Այսօր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը քնննարկում էր կազմակերպել՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին:
Հարցին՝ անվտանգության խնդիր կա՞ր, թե՞ դա բլեֆ էր եւ ակնկալու՞մ եք փոփոխություններ՝ Ադրբեջանի խնդրում, թե՞ ակնկալում եք, որ Ադրբեջանը նույնպես կլինի Մաքսային միությունում՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց. «Ինչ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը ասեր չէ՝ դա հնարավոր չէ: Ոչ մի Սարգսյան, Սարգիս Սերժյան, Լեւոն Տեր-Պետրոսյան այդ հարցը չէր կարող լուծել: Հայաստանին չեն հարցրել: ՌԴ-ն թքած ուներ Հայաստանի ներքին կառուցվածքի վրա, այստեղի ժողովրդավարության չափի վրա: Իսկ Ադրբեջանը նավթ ունի եւ նրան պետք չէ այդ միություն մտնելը: Թե ինչու է ՌԴ-ն զենք վաճառել Ադրբեջանին, որովհետեւ իրենց Ադրբեջանը պետք է եւ չեն ուզում կորցնել»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, գնահատելով Մաքսային միություն մտնելու որոշումը՝ ասաց, որ դա ավելի շատ անորոշություն է առաջացրել. «Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունը, բնականաբար, միանշանակ չի ընդունվել Հայաստանում: Ում անունից է նա որոշում կայացրել եւ արտահայտել: ՍԴ մեխանիզմների նենգափոխմամբ իշխանության հասած անձը չի կարող կայացնել սահմանադրորեն սահմանված լիազորություններ: Բայց եթե այսօր Սերժ Սարգսյանը լիներ լեգիտիմ նախագահ, կարո՞ղ՝ ՀՀ-ի կարգավիճակը փոխելու հեռանկար ունեցող որոշում կայացներ: Պատասխանն է՝ ոչ, որովհետեւ Հայաստանը հիմնադրվել եւ կայացվել համայն հայ ժողովրդի անունից: Այսօր ՀՀ ընտրություններին մասնակցում է հայ ժողովրդի չափազանց փոքր մասը եւ նմանօրինակ որոշում կայացնելու լիազորությունը պատկանում է համայն հայ ժողովրդին»:
Ինչ վերաբերում է միությանն անդամակցելու օգուտներին՝ նա առաջարկեց Լուկաշենկոյի ելույթը համացանցում գտնել, որտեղ նա արձանագրում է, որ Մաքսային միությունը չի աշխատում, որ Բելառուսն ունի նույն խնդիրները, ինչ Մաքսային միությանը միանալուց առաջ. «Քաղաքական իմաստով շատ բան պարզ չէ, թե ինչպիսի ազդեցություն կունենա Մաքսային միությանն անդամակցելը մեր ներքաղաքական կյանքի վրա»:
Կարդացեք նաև
Ըստ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ՀՀ խորհրդարանը վավերացրել է ԱՊՀ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, որը ներառում է ԱՊՀ մի շարք երկրներ եւ նախատեսում է անմաքս առեւտրի մեծ ծավալ: Բացի այդ, Մաքսային միության երկրները սահմանադրական այնպիսի փոփոխություններ են կատարել, որոնք վերաբերել են նախագահի գործունեությանը եւ ընդգծեց, որ երբ Սերժ Սարգսյանն էլ Մոսկվայից եկավ, ստորագրեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու հրամանագիրը: ՀԱԿ պատգամավորը վստահեցրեց, որ այդ որոշումը հետապնդում է ներքաղաքական ինչ-որ նպատակներ եւ մտահոգություն հայտնեց, որ այդ որոշումը բարդացնում է արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրները, օրինակ՝ ինչպիսի՞ հարաբերություններ ենք մենք այսուհետեւ ունենալու մեր հարեւան Վրաստանի, Իրանի հետ, կամ Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի հետ. «Ինչպես է ազդելու միությանն անդամակցելը արտաքին կարեւոր գործընկերների հետ հարաբերությունների վրա: Սրանք առնչվում են Հայաստանի ինքնիշխանությանը, որովհետեւ ՀՀ ինքնիշխանության կարեւոր բանաձեւերից մեկը դիվերսիֆիկացված կայուն հարաբերություններն են: Մեզ համար անընդունելի է արտաքին քաղաքական որեւէ դրսեւորում՝ ի հաշիվ ՀՀ ինքնիշխանության, որը մեզ համար անսակարկելի արժեք է, եւ դա արձանագրված է ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածում»:
Նա նաեւ ասաց, որ ձեւավորման գործընթացում գտնվող քաղաքացիական պայմանագրի հիմնարար փաստաթղթի 5զ կետում այսպիսի ձեւակերպում կա՝ «Քանի դեռ չի կարգավորվել ԼՂՀ հարցը, Հայաստանը չպետք է դիտարկի ոչ եվրոպական, ոչ Եվրասիական միությանն անդամակցության հարցը: Սա մեզ համար սկզբունքային հարց է, եւ մենք կտրականապես դեմ ենք այդ միություններին Հայաստանի անդամակցությանը: Սրա առանցքային պատճառներից մեկն այն է, որ պետությունների միավորում` պետության կազմում, նշանակում է ունենալ միավորված սահման այդ միավորված մյուս պետությունների հետ եւ եթե Հայաստանը ստանա նման կարգավիճակ, Ղարաբաղը կարող է հայտնվել Հայաստանի փակ սահմաններից անդին: Պատկերացրեք այսօր Հայաստանին Եվրամիության անդամ: ԵՄ-ում գործող կանոնների համաձայն, այդ պարագայում Ստեփանակերտից Երեւան կարելի կլինի այցելել միայն համապատասխան վիզա ստանալով, էլ չեմ ասում, որ ԵՄ անդամակցության դեպքում Հայաստանը ստիպված կլինի վիզային փոխհարաբերություններ չհաստատել չճանաչված պետության հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ