Ինչպես ավելորդ քաշը, այնպես էլ քաշի պակասը, կարող է վտանգավոր լինել առողջության համար. «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում այս կարծիքը հայտնեց էնդոկլինոլոգ Գայանե Սուրենովնան. «Հնարավոր է՝ քաշի պակասը կամ ավելորդ քաշը, ճարպակալումը որոշ հիվանդությունների առաջացման պատճառ դառնան, ինչպես՝ շաքարային դիաբետի, զարկերակային հիպերտենզիայի, սրտի հետ կապված հիվանդության և այլն: Քաշի պակասը կարող է հանգեցնել շատ ուժեղ հյուծման, հիպոպրոտենամիկ այտուցման»: 20-ամյա Աստղիկը, ով ունի 169 սմ հասակ և կշռում է 43կգ, թեև որևէ հիվանդությամբ չի տառապում, սակայն նյարդայնանում է, որ իրեն ճանաչողներն ասում են. «Այնքան նիհար ես, որ եթե քամի լինի, քեզ կքշի, կտանի». «Չեմ սիրում, երբ հեգնաբար հարցնում են՝ քեզ տանը հաց չեն տալի՞ս: Իրականում ինքս էլ շատ եմ ուզում չաղանալ, որովհետև միշտ չէ, որ կարողանում եմ մարմնիս համապատասխան զգեստներ գնել: Փորձում եմ շատ ուտել, բայց չգիտեմ՝ որքանով է ստացվում»,-ասում է նա: «Նիհար մարդկանց ավելի հեշտ է դիմադրել որևէ բան ուտելու ցանկությանը, քան ճարպակալում ունեցողներին: Նման եզրակացության է եկել Ռեբորտ Շերվին Յելի համալսարանի իր գործընկերների հետ: «Ես կարծում եմ, որ մարդիկ չեն կարողանում վերահսկել իրենց սննդակարգն առաջին հերթին կենսաբանական պատճառներով», – ասում է նա: Համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ գիտնականները ստուգել են գլխուղեղի այն հատվածները, որոնք ակտիվանում էին, երբ մարդուն ցուցադրում էին բարձր կալորիականություն ունեցող սնունդ, առողջ սնունդ կամ այլ պատկերներ: Ընդհանուր առմամաբ, փորձարկմանը մասնակցեց 14 առողջ կամավոր: Նրանցից 9 նիհար էին, իսկ 5-ն ունեին ճարպակալում: Փորձարկումը կատարվում էր սնունդ ընդունելուց 2 ժամ անց: Ընդ որում`գիտնականները չափում էին արյան մեջ շաքարի պարունակությունն այն պահին, երբ դրանք նորմալ էին կամ նվազած»: Գրում է www.doctors.am-ը:
Մարդու քաշը պայմանավորում են մի շարք գործոններ՝ տարիքը, առողջական վիճակը և այլն: Նորմալ քաշի որոշման համար բժշկուհի Գայանեն առաջարկում է այսպիսի բանաձև. «Քաշը պետք է բաժանել հասակի քառակուսուն, ընդ որում՝ պետք է հաշվել մետրերով, կիմանաք, թե որքան պետք է լինի Ձեր կշիռը: Նորմայում պատասխանը պետք է լինի 18-25»: Ըստ նրա՝ բանաձևը տարածվում է բոլորի վրա՝ անկախ սեռային պատկանելիությունից: Ստացվում է՝ 165 սմ հասակ ունեցող անձը պետք է կշռի 50 կիլոգրամից ոչ պակաս (50 /1.652 = 18.36 ): Գայանե Սուրենովնայի խոսքով՝ տարիքի հետ զուգահեռ մարդը պետք է փոխի իր սննդակարգը: «Տարեցտարի էներգետիկ ծախսը պակասում է, հետևաբար կալորիականությունը ևս պետք է նվազի»: Այն մարդկանց, ովքեր տարբեր դիետաների միջոցով փորձում են նիհարել, էնդոկլինոլոգը առողջական խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տալիս նախևառաջ դիմել բժշկի ցուցումներին: Իսկ ինչ վերաբերում է չաղանալ ցանկացողներին, նշում է. «Առաջին հերթին պիտի պատճառը գտնեն: Իսկ եթե ամեն ինչ նորմալ է, չպետք է նեղվեն, պիտի հանգիստ ապրեն: Ցանկության դեպքում ՝ պիտի կալորիականությունը շատացնեն»:
Նազենի Բաղդասարյան