային մտածելակերպ, որն այսօր աշխարհն է մեզ թելադրում»:
Կարդացեք նաև
Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն էլ շարունակեց. «Եթե ինքներս չմոբիլիզացվենք , եթե չկարողանանք ժողովրդին համախմբել եւ եթե մոբիլիզացված ժողովրդով չկարողանանք նոր վիճակի բերել երկրի կառավարման ողջ համակարգը, քաղաքական ուժերին, ապա պարտված ենք: Հայաստանը պարտված է»:
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն էլ, անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի որդուն ու թիկնապահին քրեական պատասխանատվությունից ազատելուն, հեգնեց. «Սերժիկ Սարգսյանն ազատ արձակեց մարդասպաններին»: Հետո ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին հիշեց ու կարծիք հայտնեց, որ՝ «Միայն անբարոյականները կարող են նման պահվածք դրսևորել, ինչը դրսևորվել է Տիգրան Առաքելյանի նկատմամբ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ