ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել շվեդ հայտնի դիվանագետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հազարավոր հրեաների կյանքեր փրկած Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ Նախագահ և այդ հիմնադրամի պատվավոր անդամ Սերժ Սարգսյանին «Ռաուլ Վալենբերգի 100-ամյակի մեդալով» պարգևատրման արարողությունը:
Միջոցառմանը հիմնադրամի կողմից հետմահու հարգանքի տուրք է մատուցվել նաև բժիշկ Հարություն Ռուբենի Խաչատրյանին՝ Հոլոքոստի ժամանակ ցուցաբերած փրկարարական գործողությունների համար. Նրան նույնպես շնորհվել է «Ռաուլ Վալենբերգի 100-ամյակի մեդալ», որը հանձնվել է Հարություն Խաչատրյանի թոռնուհուն՝ Աննա Խաչատրյանին:
Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի հիմնադիր Բարուխ Թենեմբաումը և հիմնադրամի փոխնախագահ Դանիել Ռայներն իրենց ելույթներում ներկայացրել են հիմնադրամի ստեղծման պատմությունը, առաքելությունն ու գործունեությունը՝ ընդգծելով, որ միջազգային այդ հիմնադրամի նպատակն է կրթական ծրագրերի մշակման և իրազեկության բարձրացման միջոցառումների շնորհիվ սերմանել քաղաքացիական խիզախության և համերաշխության արժեքները` Հոլոքոսթի տարիներին մարդկային կյանքեր փրկած անհատների օրինակով: Հիմնադրամն զբաղվում է պատմական գիտահետազոտական աշխատանքներով, որի մի մասն է կազմում նաև Վալենբերգի ջանքերով փրկվածների և նմանօրինակ խիզախություն դրսևորած այլ անձանց մասին տեղեկատվության հավաքագրումն ու հրապարակումը: Հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հոլոքոսթի տարիներին մարդկային կյանքեր փրկած բազմաթիվ հայերին, որոնց բոլորին հարգանքի տուրք կմատուցվի, մանրամասն կուսումնասիրվի և կհրապարակվի նրանց հերոսական կյանքի պատմությունը:
Իր ելույթում Նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի առաքելությունը, շնորհակալություն հայտնել պարգևի համար և խոսել մարդկության դեմ ուղղված ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու, դատապարտելու ու դրանք սնուցող երևույթների դեմ պայքարելու նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու Հայաստանի քաղաքականության մասին:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Վալենբերգի 100-ամյակի մեդալով» պարգևատրման արարողության ժամանակ
Հարգարժա՛ն պարոնայք Թենեմբաում և Էռնեկյան,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
«Վալենբերգի 100-ամյակի մեդալն» ինձ համար ոչ միայն պատվաբեր, այլև առանձնահատուկ խորհուրդ ունեցող է: Այն բովանդակում է մարդասիրության և ոգու արիության այն վեհ արժեքները, որոնց դավանում է հայ ժողովուրդը: Դրանցով են առաջնորդվել այն հայորդիները, ովքեր չեն համակերպվել և չեն հանդուրժել մարդկության պատմության ծանրագույն ոճիրները, սեփական կյանքն են վտանգել՝ հանուն բազմաթիվ մարդկային կյանքերի փրկության:
Դոկտոր Հարություն Ռուբենի Խաչատրյանի պատմությունը ցեղասպանության արհավիրքից մարդկային կյանքերի փրկության հերոսական արարքների մասին վկայող, շատ լավ, բայց բազմաթիվ օրինակներից մեկն է: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի զավակ՝ առանձնահատուկ զգացումներ եմ ունենում յուրաքանչյուր նման պատմություն լսելիս:
Մեծապես արժևորում եմ այսօրինակ հերոսական պատմությունների վրա լույս սփռելու՝ Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի առաքելությունը: Ռաուլ Վալենբերգի և նրա նման մարդասերների մասին պատմությունների տարածումը և դրանցով սերունդներ կրթելու առաքելությունն առանցքային նշանակություն ունեն ոչ միայն մարդասիրություն և մարդկային ոգու արիություն սերմանելու, ցեղասպանությունների զոհերի հիշատակը վառ պահելու տեսանկյունից, այլև էապես նպաստում են անցյալը անաչառ գնահատելու և, այդպիսով, մարդկության դեմ գործած այդ զարհուրելի հանցագործությունը դատապարտելու և կանխարգելելու ջանքերին:
Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի հիմնադիր պարոն Բարուխ Թենեմբաումին, հիմնադրամի նախագահ, մեր հայրենակից պարոն Էդուարդո Էռնեկյանին և, իհարկե, հիմնադրամի ողջ անձնակազմին` իրենց մեծ նվիրումի համար: Շատ շնորհակալ եմ:
Հարգելի՛ ներկաներ,
Մեր ճակատագիրը պատգամել է մեզ դառնալ ցեղասպանության դեմ պայքարի առաջամարտիկ: Հիրավի, այդ արհավիրքը վերապրած ժողովուրդները յուրահատուկ առաքելություն ունեն նման ողբերգությունների կրկնությունը բացառելու գործում: Մարդկության դեմ ոճիրների կանխարգելման լավագույն բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի լուսաբանումն ու համամարդկային արժեքների լույսի ներքո անցյալի գնահատումն է: Հավասարապես կարևոր եմ համարում նմանօրինակ ոճիրներ ծնող նախադրյալների դեմ պայքարը:
Հայաստանի Հանրապետությունն անում է ամեն հնարավորը ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու և դրանք սնուցող երևույթների դեմ պայքարելու նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու համար: Տարիներ շարունակ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում հանդես է եկել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևեր ընդունելու նախաձեռնություններով: Նաև մեր ջանքերով՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից տարբեր տարիների ընդունվել են ցեղասպանության կանխարգելման մասին մի քանի բանաձևեր: Դրանք նպատակ ունեն միջազգային հանրության մշտական ուշադրության կենտրոնում պահել «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» կոնվենցիան և հիշեցնել մարդկության դեմ ոճիրների վերացմանն ուղղված պետությունների հանձնառությունների մասին:
Պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանն իր նախագահության գերակայություն է սահմանել պայքարը անհանդուրժողականության, խտրականություն և ատելություն սերմանող քարոզչության դեմ: Մենք ամոթալի ենք համարում, որ մերօրյա աշխարհում նման երևույթները շարունակում են ոչ միայն գոյատևել, այլև խրախուսվել կոնկրետ ուժերի կողմից՝ այդ թվում պետական մակարդակով: Մենք պետք է վճռական լինենք աշխարհի ցանկացած անկյունում նման դրսևորումներն արմատախիլ անելու հարցում:
Ավարտելով խոսքս՝ կրկին երախտագիտության խոսք եմ հղում Ռաուլ Վալենբերգ հիմնադրամին՝ հիշողության պահպանմանն ուղղված գործունեության համար: Եթե մենք այսօր չհիշենք Մեծ եղեռնը, Հոլոքոսթը, չհիշատակենք այդ սոսկալի ոճիրների զոհերին, եթե չհիշենք և արժանին չմատուցենք բոլոր նրանց, ովքեր ցեղասպանության ճիրաններից մարդկային կյանքեր են փրկել, ապա մեղսակից կլինենք այդօրինակ սոսկալի հանցագործությունների կրկնությանը: Այս առումով շատ դիպուկ է արտահայտվել հրեական ծագումով ամերիկացի մեծ մտածող Էլի Վիզելը. «Առանց հիշողության չկա մշակույթ: Առանց հիշողության չի կարող լինել քաղաքակրթություն, հասարակություն և ապագա»:
Մենք՝ հայերս, ունենք այն խորը համոզմունքը, որ Հոլոքոսթից հնարավոր կլիներ խուսափել, եթե լիներ հայերի դեմ իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության հիշողությունը, եթե այն արժանանար համընդհանուր դատապարտման, իսկ մեղավորները կրեին իրենց արժանի պատիժը: Այս առումով, շնորհակալություն եմ հայտնում Վալենբերգի հիմնադրամին Հոլոքոսթի կողքին Հայոց Ցեղասպանության ժամանակ մարդկային կյանքեր փրկած անհատների և կազմակերպությունների մասին տեղեկատվություն հավաքագրելու փորձերի համար: Այս գործի հաջողությունը հատկապես արժեքավոր է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:
Շնորհակալություն:
***
Լրացուցիչ տեղեկություններ
Ռաուլ Վալենբերգի և նրա անվան միջազգային հիմնադրամի մասին
Ռաուլ Վալենբերգը շվեդ դիվանագետ էր, որը 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ փրկել է հազարավոր հրեաների: Համարվում է անհայտ կորած 1945-ից: 1944-ին, հրեա գերիներին փրկելու նպատակով, Շվեդիայում ԱՄՆ ռազմագերիների խորհրդի պաշտոնական ներկայացուցչի աջակցությամբ գործուղվում է Բուդապեշտ` որպես շվեդ դիվանագետ: Վալենբերգի ջանքերով տասնյակ հազարավոր հրեաների տրամադրվում են շվեդական անձնագրեր և դրանով ստանում դիվանագիտական անձեռնմխելիություն:
Երբ հունվար ամսին խորհրդային զորքերը մտնում են Բուդապեշտ, նրանք ձերբակալում են Վալենբերգին ԱՄՆ օգտին լրտեսության կասկածանքով, այնուհետև մարտ ամսին հայտարարում են նրա մահվան մասին: 1957թ. խորհրդային իշխանությունները փաստաթուղթ են հրապարակում, որի համաձայն Վալենբերգը մահացել է 1947թ. հուլիսի 17-ին Լյուբյանկայի բանտախցում սրտի կաթվածից: Սակայն, մինչ օրս Վալենբերգի մահվան հանգամանքների և ամսաթվերի տարբեր վարկածներ են շրջանառվում:
2012թ. Վալենբերգի հարյուրամյակի կապակցությամբ ԱՄՆ կոնգրեսը Վալենբերգին հետմահու շնորհել է Կոնգրեսի ոսկե մեդալ` ի ճանաչումն Հոլոքոսթի ժամանակ նրա հերոսական արարքների:
Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի նպատակն է կրթական ծրագրերի մշակման և իրազեկության բարձրացման միջոցառումների շնորհիվ սերմանել քաղաքացիական խիզախության և համերաշխության արժեքները` Հոլոքոսթի տարիներին մարդկային կյանքեր փրկած անհատների օրինակով: Հիմնադրամը զբաղվում է պատմական գիտահետազոտական աշխատանքներով, որի մի մասն է կազմում նաև Վալենբերգի ջանքերով փրկվածների, և նմանօրինակ խիզախություն դրսևորած այլ անձանց մասին տեղեկատվության հավաքագրումը և հրապարակումը:
Հիմնադրամը գրասենյակներ ունի Նյու Յորքում, Երուսաղեմում, Բուենոս Այրեսում և Բեռլինում:
Հիմնադրամին անդամակցում են ավելի քան 200 հայտնի պետական, քաղաքական և հասարակական գործիչներ՝ պետությունների ղեկավարներ, արքայական ընտանիքների անդամներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, նահանգապետեր, քաղաքապետեր և այլոք: Նրանց թվում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Լիտվայի նախկին Նախագահ Վալդաս Ադամկուսը, Լիտվայի Նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, ՄԹ նախկին վարչապետ Գորդոն Բրաունը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Ֆրանսիայի նախկին վարչապետներ Դոմինիկ դը Վիլպենը և Ֆրանսուա Ֆիյոնը, Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերը, Սլովակիայի նախագահ Իվան Գասպարովիչը, Կանադայի վարչապետ Ստեֆան Հարփերը, Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը, Մարոկոյի Թագավոր Մոհամեդ 4-րդը, Իսրայելի Նախագահ Շիմոն Պերեսը, Վրաստանի նախկին Նախագահ Էդուարդ Շևարդնաձեն, Սլովենիայի նախկին Նախագահ Դանիլո Թյիրկը և այլոք:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես հանդիսանում է հիմնադրամի պատվավոր անդամ:
Հիմնադրամի որոշմամբ 2013թ. ՀՀ Նախագահին շնորհվեց «Ռաուլ Վալենբերգի հարյուրամյակի մեդալ»:
Հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահը Էդուարդո Էռնեկյանն է:
Հիմնադրամը և Էդուարդո Էռնեկյանը համատեղ որոշում են կայացրել Հոլոքոսթից բազմաթիվ մարդկանց կյանքեր փրկած հայերին հարգանքի տուրք մատուցելու նպատակով հուշարձան կանգնեցնել Բուենոս Այրեսում: Մինչ օրս հիմնադրամի ջանքերով հայտնաբերվել են 23 հայերի անուններ, որոնք 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական քաղաքականության զոհ դարձած մարդկանց՝ հրեաների, գնչուների և այլոց կյանքեր են փրկել:
ՀՀ նախագահի նստավայր