բառի դեմ կռվողի համար էս բլբլոցը շատ է
ուղեղս լվացեք
բերանս լվացեք
ձեռքերս լվացեք
էս էջն էլ կեղտոտվեց դրանցով
աչքիցս հեռու տարեք . . .
Տաթև Չախչախյան
21-ամյա գրող Տաթև Չախչախյանը , ով գրում է բանաստեղծություններ, էսսեներ, զբաղվում նկարչությամբ և վիզուալ պոեզիայով, այս անգամ հայտնվել է «Առավոտ երիտասարդականի » ուշադրության կենտրոնում: Տաթև սկսել է ստեղծագործել դեռ վաղ տարիքից, տպագրվել է «Բառ և հույս», «Խոսք և խոստում», «Թռիչք և թևեր», «Ժամանակակից հայ բանաստեղծներ» անթոլոգիաներում, հայաստանյան պարբերականներում, Գերմանիայում, Ավստրիայում, Իրանում և Լիբանանում: Տաթևի հետ որոշեցինք զրուցել իր գրական առաջին քայլերի, պոեզիայի խորքերի և իհարկե սպասվելիք հայերեն-պարսկերեն երկլեզու ժողովածուի մասին:
Ինչպե՞ս սկսեցիք Ձեր առաջին գրական քայլերը:
Գրել սկսել եմ դպրոցական տարիներից և հենց առաջին բացածս դռան ետևում հանդիպել եմ Հովհաննես Գրիգորյանին, ում ուղղորդմամբ էլ դպրոցական նոթերը կամաց-կամաց փոխակերպվեցին իրենց առջև որոշակի խնդիրներ ունեցող, լուծումներ փնտրող, գտնող կամ չգտնող տողերի . . . Սկիզբը սա էր:
Հիշու՞մ եք ՝քանի՞ տարեկանում եք գրել Ձեր առաջին լուրջ բանաստեղծությունը:
13-14 տարեկանում գրվածների հետ ոչ մի հեռավոր կապ չունեմ, փողոցում էլ տեսնեմ, չեմ ճանաչի, իրենք էլ ինձ: Լուրջ բանաստեղծություն ասելով՝ չգիտեմ՝ ի՞նչ եք հասկանում, բայց գրելու զգացողությունն ունեցա այն ժամանակ, երբ կարողացա բանաստեղծության մեջ խաղալ ոչ թե առաջին, այլ երկրորդ, երրորդ, ամենահետին պլանում: Այսինքն, երբ բանաստեղծության մեջ մտավ «ուրիշը»:
Իսկ ինչի՞ հետ էր պայմանավորված այդ «ուրիշությունը», գուցե ժամանակի հե՞տ սկսեցիք կարևորությունը փնտրել, ոչ թե առաջին, այլ վերջի՞ն պլանում:
Ուրիշի մուտքը անխուսափելի է այն տարածք, որն ընդլայնվելու միտում ունի: Երբ երեխան որոշում է ծանոթ փողոցի փոխարեն գնալ անծանոթ ճանապարհով, մեծացնել իր ճանաչողության սահմանը, անպայման հանդիպում է ուրիշներին: Գրականությունն էլ նոր տարածքների որոնում/ճանաչում/անվանում է . . .
Թե երկիրդ քարքարոտ է ու չորային,
բանաստեղծություն գրիր, որ ապրելը փափուկ լինի:
Ինչո՞ւ եք խորհուրդ տալիս բանաստեղծություն գրել, մի՞թե այն իսկապես ի զօրու է փոխել, հեշտացնել կյանքը:
Գիտեք, ընդհանրապես արվեստը նաև հաշտեցման եզր է, առանց որի փոշու մեջ կխեղդվենք: Քարուքուռով լցված օրերում /այսինքն միշտ/ մարդը մարդու հետ, աշխարհի հետ, ամենի հետ շփման համար միջնորդների, կամուրջների, միջանցքների կարիք ունի: Օրինակ՝ այնքան հեշտ կլիներ սպանել առաջին պատահած գերմանացուն, եթե իմ ու իր միջև կանգնած չլինեին Գյոթեն ու Բախը: Միջանցքներում սովորաբար ամենակարևոր մարդկանց ես հանդիպում…
Եթե ես ուզում եմ ապրել 9-րդ հարկում,
ուրեմն 2-ում անպայման պիտի լինի Բուկովսկին . . .
Իսկ այդ նույն միջացնքում ե՞րբ հանդիպեցիք Բուկովսկուն:
Չգիտեմ, պիտի որ առաջին լուրջ հարբեցողությունից հետո հանդիպած լինենք :):
Գիտե՞ք, Բուկը մեկն է, ով միշտ կողքիդ է: Սովորական դժբախտ մարդ ու լավ գրող, ավելի ճիշտ` հավանական գրող (ինչպես կարծեմ Բորխեսն էր բաժանում գրողներին՝ հավանականների ու անհավանականների):
Գիտեմ, որ աշխատում եք Ձեր առաջին՝ հայերեն-պարսկերեն երկլեզու ծողովածուի վրա, կպատմե՞ք մի փոքր դրա մասին:
Երկլեզու ժողովածու ունենալու ցանկություն առաջացավ վերջին տարում իրանական գրականության ու ընդհանրապես լեզվի հետ շփման արդյունքում: Ինձ հետաքրքրում է բոլորովին այլ լեզվամտածողությամբ ստեղծված պոեզիան՝ ինչպես կտեղավորվի պարսկերենում, որը որի ֆորման կվերցնի, ի՞նչ բախում կլինի, ով՞ կհաղթի: Իսկ թե ե՞րբ պատրաստ կլինի, կախված է որոշակի տեխնիկական հարցերից:
Իսկ ինչո՞ւ որոշեցիք պատրաստել հենց հայերեն-պարսկերեն երկլեզու ժողովածու:
Շուրջ մեկ տարի է՝ թարգմանիչ Էդիկ Պօղոսեանը և ես վարում ենք ժամանակակից իրանական գրականության բլոգը: Սա տարածք է, ուր փորձում ենք հավաքել 20-րդ դարից սկսած իրանական գրականության հայերեն թարգմանությունները, ընթերցողին ներկայացնել մինչ այս չթարգմանված հեղինակների ստեղծագործություններ, ինչպես նաև հենց այսօր Իրանում ապրող ու ստեղծագործող գրողների, ինչն էլ, իր հերթին, թույլ է տալիս գրականության միջոցով մատը պահել մերօրյա իրանական իրականության զարկերակի վրա:
Ինչպե՞ս են ծնվում Ձեր բանաստեղծությունները:
Բանաստեղծության պարագայում օբյեկտն է կանչում ու ասում` գրի իմ մասին: Լրագրողի պես օբյեկտի հետևից վազելով դժվար թե ստացվի: Հետո ինքը պիտի նայի ու ասի` ստացվեց, թե չէ… Իսկ բանաստեղծության վերջակետից հետո ես հյուրի զգացողություն եմ ունենում, ով կամ հարմարավետություն է զգում, կամ ուզում է փախչել այդ տարածքից:
(ապրելու համար չորս բառը հերիք է
մեկով էլ յոլա կգնամ, իսկ սոված օրերին լռություն շատ կա) . . .
Արդյո՞ք բանաստեղծությունը ձեզ համար բառերի նշանակություն է: Ո՞ր չորս բառերի մասին էր խոսքը:
Բանաստեղծությունը տարածք է, ուր բառը ինքնաիրացվում է: Իսկ չորս բառը… հմմմ… դե… Չորսն էլ դուք ընտրեք 🙂 :
Օվսաննա Սիմոնյան